Քաղաքական

05.03.2014 09:55


Շնորհավոր ծնունդը Սպարապետի ու «Կոմանդույուշչու»

Շնորհավոր ծնունդը Սպարապետի ու «Կոմանդույուշչու»

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 55 տարեկան։ Շնորհավորում եմ ու դրանով սահմանափակվում, քանի որ այսօր նրան հասցեագրված շնորհավորանքների ու ջերմ խոսքերի պակաս չի լինի, ուստի միանգամից անցնեմ հաջորդ հոբելյարին՝ Սամվել Բաբայանին:
Ուրախ եմ, որ ողջ-առողջ ես, թեպետ, եթե բախտդ բերեր՝ ժամանակին զոհվեիր, հիմա այստեղ ամենաբարձր մակարդակով ծնունդդ կնշեին, փողոցներ ու հրապարակներ կկոչեին քո անունով:

Որոշ բարդույթավորված մարդիկ քեզ ամեն ինչից զրկելուց հետո էլ ի դեմս քեզ մրցակից են տեսնում ու չեն կարողանում հաղթահարել ներքին տագնապները, իսկ թե ինչու՝ իրենք կիմանան: Թեև համոզված եմ, որ դու էլ գիտես։ Դու վկան ես այն ամենի, ինչը հիմա ուզում են նենգափոխել և սեփականաշնորհել, ուստի ամեն ինչ կանեն, որպեսզի քեզ էլ մոռացության տան, պատերազմի ժամանակվա վաստակդ էլ: Բայց չի ստացվի. ամբողջ ազգը մանկուրտ չեն կարողանա դարձնել։
Չեմ պատրաստվում այս տոնական օրով գնահատական տալ քո ռազմական ու քաղաքական գործունեությանը, որի ժամանակ թե՛ հաջողություններ են եղել և թե՛ սխալներ։ Այսօր ծնունդ է, թեպետ այս խառը ժամանակներում անհոգ գովաբանելն էլ մի տեսակ տեղին չի:

Հերթական ծնունդդ անցկացնում ես օտարության մեջ, ընտանիքից ու հայրենիքից կտրված: Իսկ այստեղ պատերազմական իրավիճակ է, թշնամին լկտիացել է սահմանի վրա, քանզի հաղթանակն է արժեզրկվել ու, որ մի քիչ էլ այսպես շարունակվի, նաև՝ կիմաստազրկվի:

Կռվող տղայի և հաղթողի կերպարն այնպես է անճանաչելիորեն դեֆորմացվել, բևեռացվել, որ դժվար է պատկերացնել, թե հաջորդ կռիվն ինչ բարոյահոգեբանական մթնոլորտում ենք դիմավորելու: Մի մասն իշխանական աթոռը պահում է ավելի ջերմեռանդորեն, քան պատերազմի ժամանակ թշնամուց գրաված բարձունքը, ինչի արդյունքում էլ ունենք «երկրապահ-օլիգարխիայի» մի ներդաշնակ բանակ: Մինչդեռ կռվողների մյուս մասն էլ սովամահ է լինում, և իր օրվա հացը որոնում երկրի սահմաններից դուրս կամ էլ պայքարի միջոցով փորձում իր իրավունքներին տեր կանգնել այստեղ:

Իշխանություններին առընթեր «երկրապահական» կառույցից դուրս մղված բոլոր իրական երկրապահները և արժանապատվությունը պահած տղերքը պետք է ընդդիմադիր շարժման կողքին տեսնեն վառ անհատականություններ, պատերազմի բովով անցած խիզախ հրամանատարներ, քո պես մարդկանց, ինչն իրենց մոտ հավատ կառաջացնի, կկանգնեն միասնաբար ու կհասնեն հաղթանակի՝ այժմ էլ խաղաղ պայմաններում:

Հարգելի՛ գեներալ, արի, որպեսզի կանգնես ժողովրդի կողքին, ու թող քո օրինակով տպավորված այդպես վարվեն շատերը, և փարատվեն այն մտածածին կասկածները, թե Սերժ Սարգսյանի հեռացումից հետո հայսատանցի-ղարաբաղցի նոր լարում է առաջանալու, երբ իրականում ճիշտ հակառակն է տեղի ունենալու:
Արի, որպեսզի քո հետ կռված տղերքին քո ու ժողովրդի դեմ չհանեն, որ բացատրես մարտական ընկերներիդ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե մեր երկրի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, այլ՝ վտանգի թիվ մեկ աղբյուրը:
Եվ վերջապես, երկու ամսից նշվելու է զինադադարի 20 տարին: Արի, որպեսզի մեր պատմությունն այսպես մեջ-մեջ արած գործիչները գոնե զգաստանան, ու բոլոր հաջողություններն իրենց չվերագրեն, իսկ մնացածին էլ մեղադրեն, կամ էլ մոռացության մատնեն:

Հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը քեզ չի ներելու թեկուզ միայն նրա համար, որ պատերազմի թեժ պահին, ասում են՝ դուրս ես հրավիրել նրան Ղարաբաղից, որպեսզի չխանգարի կռվողներին, այլ գնա Մոսկվա ու իր սիրած գործով զբաղվի՝ առևտրով: Ու հիմա, որքան էլ նա փորձում է հաղթանակի հարցում իր դերը գերագնահատել, փաստերն անողոք են՝ Ռուսաստանի մայրաքաղաքը պատերազմի թատերաբեմից բավական հեռու է գտնվում:

Արի, որ շատ բան իր տեղն ընկնի։ Բարի վերադարձ:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan

Այս խորագրի վերջին նյութերը