Կարծիք

10.03.2014 00:06


«ՉԻ կարելի կանգնել բարձր ամբիոնի մոտ ու կլոունություն անել»

«ՉԻ կարելի կանգնել բարձր ամբիոնի մոտ ու կլոունություն անել»

Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությանը այս 6 տարիների ընթացքում ինչ գնահատական ասես, որ չի տրվել: Բայց այնպես, ինչպես վարչապետն իրեն գործունեությունը գնահատեց՝ առանձնահատուկ ցինիզմով ու լկտիությամբ, դա ավելի շատ ոչ թե գնահատական կարելի է համարել, այլ՝ ինքնախոստովանական ցուցմունք:
Երբ վերջերս ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի հարցին, թե՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ խնդիրներ ունեն ու կառավարությանն են դիմում իրենց խնդրանքով, որպեսզի լուծում տրվի դրանց, իսկ վարչապետի պատասխանը սպարտացուն հատուկ լակոնիկ էր՝ հնարավոր է: Իսկ դրանից բխող հարցին, թե դուք կանե՞ք դա, պարոն վարչապետ: Պատասխանն արդեն հիասթափեցնող էր՝ ոչ: Եվ դրանից հետո Տ.Սարգսյանն ինքնագոհ, ավելի ճիշտ՝ «Հաղթանակով մտանք Բեռլին» կեցվածքով, հեռացավ ամբիոնից: Կարող ես չընդունել այն պատգամավորին, ով հնչեցրել է այդ հարցը, կարող ես չընդունել այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է տվյալ պատգամավորը, բայց նրա բարձրացրած հարցի հետևում մարդկային ճակատագրեր են: Մարդիկ, ովքեր, «չորացած»՝ հեռուստացույցի առաջ, անհամբեր սպասում էին վարչապետի պատասխանին: Մինչդեռ հուսադրող խոսքի փոխարեն ականատեսը եղան այդքան տարի բարձր պաշտոն զբաղեցրած, բայց այդպես էլ չկայացած մի տղեկի լպիրշ պահվածքին:
Լավ, իշխանական թիմում չկա՞ մեկը, որ մտերմիկ զրույցի շրջանակներում ասի. «Ա՛յ տղա ջան, դու Հայաստանի Հանրապետության վարչապետն ես, վաղը, մյուս օրը պատմություն ես դառնալու, քո մասին պատմության գրքերում ու դասագրքերում են կարդալու, դու մերօրյա Հովհաննես Քաջազնունին ես, Ալեքսանդր Մյասնիկյանը…: Ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս կանգնել երկրի գլխավոր ամբիոնի մոտ ու կլոունություն անել»:
Օվշորային սկանդալներին Տ.Սարգսյանի մեղսակցության մասին հասարակ քաղաքացին կարող է լավ տեղյակ չլինել, նրա բազմաթիվ ձախողված մեգածրագրերից էլ գլուխ չհանել, բայց այդ ցինիկ պահվածքը հասկանալի ու հավասարապես նողկալի է բոլորի համար:
Հարյուրամյակներով ընդունված է եղել տիրակալից պահանջել՝ սեփական ձեռքերով պատժել ատելի կառավարչին, այլապես ժողովուրդն ինքը դա կանի՝ տան պարիսպից կախելով: Սա, իհարկե, ոչ մի պարագայում չի նշանակում բավարարվել ատելի պաշտոնյային պատժելով, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ով է նրան այդպես թևեր տվել, բայց միևնույն է, հաճելի է, որ թևեր տվողը ստիպված է լինում ինքն իր տված թևերը կտրել: Եվ ինչպես ընդունված է ասել. «Մանրուք է , բայց հաճելի է»:
Բայց եթե այդ «մանրուքը» չապահովվի, ապա հայ ժողովուրդը արդեն պետք է գլխից բռնի, ինչպես հուշել է Ս.Սարգսյանը։

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը