Քաղաքական

10.03.2014 13:01


Արմեն Մարտիրոսյան. «Միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը»

Արմեն Մարտիրոսյան. «Միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը»

Այսօրվա ասուլիսին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես 4 ոչիշխանական խորհրդարանական ուժերի համատեղ գործողություններին ու համախմբման գործընթացին։ Բանախոսը նշել է, որ դրական է վերաբերվում նշված ուժերի համագործակցությանը.

«Համագործակցությունը սկսվել է, ըստ էության, նախորդ տարվա վերջին՝ կուտակայինի և գազի պայմանագրի քննարկումների հետ կապված»։

Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է, որ միասնական օրակարգի մասին խոսել են թե՛ Լևոն Տեր–Պետրոսյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը համագումարին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Իհարկե, եթե մենք գանք այն իրավիճակին, երբ 4 քաղաքական ուժերն արդեն, այսպես ասենք, ղեկավարների մակարդակով սկսեն համագործակցությունը, դա որոշակիորեն շատ դրական գործընթացի սկիզբ կարող է լինել»,–նշել է նա։

Մարտիրոսյանն, անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ուժերի գործելաոճի հարցին, պարզաբանել է. «Խնդիրն այն է, որ միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը, որովհետև բոլորս էլ մեր պատկերացումների, մեր գործունեության առանձնահատկությունների շրջանակում ցանկանում ենք երկիրն այս իրավիճակից դուրս բերել։ Ներկա դրությամբ մենք ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ քաղաքացիական դաշտի ներկայացուցիչները կարող են խնդիրներ լուծել, ո՛չ քաղաքական դաշտի ներկայացուցիչները... Դա նշանակում է, որ ընդդիմությունն առանձին–առանձին գործել է և չի կարողացել իշխանությունների նկատմամբ այնպիսի գործընթաց սկսել, որ նա չփորձի ապօրինություններով իշխանություն վերցնի և այն ծառայեցնի ի նպաստ մի քանի անձի»։

Նա նաև նշել է, որ 4 ոչիշխանական ուժերը ներկայումս բարձրաձայնում են այն խնդիրները, որոնց շուրջ կա կոնսենսուս, իսկ մնացած խնդիրները քննարկման փուլում են։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը