Մեկնաբանություն

10.03.2014 16:23


Իլարիոնովի և Խոդորկովսկու շանտղությունն ընդդեմ Ռուսաստանի (տեսանյութ)

Իլարիոնովի և Խոդորկովսկու շանտղությունն ընդդեմ Ռուսաստանի (տեսանյութ)

Ռուսաստանն Ուկրաինայի հետ փաստացի պատերազմական վիճակում է գտնվում։ Ամեն մեկն իր շահն է հետապնդում։ Ասել թե կողմերից որևէ մեկն արդար է, պարզապես մանկամտություն է։ Յուրաքանչյուր կողմ իր ճիշտն ունի և իրավունքը կլինի ուժեղի կողմը։ Դա միջազգային հարաբերությունների չգրված օրենքն է։

Երևանում նստած կարելի է համակրել ռուսներին կամ ուկրաինացիներին։ Կարելի է այդ կոնֆլիկտի անունը դնել «ազգային ազատագրական»։ Ընդ որում՝ երկու կողմն էլ այդպիսին են ներկայացնում իրենց մոտեցումները։

Մեկ բան, սակայն, ակնհայտ է. Ուկրաինայում իրենց ուժերն, իրականում, չափում են Արևմուտքն ու Ռուսաստանը։ Ուկրաինան, իր «արևմտամետ» քաղաքականության արդյունքում, ընդամենը մանրադրամի ֆունկցիա է կատարում։

Արևմուտքն ուզում է տարածվել դեպի արևելք և ՆԱՏՕ–ի ուժերը տեղակայել Կրեմլի քթի տակ, իսկ Ռուսաստանը, բնականաբար, այդ ամենը չի ուզում թույլ տալ, քանզի ՆԱՏՕ–ի ընդլայնումն ուղղակիորեն սպառնալիք է իր անվտանգությանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ շանտղություն (եթե չասենք դավաճանություն) է ՌԴ նախագահի նախկին խորհրդական Իլարիոնովի և վերջերս ազատության մեջ հայտնված Խոդորկովսկու պահվածքը (տե՛ս կից տեսանյութերը)։

Անկախ համակրանք–հակակրանքից՝ պարզապես նողկալի է հետևելը, թե ինչպես են սույն պարոնները պայքարում այն երկրի դեմ, որի ֆորմալ քաղաքացիներ են հանդիսանում։

Իլարիոնովի ու Խոդորկովսկու վարքագիծը նույնքան նողկալի է, որքան Յանուկովիչինը, ով հայտարարում է, թե ինքը շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահ ու միևնույն ժամանակ դիմում է Պուտինին, որպեսզի վերջինս զորք մտցնի Ուկրաինա։

Ինչ վերաբերում է իրենց արևմտամետ և լիբերալ արժեքների ջատագով ներկայացնող Իլարիոնովին ու Խոդորկովսկուն, ապա պարզ է, թե ինչու առաջինին դուրս շպրտեցին ՌԴ պետական կառավարման համակարգից, իսկ երկրորդին ուղղարկեցին ազատազրկման վայր։ Լիբերալիզմին ու վեստերնիզացիային կողմ արտահայտվելը ոչ մի կապ չեն կարող ունենալ դավաճանության կամ շանտղության հետ։

Իլարիոնովը, հարցազրույց տալով ուկրաինական լրատվամիջոցներից մեկին, կոնկրետ առաջարկներ ու պլան է ներկայացնում, թե ինչպես պետք է պատերազմել Ռուսաստանի դեմ, իսկ Խոդորկովսկին, ելույթ ունենալով «Մայդանում», հայհոյում է ՌԴ քաղաքականությունն ու իր զորակցությունը հայտնում ՌԴ–ի դեմ Արևմուտքի ձեռքի գործիքի դերին համաձայնածներին։ Դա նույնն է, թե հայաստանցին հարցազրույց տար ադրբեջանական լրատվամիջոցներին ու խորհուրդներ տար, թե ինչպես կարող է Բաքուն հաջողության հասնել Երևանի դեմ պատերազմում կամ էլ ելույթ ունենար Բաքվի հրապարակներից մեկում ու նշեր, թե Հայաստանն իրեն սխալ է պահել Ղարաբաղյան պատերազմում ու հանդես գար Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնելու կոչով։

Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանին կամ Ուկրաինային «բալետ» անելը չէ։ Երևույթն է զզվելի։

Ցավալին այն է, որ մենք էլ մեր իլարիոնովներն ու խոդորկովսկիներն ունենք, ովքեր 5–րդ շարասյան ֆունկցիա են կատարում։

Այսպես, իրեն Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգորդ ներկայացնող Արամ Սարգսյանը հայտարարում է, թե Արևմուտքի հետ ինտեգրվելու համար պետք է վճարել Ղարաբաղով, իսկ, օրինակ, Ղարաբաղյան շարժման կարկառուն ներկայացուցիչներից հանդիսացող Իգոր Մուրադյանը, սոցիալ–կենցաղային խնդիրներից և այս կյանքում իր տեղը չգտնելու հանգամանքներից ելնելով, ձայնակցում է թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ու հիմնավորում, որ Ղրիմում տեղի ունեցածից հետո Թուրքիան կարող է հանգիստ օգտվել այդ նախադեպից ու իր զորքերը մտցնել Ղարաբաղ՝ ադրբեջանցի իր եղբայրներին օգնելու նպատակով ճիշտ այնպես, ինչպես ռուսներն են հիմա օգնում Ղրիմի ռուսներին։

Հայաստանյան մյուս «արևմտամետները» (իմա՝ թուրքամետները) նույնպես հետ չեն մնում վերը նշված անձանցից։ Ի՞նչ պակաս «Իլարիոնով» կամ «Խոդորկովսկի» է Դավիթ Շահնազարյանը կամ Գեորգի Վանյանը։

Հարկ է նկատել, որ «արևմտամետները» մեզանում սկսեցին իրենց լկտի պահել հատկապես Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռին հայտնվելուց հետո։ Դե իսկ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը պարզապես ջրի երես հանեց բոլորին։

Ադրբեջանի հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար «ֆուտբոլային» այս մթնոլորտի պահպանումը պարզապես մեծագույն վտանգ է Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը վերածվել է անվտանգության ապահովման խնդրի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը