Մեկնաբանություն

07.03.2014 10:19


Սուրիկ Խաչատրյանն ու Մանվել Գրիգորյանը՝ «Հայկական աշխարհի» գաղափարախոսներ

Սուրիկ Խաչատրյանն ու Մանվել Գրիգորյանը՝ «Հայկական աշխարհի» գաղափարախոսներ

Որքան հասկանում ենք, իշխանությունները արտագաղթի խնդիրը որոշել են լուծել` երեւույթին թեթեւ նայելու ձեւով: Հավանաբար, իրար ասում են՝ «Դե, թեթեւ տար, էլի ի՞նչ է եղել, որ»:

Հիշում եք, մի երկու տարի առաջ նույն թեթեւությամբ վարչապետը հայտարարեց, թե՝ բա ի՞նչ անենք, հո մարդկանց չենք պահելու, չթողնենք, որ գնան, մնան հեղափոխո՞ւթյուն անեն: Իսկ վերջերս էլ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում հայտարարեց, թե այդ պրոբլեմը լացուկոծով չի լուծվելու, այդ պրոբլեմը շահարկելով չի լուծվելու, պետք է բոլորս միասին աշխատենք: Սակայն այդպես էլ չասաց, թե ինչպես է պատրաստվում լուծել այդ խնդիրը:

Այսինքն՝ հարց էր տվեցին, ինքն էլ պատասխանեց: Այդքան բան: «Թեթեւ տարեք», պրոբլեմն էլ մի շահարկեք, ոչ էլ լացուկոծ դրեք:

Իսկ նախօրեին արդեն Եռաբլուրում այս թեմայի վերաբերյալ իր հեղինակավոր կարծիքը հայտնեց գեներալ Մանվել Գրիգորյանը, հայտարարելով, թե. «Եվրոպաներից ավելի շատ են արտագաղթում, բայց կարևորը` որ էս երկիրը միշտ իրանցը համարեն, երբ ուզենան` հետ գան, իրենց տանը տեր լինեն: Թե չէ` ասում են, գնացին, մենք կպրծնենք: Ոչ, մենք չենք պրծնի: Մեզ կոտորել են, որ վերջացնեն, բայց մենք չենք վերջացել, ուր մնաց` մի քանիսի` երկրից գնալով»:

Լավ է, չենք պրծնում, ամեն ինչ նորմալ է, մի քանիսն են, էլի հեռացել երկրից: Այնպես, որ «թեթեւ տարեք»:

Հիմա էլ լսում ենք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարծիքը.

«Ո՞վ ա արտագաղթում, վախկոտ մարդիկ են թողնում, գնում: Երկու կոպեկ ունեն, թողնում, գնում են: Ո՞ր մի աղքատ մարդն է գնում: Փող ունեցողն է գնում
Արտագաղթը մեր ազգային բնավորությունն ա: Համ էլ ո՞ւմ համար ա սրտներդ ցավում` վախկոտ մարդկանց համա՞ր, դրա՞նց համար, որ երկու կոպեկ ունեն, թողնում, փախնում են: Էն մարդկանց համար ա՞ սրտներդ ցավում, որ էստեղ չեն ուզում առաջին կարգի մարդ լինել, գնում են այլ երկրիր, դառնում երրորդ, չորրորդ կարգի մարդ` ստորացած ապրելով: Դրա՞նց համար ա սիրտդ ցավում»,-լրատվամիջոցներից մեկի լրագրողին հարցնում է Սուրիկ Խաչատրյանը:

Այսինքն՝ դարձյալ նույն մոտեցումը՝ «թեթեւ տարեք» էս ի՞նչ սրտացավություն է:

Այն, որ անցած մի քանի տարիներին երկիրը լքել է մոտ 300 հազար մարդ եւ այս թիվը Մանվել Գրիգորյանի համար «մի քանի մարդ» է , երեւի, նրա այս «թվաբանությանը» պետք է նորմալ վերաբերվենք: Մարդը միայն մի բան հաստատ գիտի, որ իր կուսակցության առաջնորդը «վերջի բոլշեւիկն» է: Ինչ մնում է այլ երեւույթներին, ապա նա պարտավոր չէ թերթել ու ծանոթանալ վիճակագրական փաստաթղթերին: Այն մարզում, որտեղ ինքն է ապրում, շուրջը նայում՝ տեսնում է, որ դեռ մարդիկ կան փողոցներում, ուերմն՝ «չենք պրծնում»:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի արտահայտած մտքերին, ապա նա նախ բացահայտում է, որ այստեղից դեռեւս չեն կարողանում փախչել միայն աղքատ մարդիկ: Եթե երկրում մնացած մարդիկ մի քիչ փող ունենային, ապա նրանք էլ կհեռանային: Սրանով նա միաժամանակ բացահայտում է, որ աղքատության իրական չափերը: Ինչպես Սերժ Սարգսյանն ակամա խոստովանեց, որ իրենից եւ իր իշխանությունից դժգոհ է ազգաբնակչության 80 տոկոսը:

Բայց առավել անպատկառ է հնչում Սյունիքի նախկին մարզպետի այն խոստովանությունը, որ արտագաղթում են վախկոտները:

Մեկ ուրիշը եթե սա ասեր՝ նորմալ կընկալվեր: Ասենք, մեկ այլ անձ հայտարարեր, որ, այո՛, երբ Սյունիքի մարզպետը իր կաբինետում անչափահասի է ծեծում, երբ իր առանձնատան բակում նրա որդին մարդ է սպանում, երբ այս դեպքերից տարիներ առաջ Խաչատրյանների եղբայրները նույնպես մարդ էին սպանել՝ բնականաբար, նորմալ մարդիկ վախից ու սարսափից պետք է փախչեին երկրից:

Իշխանական մնացած «բանդիտների» կատարած հանցագործությունների մասին չենք հիշեցնում, որոնք ցանկացած օրինավոր մարդու ստիպել են ու ստիպում են օր առաջ ունեցած-չունեցածն առնել ու փախչել երկրից:

Բայց վախկոտության եւ ով զարմա՜նք՝ դրսում ստորացված վիճակում ապրելու մասին բարբառում է Խաչատրյանը, որի 10-ամյա պաշտոնավարման շրջանում ողջ մարզն էր ստորացված եւ վախի մթնոլորտում ապրում:

Ընդհանրապես, այն իշխող ուժը, որի ներկայացուցիչն է Խաչատրյանը, երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ողջ ժողովրդի կյանքն է դարձել ստորացումների անվերջ շարան:

Բայց դե սրանք թե՛ վտանգավոր ծավալների հասնող արտագաղթի խնդրին եւ թե՛ երկրում մնացած եւ մի կերպ գոյությունը քարշ տվող ժողովրդի վիճակին վերաբերող հարցերին լպիրշաբար պատասխանում են այնպես, որ ակնհայտ է դառնում վերաբերմունքը՝ «թեթեւ տարեք»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը