Կարծիք

10.03.2014 14:57


Մերի Մովսիսյան. «Քաղաքականացնե՞լ, թե շարունակել ամորֆ մնալ»

Մերի Մովսիսյան. «Քաղաքականացնե՞լ, թե շարունակել ամորֆ մնալ»

Որքան մոտենում է մարտի 28–ը, այնքան ավելի է ակտիվանում «գեբելսյան» քարոզչամեքենան։ Մասնավորապես, ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարը պետք չէ քաղաքականացնել։ Ասել է թե՝ իշխանությունը քաղաքականացնում եք, որ ի՞նչ անեք։ Քաղաքականացնել երկրի առջև ծառացած որևէ խնդիր նշանակում է ազդեցության լծակներ ստեղծել իշխանության վրա։ Այդ իսկ պատճառով իշխանությունն ամեն ինչ անում է հարցը չքաղաքականացնելու նպատակով։ Իշխանությունը նաև հասկանում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռևս ամբողջովին ձևավորված չէ ու կարողանում է վերջինիս մանիպուլացնել՝ փոքր–ինչ քաշքշելով ձևավորվող քաղաքացիական հասարակության «թուշիկները»։ Օգտվելով ՀՀ հասարակության ցածր քաղաքական գիտակցությունից՝ իշխանությունը դեռ կարողանում է համոզել չքաղաքականացնել խնդիրը։ Քաղաքացիական հասարակությունն էլ իր հերթին չի հասկանում, որ կան իշխանության վրա ազդելու համապատասխան մեխանիզմներ, որոնք գործում են բոլոր այն երկրներում, որոնք անցել են ժողովրդավարական համախմբման գործընթացը։ Այդ մեխանիզմն մի եռամիասնություն է՝ քաղաքացիական հասարակություն (շահային խմբեր, ճնշման խմբեր, քաղաքացիական նախաձեռնույթուններ)–կուսակցություններ–պետություն։ Քաղաքացիական հասարակությունը, հանդես գալով իր նախաձեռնություններով, պատվիրում է քաղաքական ուժերին բարձրաձայնել իրեն հուզող համապատասխան խնդիրներն ավելի բարձր ամբիոններից (հիմնական ամբիոն, որպես այդպիսին, հանդես է գալիս տվյալ երկրի խորհրդարանը)։ Հայաստանի պես երկրներում, որոնք գտնվում են անցում–համախմբում տիրույթում, այդ կապի անհրաժեշտությունն ավելի քան առաջնային է։ Զուտ գոնե նրա համար, որ քաղաքացիական հասարակությունը դեռևս գտնվում է կայացման փուլում։ Եվ հետո, համախմբումը ենթադրում է ոչ միայն հասարակության լայն զանգվածների համախմբում, այլ համախմբում քաղաքական դերակատարների ու նրաց հետ մեկտեղ։ Սա՝ ինչ վերաբերում է իշխանության ու նրա որոշումների վրա ազդելու մեխանիզմին։ Հաջորդ խնդիրը հետևյալն է։ Քաղաքական համակարգերի ուսումնասիրությունները քաղաքագիտության մեջ հանգեցրել են այն եզրակացության, որ քաղաքականության հանդեպ վերաբերմունքով է նաև պայմանավորված իշխանության գործելաոճը։ Այսպես, քաղաքականացնելուց խուսափում է տոտալիտար և ավտորիտար իշխանությունը։ Տոտալիտար իշխանությանը բնորոշ է հետևայալ միտքը՝ թույլատրելի է միայն այն, ինչ հրամայված է. մնացածն արգելված է։ Ավտորիտար իշխանությանը բնորոշում է՝ թույլատրելի է ամեն ինչ, բացի քաղաքականությունից։ Եվ միայն ժողովրդավարական, բաց համակարգերն են, որ չեն խորշում քաղաքականությունից, չեն խորշում քաղաքականացնել երկրի առջև ծառացած խնդիրները։ Մեր դեպքում գործում է ավտորիտար, բռնապետության ձգտող մոդելը (հաշվի առնելով վերահսկվող մամուլը, մարդու իրավունքների ոտնահարումը, մասնավոր սեփականության հանդեպ որդեգրված քաղաքականությունը և այլն)։ Երկուսն էլ խուսափում են հասարակության կողմից խնդիրների քաղաքականացումից։ Այն է՝ զրկում են հասարակությանը ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների ընդունման ու նրանց վրա ազդելու հնարավորությունից։ Հիմա մնում է՝ քաղաքացիական հասարակությունը որոշի՝ ինչն է իր պայքարում ավելի արդյունավետ՝ հարցի քաղաքականացո՞ւմը, թե շարունակելը ամորֆ մնալ՝ չհամախմբվելով քաղաքական ուժերի շուրջ (որոնք, ի դեպ, երկրում առկա առաջնային հարցերի շուրջ հանդես են գալիս միասնական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հասարակության սպասելիքներն ու պահանջները), զրկվել սեփական շահերը քաղաքական բարձր ամբիոններից հնչեցնելու ռեսուրսից՝ այդպիսով նպաստելով իշխանության ամենաթողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը