Մեկնաբանություն

09.03.2014 17:35


Վերահսկիչ պալատի «եզոպոսյան» լեզուն

Վերահսկիչ պալատի «եզոպոսյան» լեզուն

Կար ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն առաջարկում էր կենաց–մահու պայքար մղել կոռուպցիայի դեմ և խոշոր կոռուպցիոներների գլխից բռնել։ Դա մինչև տոկոս «խփոցին» էր։

«Գլխից բռնելու» մասին հայտարարությանը զուգահեռ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, «տակից» սեղմել էր պետական ապարատի «ոտքը», բայց պարզվեց, որ մասնավորապես՝ Վերահսկիչ պալատի մասով նա «սախատին» էր հանդիպել։ Արդյունքում՝ անհարմար բան ստացվեց։

Բանն այն է, որ Իշխան Զաքարյանը, իր «ոտքի» «սախատության» պատճառով, լուրջ էր ընդունել ՀՀԿ ղեկավարի ասածներն ու անցել էր գործի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի «ատկատային» չարաշահումներ հայտնաբերելով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության գործունեության մեջ։

Զաքարյանը չարաշահումները հայտնաբերել էր ընտրություններից առաջ, բայց ներկայացրել՝ ընտրություններից հետո։ Ահա այդ պատճառով էլ խնդիրներն առաջացան։

Սերժ Սարգսյանը բարկացավ, որ Զաքարյանը բարձրաձայնել է չարաշահումների մասին, անհիմն համարեց դրանք ու դատախազությանը հանձնարարեց այն չափը, որի սահմաններում էլ մեր իրավապահները պետք է «հայտնաբերումներ» անեն։

Ինչ մնում է Իշխանին, ապա նա մեղադրվեց սեփական PR–ն անելու մեջ։ Այդ ամենից պարզ դարձավ, որ «ատկատները» և բյուջետային թալանը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ։

Զաքարյանն, իհարկե, ամեն կերպ ցույ տվեց, որ այլևս նման «սխալներ» թույլ չի տա, բայց որպեսզի իշխանություններն իրենց ապահովագրված զգան ու խուսափեն նմանատիպ «կիքսերից», կառավրությունն օրենքի նախագիծ ներկայացրեց, ըստ որի՝ Վերահսկիչ պալատին արգելվում է թալանի հայտնաբերումից հետո հնչեցնել իրավական կամ քաղաքական գնահատական։ Սա արդեն ուշագրավ բան է։ Կառավարությունը, փաստորեն, կանխարգելիչ միջոցառումների է դիմում, բայց ոչ թե թալանի, այլ դրա բացահայտման մասով։

Տիգրան Սարգսյանն ու իր Հրայր Թովմասյանը չեն ասում, թե մենք օրինագծեր ենք ներկայացնում, որոնք կբացառեն թալանը։ Նրանք մտահոգված են թալանի հրապարակայնացմամբ, ու դրա համար էլ Իշխանին օրենքի ուժով դարձնում են համր ձուկ։ Իսկ դա նշանակում է, որ ՎՊ նախագահը սրանից հետո պետք է թալանը հայտնաբերելուց հետո կիրառի «եզոպոսյան» լեզուն և «իշմարներով» հասկացնի թալանի մասին։

Օրինակ՝ եթե ՎՊ–ն ստուգի և պարզի, որ շուկայում մեկ մետր մալուխն արժե «X» դրամ, իսկ ահա օֆշորային գործերի մեծն գիտակ Տիգրանն ու իր թիմակիցները այն գնել են «5X»–ով («ատկատն» այս դեպքում կկազմի «4X»), ապա ԱԺ–ում Իշխան Զաքարյանը պետք է հանդես գա հետևյալ հայտարարությամբ. «Կառավարությունը «5X»–ով գնել է մի ապրանք, որն իրականում արժե «X» դրամ, բայց քանի որ մենք PR–ով չեն զբաղվում, ուստի հարկ է նկատել, որ ոչ թե կառավարությունն է կասկածելիորեն թանկ գնով ձեռք բերել մալուխը, այլ մալուխ վաճառող մասնավոր ընկերության ներկայացուցիչներն են սրիկայաբար հինգ անգամ բարձ գին «կրակել» ու վնասներ հասցրել բյուջեին»։

Այ սա արդեն Սերժ Սարգսյանի սրտով կլինի։ Իշխանի այդ հայտարարությունից հետո, չկասկածե՛ք, ՀՀԿ ղեկավարն անմիջապես խորհրդակցություն կհրավիրի և կհանձնարարի դատախազությանը քրեական գործ հարուցել այն մասնավոր ընկերության դեմ, որը հինգ անգամ թանկ գին է «կրակել» մեր խեղճ կառավարության վրա։

«Վերջի բոլշևիկից» այլ բան հնարավոր չէ սպասել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը