Մեկնաբանություն

05.03.2014 00:10


Տիգրան Սարգսյանը երեկ քիթ սրբելու ժամանակ չի ունեցել

Տիգրան Սարգսյանը երեկ քիթ սրբելու ժամանակ չի ունեցել

Ասում են երեկ շա՜տ տքնաջան է աշխատել վարչապետը: Համարյա քիթ սրբելու ժամանակ չի ունեցել:

Դե, արտագաղթի դեմն առնելու համար ինչ-որ միջոցառումներ չի հասցրել ձեռնարկել, քանի որ շատ զբաղված է եղել: Ցավալիորեն, աշխատանքային խիտ ժամանակացույցը Տիգրան Սարգսյանին նաեւ թույլ չի տվել գոնե կես ժամով զբաղել տնտեսական խնդիրներով:

Ավաղ, երկրում աղքատությունը մեղմելու ուղղությամբ ինչ-որ քայլեր իրականացնելու համար նույնպես ժամանակը չի հերիքել: Ճիշտ է, նա շատ է ցանկացել եւ փորձել է գոնե ընդմիջման ժամին մտածել եւ լուծումներ գտնել աղքատությունը մեղմելու համար մշակված ծրագիրը շտկելու գործում, բայց դա էլ նրան չի հաջողվել անել, քանի որ եթե չսնվեր, ապա սովից կուշաթափվեր:

Դժբախտաբար, ժամանակի սղության պատճառով նա չի կարողացել անգամ 20 րոպե տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ միայն հասցրել է կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի ուղղությամբ նայել, ինչը քիչ բան չէ: Թեպետ, հանուն ճշմարտության պետք է ասել, որ նա ամեն օր պարտադիր 20 րոպե զբաղվում է այդ հարցով:

Տիգրան Սարգսյանը, թեեւ մեծ ցանկություն է ունեցել եւ փորձել է զբաղվել այս տարի աշխատավարձի երես չտեսած պետական հիմնարկների աշխատակիցներին բյուջեից նրանց աշխատավարձերի գումարները փոխանցելու հարցով, սակայն դա էլ չի հասցրել անել, որովհետեւ ավելի հրատապ լուծումներ պահանջող գործերով է զբաղված եղել:

Ցավոք, մի շատ կարեւոր գործով այնքան ծանրաբեռնված է աշխատել, որ չի կարողացել անգամ մտածել օտարերկրյան ներդրումներ ներգրավվելու մասին: Ավելի ճիշտ, ծառայողական մեքանայի մեջ մի պահ փորձել է մտածել, բայց հետո հասկացել է, որ դրա մասին չպետք է մտածեր:

Մի խոսքով, մարդը ահավոր զբաղված է եղել եւ ահա վերոնշյալ մանր-մունր խնդիրները չի հասցրել լուծել:

Բայց փոխարենը մի շատ կարեւոր հարց է լուծել: Ավելի ճիշտ, մի շատ կարեւոր միջոցառման է մասնակցել: Չեք պատկերացնի, թե ինչ մեծ իրադարձության կենտրոնում է եղել, ինչը կենսական նշանակություն ունի երկրի եւ ժողովրդի կյանքում: Պարզ է, չէ՞, եթե վարչապետը ժամանակ գտներ եւ զբաղվեր վերոթվարկյալ հարցերով, ուղղակի, ֆիզիկապես չէր կարող ներկա լինել այն բախտորոշ իրադարձությանը, ինչի մասին ահա տեղեկացնում ենք:

Ուրեմն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է «audiobook.am» կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին:

Իսկ դուք ասում եք նա կառավարել չի կարողանում: Բա կայք բացելը կառավարել չէ՞, գործ չէ՞: Շատ կարեւոր գործ է: Մարդը շնորհանդես է գնում, ելույթ է ունենում, ծափեր է լսում, շփվում է իր օֆշորային գործընկերոջ հետ, իր երկու նախարարներին է տեսնում, ֆուրշետի է մասնակցում…

Չէ, ինչ ուզում եք ասեք, ծանր աշխատանք է բաժին ընկել Տիգրան Սարգսյանին:

Եվ նա աշխատում է իրեն չխնայելով: Իրոք, նրան չես նախանձի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը