Մեկնաբանություն

05.03.2014 10:29


Վազգենի ու Սամվելի ժամանակը (տեսանյութ)

Վազգենի ու Սամվելի ժամանակը (տեսանյութ)

Ղարաբաղյան պատերազմի առանցքային դեմքերից Վազգեն Սարգսյանի ու Սամվել Բաբայանի ծննդյան օրն է այսօր։ Վազգենը կդառնար 55 տարեկան։ Սամվելը 49 տարեկան է։

Պատերազմն իր օրենքներն ունի։ Պատերազմը ծնում է իր հերոսներին, որոնք, որպես կանոն, հակասական կերպարներ են լինում։ Դա, այսպես ասած, ժանրի կանոնն է։

Մի կողմ թողնելով, թե ինչու է այդպես ստացվել, պարզապես արձանագրենք՝ մեր հաղթանակներում իրենց կարևորագույն դերն ու նշանակությունն ունեցած Վազգեն Սարգսյանը սպանված է, իսկ Սամվել Բաբայանը Հայաստանում չէ։

Ղարաբաղյան հաղթանակը Վազգենների ու Սամվելների ժամանակն էր։ Բայց քանի որ մեր ժողովրդի մի ստվար զանգվածն առաջնորդվում է «Գնա մեռի, արի սիրեմ» կարգախոսով, ուստի Վազգեն Սարգսյանի հասցեին այսօր շռայլ խոսքերի պակաս չի զգացվի։ Իսկ ահա Բաբայանին դեռ չեն ներում հաղթանակները։ Ոչինչ, դա էլ կանցնի։ Ի վերջո, մի օր նորմալ պետություն կդառնանք ու կսովորենք չատել մեր հաղթանակները՝ տեր կանգնելով դրանց։ Իսկ առայժմ թատերաբեմի վրա այլ ներկայացում է բեմադրվում։

Հիմա եկել է «զոհված ազատամարտիկի» լիցենզիայով «ասֆալտի ֆիդայիների», լպստած մազերով «երկրապահների», գեներալ–հարճերի, Բանգլադեշի «յառմռկայի» բարձունքները գրավածների, մանիկյուր–պեդիկյուր արած անսեռ «կռված տղերքի», ազատագրված տարածքների թալանի միջոցով փող կուտակածների ժամանակը։

Հիմա «Վերջի բոլշևիկի» ժամանակն է։ Նա՛ է այսօրվա «զորահանդեսի» հրամանատարը, քանզի տարածքում տղերքից մարդ չկա, իսկ ով էլ կա, վաղուց մոռացել է, որ սողալով առաջ են գնում միայն թշնամու կրակակետին մոտենալու և մարմինը գնդակներից պաշտպանելու, այլ ոչ թե հերթական տիրոջ աթոռի տակ տեղ գրավելու համար։

Միշտ էլ այդպես է. երբ առյուծները տարածքում չեն, սկսվում է բորենիների խրախճանքը։ Սկսվում են նաև «արյան անալիզը» և հոխորտանքը։

«Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»,– հայտարարեց «Վերջի բոլշևիկը» ԵԿՄ 10–րդ համագումարի ժամանակ։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը չափիչ սարք է հայտնաբերել ու արդեն սկսել է կռվածների «արյան անալիզով» զբաղվել՝ հայտարարելով, թե գիտի, թե ով որտեղ և ինչքան արյուն է թափել։ Ըստ այդ «չափիչ» սարքի էլ որոշում է, թե ով է լավ կռվել և իրավունք վաստակել ներկա գտնվելու իր ասուլիսին, իսկ ով՝ վատ կռվել ու զրկվել խրախճանքից։

Դե, եթե այդպես է, ապա պետք է «Վերջի բոլշևիկին» հիշեցնել, որ ռազմական գործողությունների բուռն շրջանում նա ոչ թե արյուն էր թափում, այլ 1993–ի ամռանը «կռիվ» էր տալիս բանակին ապրանքների մատակարարման «ֆռոնտում»՝ դա անելով հեռավոր Մոսկվայից և փորձելով հաղթահարել կապիտալի նախնական կուտակման բարդությունները։

Զավեշտն այն էր, որ «զորահանդեսի» հրամանատարն իր ԵԿՄ–ական ասուլիսում հայտարարեց. «Խոսելն էնքան հեշտ ա, բայց երբ պատերազմի տարիներին պետք էր գնալ գյուղ գրավել, մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում ... Խոսելն էնքան հեշտ ա»։

Եվ սա ասում է մի մարդ, ով պատերազմի ժամանակ նախ լքել է Հայաստանն ու Ղարաբաղը, ապա միայն Վազգեն Սարգսյանի միջամտությամբ վերադառնալուց հետո եկել Հայաստան։

Իսկ ինչո՞ւ էր նա կռվի թեժ շրջանում հայտնվել Մոսկվայում։ Գլո՞ւխն էր ցավում, թե՞ մեքենայի ակն էր ծակվել։ Այդ մասին ամենալավն ինքը կիմանա, հայտնի միջադեպի ականատեսներն ու «Ժիգուլու» այն վարորդը, ով մեքենայի հետևի նստարանի տակ թաքցրած Ղարաբաղից Հայաստան էր տեղափոխում ՀՀԿ ապագա ղեկավարին...

Հարցն այն չէ, որ Սերժ Սարգսյանն իր ներդրումը չի ունեցել հաղթանակի մեջ (բնականաբար, ունեցել է, և դա անուրանալի է), բայց երբ նա անդրադառնում է արյուն թափելուն ու մեծ–մեծ խոսելուն, ապա թող նախ հայելուն նայի։

Ի դեպ, մեկ այլ բան էլ կա հիշեցնելու «Վերջի բոլշևիկին»։ Ավելի ճիշտ՝ ամրագրելու նրա ինքնախոստովանությունը։

«Երբ որ մենք կամ էստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մի գյուղ, ծնկներին չէինք խփում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ոնց անի, որ մի քանի օր հետո էս գյուղն էլ վերցնի, էն կողքինն էլ վերցնի։ Էս էր, չէ՞, բոլորիս մտածածը։ Բա 92 թվականին ինչքան էինք նահանջում։ Ի՞նչ ա փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն ա փոխվել։ Ու կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի»,– անկեղծացավ «Վերջի բոլշևիկը»՝ փորձելով արտագաղթի ներկայիս մտահոգիչ տեմպերը համեմատել պատերազմի տարիներին ունեցած ժամանակավոր նահանջի հետ։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը ճիշտ համեմատություն է բերում, բայց սխալ տեղեկատվություն տալիս։

Այո՛, հայկական կողմը պատերազմի տարիներին կորուստներ էր տալիս ու մտածում, թե ոնց հետ բերի կորցրածն ու մի բան էլ ավելի վերցնի։ Այո՛, 1992–ին մենք նահանջել ենք։ Այս ամենը Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է ներկայացնում, բայց «մոռանում է» նշել, որ երբ նահանջում էինք,Ղարաբաղի բանակի ֆորմալ ղեկավարն ինքն էր (տե՛ս Սերժ Սարգսյանի կենսագրությունը

Այո՛, մենք ունեցել ենք նահանջներ և ունեցել ենք առաջխաղացում։ Նահանջի շրջանը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը, իսկ մեր առաջխաղացումը սկսել է իր՝ Ղարաբաղից հեռանալուց հետո։ Սա փաստ է, որի մասին բարձրաձայնեց նաև Սերժ Սարգսյանը (բանավոր խոսքի ժամանակ նա, որպես կանոն, բացվում է և անկեղծանում)։

Ազատագրական մարտերն ու «մի բան էլ ավել վերցնելը» սկսվեց 1993–ի ամռանից, երբ «Վերջի բոլշևիկը» Մոսկվայից «տուշոնկա» և «պարտյանկա» մատակարարելու հույժ կարևոր և եկամտաբեր գործով էր զբաղված։ Ասել է թե՝ «կորցրած գյուղն ու կողքի գյուղը» գրավելիս եղել են այլ կատարողներ, և ստեղծվել է այլ իրադրություն։ Ա՛յ այս մասով Սերժ Սարգսյանն ինքն իրեն վերագրում է բաներ, որոնց հետ առնչվել է ռազմի դաշտից կիլոմետրերով հեռու գտնված ժամանակ։ Բայց դե, խոսելը հեշտ է, այնքա՜ն հեշտ է, քանզի տարածքում տղերքից մարդ չկա, իսկ ով էլ կա ...

Մի խոսքով, ժամանակն է ամենքին ու ամեն ինչ իր տեղը դնելու։ Հակառակ պարագայում «պարտադիր կուտակային» մսխման կենթարկվի մեր հաղթանակը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։

«Մենք դատապարտված ենք հաղթանակի»,–ինչպես սիրում է ասել «Կոմանդույուշչին»՝ Սամվել Բաբայանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը