Կարծիք

05.03.2014 17:26


Ի՞նչն է միավորում իշխանության հաճախորդներին՝ հիշողության կորուստը

Ի՞նչն է միավորում իշխանության հաճախորդներին՝ հիշողության կորուստը

Դեռ երեկ ՀՀՇ–ական, հետո՝ կոնգրեսական, հետո՝ 2012 թ. «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանն անցած տարի՝ Սարգսյանի երդմնակալությունից հետո, ֆեյսբուքյան իր էջում գրել էր իշխանության դեմ պայքարի իր տեսլականը։ Մասնավորապես, Ռուբինյանն առաջարկում էր. «Եթե վճռականություն կար, փակելով հետընտրական զարգացումների էջը, շարունակելու արդյունավետ քաղաքացիական պայքարը ռեժիմի դեմ, ապա, ըստ իս, անխուսափելիորեն պետք էր ձևավորել պայքարն առաջնորդող և տարբեր ուժերի համախմբումն ապահովող կոլեգիալ մարմին, ժողովրդին ներկայացվեր հետագա գործողությունների հստակ ծրագիր: Կոչ նետվեր ակտիվիստներին` տարածքային (մարզ, համայնք, թաղ, փողոց, շենք) մասնագիտական և այլ ցուցիչներով միավորվել և ստեղծել համանման մարմինների (կոմիտեների) ցանց և, ի վերջո, օրվա ողջ արարողակարգը ծառայեցվեր պայքարի հայտարարված նոր փուլի հաջող մեկնարկն ապահովելուն»:

Այսօր էլ «ազատ», բայց սերժատու մամուլին հարցազրույց է տալիս, որում քննադատում է 4 ոչիշխանական ուժերից մեկին՝ ԲՀԿ–ին, մասնավորապես նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դուրս է գալիս, որ Ռուբինյանն այլևս կողմ չէ քաղաքական տարբեր ուժերին համախմբող գործընթացի մեկնարկին, որի տրամաբանական ավարտն էլ կլինի կոլեգիալ մարմնի ստեղծումը՝ Ազգային համաձայնության կառավարությունը։ Հասկանալի է, որ Ռուբինյանը միշտ էլ դեմ է արտահայտվել ԲՀԿ–ին ինչ–ինչ հայտնի ու անհայտ պատճառներով, բայց դե, կոպիտ ասած, ունենք այն, ինչ ունենք։ Իսկ ունենք այն, ինչի մասին մեկ տարի առաջ գրվել է հարգարժան պարոնի կողմից։ Ունենք քաղաքացիական պայքար մի քանի հարցերի շուրջ, որոնք այս կառավարության օրոք դժվար թե լուծում ստանան։ Բնական է, որ դա գիտակցելով՝ քաղաքացիական վերջնական պահանջը կհանգի իշխանափոխության։ 4 ոչիշխանական ուժերը համախմբվել են երկիրը կործանման տանող ռեժիմից փրկելու համար։ Ընդհանուր օրակարգ ձևավորելու ու համապատասխան քայլերի մասին վաղուց ասվել է, ու այն ընթացքի մեջ է։ Լավ չէ, երբ հանուն հաճախորդացման, իմիջը չկորցնելու համար մարդ դեմ է հանդես գալիս սեփական համոզմունքներին։ Ինչևէ, զուռնա–դհոլ սարգսյանական պատվերը հաճախորդների շրջանում շարունակում է արդիական մնալ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը