Մեկնաբանություն

08.03.2014 16:35


Դարձյալ «զոնտիկ» բռնողների մասին

Դարձյալ «զոնտիկ» բռնողների մասին

Լսեցի, որ մարտի 8-ին ՀՀԿ-ն կանանց հրավիրում է վիրահատության: Տոնական առողջապահական ակցիա են անում:

Բայց իշխող ուժն այն օրին է հասցրել այսօրվա «սոսեմայրիկներին», որ մի օրում մի վիրահատությամբ չեն ապաքիվի:

Նրանց լիարժեք ապաքինումն ու առողջացումը կլինի այն ժամանակ, երբ մեր կյանքից վիրահատվի եւ դեն շպրտվի առողջապահական ակցիա իրականացնող ուժը:

Ժողովրդի համար ամենակարեւոր վիրահատությունը սա կլինի:

Բայց այս մասին չէի ուզում խոսել:

1990-ականների ծանր տարիներին ՀՅԴ-ի քույր կառույցներից մեկը՝ «Համազգային» կրթա-մշակութային միությունը ամեն տարի գարնանը իր փոքրիկ գրասենյակի երկու սենյակներում կազմակերպում էր նկարչուհիների խմբակային ցուցահանդեսներ: Հավաքվում էին արվեստասերները եւ տոնում գարնան ու կանանց տոնը:

Այդ ցուցահանդեսներին մասնակցող կին արվեստագետները որեւէ առարկություն չէին ունենում, հակառակը՝ զգացված եւ շոյված էին, որ իրենց աշխատանքները ցուցադրվում եւ գնահատվում են: Եվ ցուցադրվում էին ոչ թե իշխանամերձ եւ իշխանահաճո Նկարիչների միության շենքում, այլ՝ իրապես անկախ միության փոքրիկ գրասենյակում:

Հիմա նայում եմ Նկարիչների միության սրահում կազմակերպված ցուցահանդեսը պատկերող տեսանյութերն ու լուսանկարները: ՀՀԿ-ական «պուզատի» կանանց դեմքեր ու ձեւական շնորհավորանքներ, հերթապահ գովեստներ ու շողոմ ժպիտներ:

ՀՀԿ կանանց խորհուրդը նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպում է իր «քույր» կառույցի շենքում՝ Նկարիչների միության սրահներից մեկում՝ «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով:

Սա զավեշտ է: Այդ միությունը հասարակական կազմակերպություն է, որտեղ կուսակցական դրոշներն ու խորհրդանիշները չպետք է տեղ ունենան: Բայց շփերթորեն շարված ու դասավորված են ու աչք են ծակում:

Իշխանական «պուզատի» կանանց խորհուրդը ցուցահանդես է կազմակերպում կուսակցության «բրենդի» ներքո:

Եթե դու քեզ արվեստագետ ես համարում, ապա չես կարող նորմալ ընկալել այդ երեւույթը: Հասկանում ես, որ իշխող ուժը քո մի քանի աշխատանքները ցուցադրելու հնարավորություն ընձեռելով՝ պարզապես քեզ գնում է:

Եվ եթե հասկանում ես, ապա բնական է, որ պետք է ընդվզել այդ «հոգեւորսության» դեմ:

Ցավոք, ցուցահանդեսի մասնակից նկարչուհիների մեջ ընդվզողը մեկն է, ով հրապարակավ բողոքում է խաբեության դեմ:

Մարիամ Մուղդուսյանն ասում է, որ իրեն չեն տեղեկացրել, թե ով է ցուցահանդեսի կազմակերպիչը։

«Ես ՀՀԿ-ի կողմից թեյնիկ ստանալու համար չեմ ցուցադրվում: Սա մշակույթի, արվեստի ՀՀԿ-ացում է եւ գագաթնակետն է արդեն՝ արվեստագետի հանդեպ էժան վերաբերմունքի: Ցուցասրահում արվեստի շունչն իսպառ բացակայում էր, քանի որ այդ աշխատանքները կախված են, որ մի քանի չինովնիկ հերթական «պտիչկան» դնեն՝ արվեստի ոլորտում իրականացրած իրենց միջոցառումների ցանկում: Ես չեմ ուզում իրենց «պտիչկան» ապահովել: Ամենավատն այն է, որ Նկարիչների միությունն է գնում կուսակցականացման, իսկ ես այդ կարծիքը չունեի միության մասին: Իմ այսօրվա բողոքից հետո միգուցե նրանք այլեւս նկարներս չվերցնեն ցուցադրության, բայց շատ ավելի այլընտրանքային տարբերակներ կան ցուցադրվելու, քան սովետական ճանապարհն է: Խորհրդային տարիներից ոչինչ չի փոխվել. արվեստագետին նախ փորձում են դարձնել ոչնչություն, իշխող կուսակցության ստրուկ, հետո նոր ցուցադրել»,- հայտարարում է նկարչուհին:

Կեցցե՛, Մարիամը:

Բայց նա սխալվում է: Բոլոր ստեղծագործական միություններն են ծառայում իշխող ուժին եւ սա ոչ առաջին եւ ոչ էլ վերջին դեպքն է: Երեկոյան փողը, առավոտյան ՀՀԿ-ի փողերով իրենց միություններում իշխանությանը գովազդող միջոցառումներ կազմակերպելու գործելաոճն անփոփոխ է այդ միություններում:

Ամոթալի է եւ այն, որ «պուզատիները» իբրեւ նվեր ընդամենը մի «չայնիկ» են նախատեսել (պարզ է, ծաղկեփունջն էլ հետը):

ՀՀԿ-ական «վերխուշկա-կնանիքի» հաշվեհամարներում միլիոնավոր դրամներ, տասնյակ հազարավոր դոլարներ ու եվրոներ են, ունեն թռփոշ բիզնեսներ… ու ընդամենը «չայնիկ» ստեղծագործող կանանց: Որ երեւի նրանք ողջ տարին չայ խմեն ու հաջորդ տարի այս օրերին ցուցահանդեսին ներկայացնեն նաեւ «Վերջի բոլշեւիկի» կամ Հերմինե Նաղդալյանի դիմանկարները:

Նողկալի է այս ամենը:

«Հոսքագծով» մտավորականություն արտադրելու «Վերջի բոլշեւիկի» ձեռագիրն է սա: Եվ այդպես էլ արվում է, այլապես չէին գտնվի «արվեսագետներ», ովքեր պատրաստակամորեն կստանձնեին նրան գլխի ամպհովանի պահելու անպատվաբեր դերը:

Եվ այդպես էլ արվում է, այլապես մտավորականության մեծ մասը կոչումներ եւ պարգեւներ ստանալու համար սազը ձեռքին չէր գովերգի «Վերջի բոլշեւիկին»: Եվ հետո էլ նույն այդ մտավորականությունը հանգիստ չէր նստի դահլիճում եւ չէր լսի «Վերջի բոլշեւիկի» խորհուրդները, ով սահմանամերձ գոտու բնակիչներին կոչ էր անում բարձրադիր վայրերից իջնել ցած եւ ներքեւում ապրել: Ու նրան անվրդով լսում էր «հոսքագծով» արտադրված մտավորականությունը:

Դե, ուրեմն, շարունակեք «զոնտիկ» բռնել, դրա դիմաց «չայնիկ» ու կոչում ակնկալել:

Բայց այդ կոչումներն ու պարգեւները ոչ թե հայ արվեստին ու գրականությանը, այլ իշխանությանը մատուցած անմնացորդ ծառաությունների համար է տրվել ու տրվում:

Հանկարծ չկարծեք, թե ժողովուրդն այլ կերպ է ընկալում այդ պարգեւատրումները: Ո՛չ, այդ «գնահատանքը» նա միայն ընկալում է որպես իշխանությանը անմնացորդ ծառայության համար տրված մեդալ ու կոչում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը