Մեկնաբանություն

24.01.2011 16:57


ՀՀ քաղաքացու «չգրված քաղաքացիական պարտականությունները»

ՀՀ քաղաքացու «չգրված քաղաքացիական պարտականությունները»

Նախատոնական օրերին բավական շատ էին շոշափվում ՀՀ ժողովրդագրական խնդիրները, որոնք վերաբերում էին գլխավորապես այն փաստերին, որ այս տարի տասնյակ հազարավոր հայեր, ելնելով իրենց համար  ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակից, ուղղակի թողեցին իրենց երկիրը՝ մեկնելով արտասահման: Այսօր այս հարցը կարծես թե անուշադրության է մատնված. արտահոսքը շարունակվում է, բայց այն կանգնեցնելու համար պետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում: Ուստի անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ այս խնդրին:

Ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկն իրավունք չունի վերոհիշյալ էմիգրանտներին մեղադրել «հայրենալքության» համար: Գուցե և ոչ բոլորը, բայց ամեն դեպքում նրանց զգալի մասը դա արել է անհրաժեշտությունից դրդված, ուստի նրանց կարելի է հասկանալ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Բայց անձամբ ես ոչ մի կերպ չեմ կարող խրախուսել նրանց վարվելակերպը սոցիալ-քաղաքական տեսանկյունից, այսինքն այն տեսակետից, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են և ունեն որոշակի գրված ու չգրված քաղաքացիական  պարտականություններ: Ասելով  «չգրված քաղաքացիական    պարտականություններ»՝ ես ոչ մի կերպ նկատի չունեմ պարտականություններ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մնալ իր հայրենիքում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ բարդ սոցիալական վիճակում է գտնվում երկիրը, ինչ տգետ և անարժան  ղեկավարություն ունի։ Ես լիովին գիտակցում եմ, որ ՀՀ այսօրվա «տխուր» ժողովրդագրական (և ոչ միայն) վիճակը պայմանավորված է գլխավորապես ՀՀ կառավարության (հանձինս նրա «գերագույն հրամանատար» Սերժ Սարգսյանի)  ծայրաստիճան անտանելի ներքին և ուղղակի զզվելի արտաքին քաղաքականությամբ: Ասելով «պարտականություններ»՝ ես նկատի ունեմ այն, որ ցանկացած քաղաքացի, տեսնելով երկիրը բարդ սոցիալական, տնտեսական, քաղաքական և առհասարակ ծանր դրության մեջ, պետք է նախ և առաջ մտածի ներազդել իր երկրի ղեկավարական մարմինների վրա, տարբեր և նույնիսկ բռնի միջոցներով նրանց ուղղակի ստիպի ղեկավարվել պետական  ընդհանուր շահերով և ոչ թե սեփական եսասիրական նկրտումներով: Ավելին, պետական մարմինների անտակտ և ոչ արդյունավետ ղեկավարության պայմաններում քաղաքացիական անհնազանդությունը լիովին արդարացված է: Իսկ եթե սա էլ «չօգնի», ապա մնում է դիմել այսպիսի ծանր պայմաններում ոչ պակաս արդարացված իշխանափոխությանը:

Մենք ենք այս երկրի տերերը, մենք ենք կերտում մեր ապագան. նախարարները, պատգամավորները, նախագահը ընդամենը մեր վստահված մարդիկ են, և եթե նրանք չեն կատարում  ստանձնած պարտավորությունները, ապա ժողովուրդը' իշխանության իրական աղբյուրը, կարող է, պետք է, մեր պայմաններում՝ ուղղակի պարտավոր է իշխանափոխություն կատարել և ապագան վստահել իր արժանապատիվ ու արդար մարդկանց, այլ ոչ թե՝ «փողոցային օլիգարխներին», ովքեր իրենց միլիարդները «դիզել» են հեցն այդ նույն ժողովրդի հաշվին: Գուցե ասածներիս մեջ «քաղաքական ռոմանտիզմ» կա, գուցե շատերն այս խոսքերի մեջ միամտություն կտեսնեն, կքննադատեն ու կասեն, թե «ժողովրդական ինքնիշխանության սկզբունքները» մտացածին են, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի գոնե հոգեբանորեն պետք է ազատասեր լինի այն տեսանկյունից, որ թույլ չտա ու պայքարի իր իրավունքների ոտնահարման դեմ:

Ընդունեք սա որպես կոչ կամ այլ ինչ, բայց մենք' ՀՀ քաղաքացիներս, ուղղակի պարտավոր ենք բարձրաձայնել մեր շահերի մասին և պայքարել դրանց պաշտպանության ու իրականացման համար: Իսկ եթե դուք նախընտրում եք ղեկավարվել «թույլի հոգեբանությամբ» և ուղղակի թողնել ու հեռանալ, դա ձե՛ր «իրավունքն» է, ձե՛ր որոշումն է, միայն թե թող վերջինը, ով կլքի իր հայրենիքը, չմոռանա «լույսն անջատել»:

Սարգիս Շիրխանյան

Այս խորագրի վերջին նյութերը