Մեկնաբանություն

07.03.2014 21:40


Վերջին բոլշևիկի միակ ելքը

Վերջին բոլշևիկի միակ ելքը

Վերջին մի քանի ամսում ոչիշխանական քաղաքական ուժերը և հասարակության առավել ակտիվ հատվածն իրենց միասնական աշխատանքի շնորհիվ կարողացան ձևավորել հստակ քաղաքական օրակարգ, որը հիմնված է հայաստանցիներին իրապես հուզող հարցերի վրա:

Ռեժիմը, Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ այլևս չի էլ մտածում մարդկանց ուշադրությունը շեղել տարբեր անլուրջ քննարկումներով և արհեստական օրակարգերով։ Դրա փոխարեն նա անցել է լայնամասշտաբ պաշտպանության: Ռեժիմն ինչպես փողոցում, այնպես էլ խորհրդարանում և լրատվական դաշտում իր պաշտպանության գործառույթը ստիպված է անձամբ իրականցնել՝ ի դեմս Էդիկ Շարմազանովի, Մարգարիտ Եսայանի և վաղուց արդեն Բաղրամյան 26-ի հաստիքային աշխատակից, տխրահռչակ Արման Բաբաջանյանի:

ՀՀԿ-ի նորահայտ դրոշակակիր Մարգարիտ Եսայանի այն պնդումը, թե «մարտիմեկյան հանրահավաքը ՀՀԿ-ին չի հուզել», ցույց է տալիս, որ հուզել է, այն էլ ինչպես է հուզել։ Եթե հուզած չլիներ, ապա ՀՀԿ–ական պատգամավորուհին չէր շտապի կիսվել իր հույզերով։

Ազատիչի գլխավորած քաղաքական ուժն, ի դեմս ՀՀԿ-ի, դուրս է մնացել հայաստանյան քաղաքական օրակարգից, և դա շատ լավ գիտակցում են, առաջին հերթին՝ հենց հանրապետական կուսակցության անդամները:

Նրանք, ամենապրակտիկ և առարկայական չափումներով, սեփական մաշկի վրա են զգում Ազատիչի ռեժիմի թուլացման տեմպերը:

Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից, իշխանության ռեսուրսների ակնհայտ դեֆիցիտից և ռեժիմին հակակշռող լայն հասարակական-քաղաքական համախմբումից, կարելի է վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն այլևս երբեք չի կարող ընկած տեղից վեր կենալ ու նոր արհեստական օրակարգերով ջուր պղտորել։ Այս ռեժիմը միայն թուլանալու է:

Ոչիշխանական ուժերը, իրենց հերթին, պետք է ավելի մեծացնեն ռեժիմի վրա գործադրվող ճնշումը, ինչին իր ակտիվությամբ պետք է աջակցի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

Վերջին բոլշևիկն այսօր, փաստացի, մնացել է միայնակ ու շուտով ստիպված է լինելու պատարազմ տալ բոլորի դեմ:

Ազատիչի համար այս իրավիճակից դուրս գալու լավագույն ձևը ներկայացրել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այն է՝ ինքնակամ հեռանալ իշխանությունից՝ խուսափելով հեռու և մոտ անցյալում եղած հայտնի բոլոր բռնպետների վախճանից:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը