Կարծիք

09.03.2014 23:35


Էդվարդ Անտինյան. «Ցինիզմը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի»

Էդվարդ Անտինյան. «Ցինիզմը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի»

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՈՒՂՂԱԿԻ ՏԱՆ ՏԵՐԸ ՏԱՆ ՏԵՐ ՉԻ

Ցինիկ քաղաքական գործիչների պակաս չենք ունեցել Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում, բաց այժմ վիճակն էականորեն տարբերվում է, քանի որ ցինիզմն արդեն տարերային բնույթ չի կրում, այլ՝ բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի:
Քաղաքացին պահանջ է ներկայացնում իր կառավարությանը, որ՝ երեխան կոշիկ չունի դասի գնալու, որ ողջ ընտանիքով ամբողջ օրը հաց չեն կերել, և ընդամենը ցանկանում են ստանալ իրենց մի կտոր հացը, կամ էլ ունենալ այն վաստակելու հնարավորություն: Իսկ իշխանություններից լսած պատասխանը մշտապես այս ոճի շրջանակներում է. «Իհարկե տեղյակ ենք, որ ոչ միայն ձեր, այլև մեր երկրում շատերի երեխաները կոշիկ չունեն, ու որ միայն ձեր տանը չէ, որ հաց չկա ուտելու, բայց դուք գիտե՞ք, թե աշխարհում որքան երեխա կա, որ կոշիկ չունի դասի գնալու, ավելին՝ նաև շոր չունի, իսկ որքան մարդ ոչ թե մեկ, այլ՝ տաս օր հաց չի կերել: Այնպես որ, քննադատելուց առաջ բարի եղեք նկատել, որ մեր երկրի վիճակն այնքան էլ վատ չէ՝ համաշխարհային ցուցանիշների համեմատ, ու այդպես սոված-ծարավ ու առանց շորուկոշիկ անտրտունջ շարունակեք յոլա գնալ»: Իսկ ի՞նչ եզրակացություն է սրանից անում մեր քաղաքացին: Որ՝ մեր իշխանությունները լավ էլ տիրապետում են երկրում տիրող վիճակին, որ լուծումներն էլ գիտեն, բայց ոչինչ անել չեն պատրաստվում, այլ միայն լկտի ձևով հայտարարում են, որ եթե պետության միջոցները չծախսեն իրենց վրա, ու իրենք էլ կքված լինեն պրոբլեմների ծանրության տակ, ինչպե՞ս կարող են մտածել հասարակ ժողովրդի մասին: Մնում է, որ քաղաքացին էլ մտածի, որ լավ է, որ մեր կառավարության շնորհիվ ծանոթացավ համաշխարհային ցուցանիշներին ու կարող է հանգիստ գտնել այն երկիրը, որտեղ իր երեխան շորուկոշիկ կունենա, տանը հաց կլինի ու, որ պակաս կարևոր չէ՝ իշխանություններն էլ ցինիկ չեն լինի:
Արտագաղթում են ոչ միայն այս դժվար ապրելակերպի պատճառով, այլ՝ առաջին հերթին այն, որ վաղվա օրվա նկատմամբ հավատ չունեն, քանի որ տեսնում են, որ իշխանությունները վիճակը բարելավելու ուղղությամբ ոչինչ անել չեն պատրաստվում:
Բայց դրան հակառակ, ինչ սրտաճմլիկ ու կեղծ հայրենասիրական կոչեր ասես, որ չենք լսում մեր իշխանավորներից: Որ՝ Հայաստանը մեր տունն է, մեր մեծ ընտանիքը, ինչպե՞ս կարելի է դժվարություններից փախչել, հարկավոր է մնալ ու կարգի բերել մեր տունը: Բայց նման կերպ արտահայտվողները փորձե՞լ են մտածել, որ եթե իրենց հարազատ երեխայի բարձրացրած պրոբլեմին էլ նման ցինիկ ձևով պատասխանեն, թե՝ բալիկ ջան, տես, թե աշխարհում որքան երեխա կա, որ վիճակը քո վիճակից վատ է, իսկ փոխարենը ծնողն ամեն անգամ կերած-խմած վերադառնա տուն, նոր մեքենա իրեն համար գնած, ու այդքանից հետո երեխային էլ պատասխանի, որ՝ եթե իմ խնդիրները չլուծեմ, ինչպե՞ս կարող եմ անհոգ զբաղվել քո խնդիրներով: Մի՞թե երեխան դուռը չի շրխկացնի ու տնից հեռանա:
Այո՛, Հայաստանը մեր տունն է, ուղղակի տան տերը տան տեր չի: Ու, եթե ցանկանում ենք վիճակը փոխել, պետք է գիտակցենք, որ մեր երկրի տերը մեր բազմաչարչար ժողովուրդն է, իսկ նախագահը՝ ընդամենը մեր կողմից ընտրված ժամանակավոր կառավարիչ, ու եթե ի վիճակի չէ իր ստանձնած պարտավորությունները կատարել, ապա նման «տիրոջից» պետք է օր առաջ ազատվել:
Իսկ գործող նախագահը, հերիք չի իր բազմաթիվ խոստումների կատարումն է ձախողել, կառավարությանն էլ հանձնարարական է իջեցնում՝ ապահովել 7% տնտեսական աճ, իսկ դրա կեսն ապահովելու պարագայում՝ սկսում համաշխարհային ցուցանիշների ու տարբեր երկրների հետ համեմատականներ անցկացնել, և արդարացնել իր իսկ հանձնարականի չկատարումը: Նման նախագահից՝ ոչ թե օր առաջ, այլ՝ երեկ չէ առաջին օրը պետք է ազատվեինք, քանզի նրա պաշտոնավարման ամեն օրն արդեն մեր պետության ու ժողովրդի ռեսուսները մաշելու հաշվին է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը