Մեկնաբանություն

04.03.2014 15:00


«Իվանիշվիլիագետների» շքահանդեսը

«Իվանիշվիլիագետների» շքահանդեսը

Վերջին օրերին Հայաստանում նկատվում է «իվանիշվիլիագետների» կտրուկ աճ։ Տպավորությունն այնպիսին է, որ սաքուլիկներ ու հայկուլիկներ բուծող բուհերում Սերժ Սարգսյանը նաև «Իվանիշվիլիագիտության» ֆակուլտետներ է բացել։

Հերիք էր՝ Լևոն Տեր–Պետրոսյանը համեմատեր Գագիկ Ծառուկյանին Վրաստանի նախկին վարչապետ ու Սահակաշվիլուն «ֆուկ» արած Բիձինա Իվանիշվիլու հետ, երբ սերժսարգսյանական բոլոր հաճախորդները նետվեցին դեպի մամուլի ակումբներ և գրոհեցին բոլոր «անկախ» լրատվամիջոցները՝ հայտարարելով, թե Ծառուկյանը Իվանիշվիլի չէ։ Դրանից հետո «դհոլները», բնականաբար, պետք է հայտարարեին՝ «Կեցցե՛ Սերժ Սարգսյանը, ցողունային բջիջներով «Կաշչեյ Բեսսմեռտնի» դարձած Սերժ Սարգսյանը», բայց քանի որ ժանրի կանոնները պահանջում են «ընդդիմադիր» դիրքերից զբաղվել «իվանիշվիլիագիտությամբ», ուստի բավարարվում են միայն համեմատական վերլուծությամբ։

Կիբեռգեղամյանների հիմնական միտքն այն է, որ Իվանիշվիլին դրսում էր փող աշխատել ու դրա համար ռիսկով դուրս եկավ Սահակաշվիլու դեմ, իսկ ահա Ծառուկյանի գումարները ներքին ծագում ունեն, հետևաբար, նա Սերժ Սարգսյանի դեմ չի կարող դուրս գալ։

Նկատենք որ, «իվանիշվիլիագետների» սույն տեսակետը կաղում է երկու ոտքից, և ահա թե ինչու։

Նախ՝ Ծառուկյանը ոչ թե դուրս կգա կամ չի գա Սերժի դեմ, այլ արդեն դուրս է եկել։

Ծառուկյանը շատ վաղուց է դուրս եկել Սերժ Սարգսյանի դեմ, ու ամենալավն այդ մասին գիտեն հենց «իվանիշվիլիագետները», քանզի իրենց օրվա հացը կամ «կոռմը» վաստակում են ԲՀԿ առաջնորդի դեմ «դհոլություն» անելով։ Իսկ «դհոլության» պատվիրատուն Սերժ Սարգսյանն է։

Ծառուկյանը չի ընդունում Սարգսյանի վարած քաղաքականությունը։ Դա էր պատճառը, որ ԲՀԿ–ն դուրս եկավ իշխող կոալիցիայից։

Ծառուկյանն իր վերջին ելույթում մասնավորապես հայտարարեց, որ անմարդկային ու անարդյունավետ է համարում այն կենսաթոշակային ռեֆորմը, որը Սերժ Սարգսյանը համարում է փայլուն՝ չմոռանալով նշել, որ այդ փայլուն ռեֆորմին դեմ է հանրության 80 տոկոսը։ Եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, թե Ծառուկյանը Սարգսյանի դեմ չի գնա, ուրեմն կա՛մ ախմախ են, կա՛մ պարզապես պատվեր են կատարում։

Ծառուկյանը խնդիր չունի հայտարարելու, որ ընդդիմանում է Սարգսյանին։ Նա իր գործողություններով է ցույց տալիս այդ ամենը և սպորտսմենի հոգեբանություն ունեցող մարդու պես գրոհի է անցնելու այն պահին, երբ կհայտնվի մարզավիճակի իր պիկում։ Իսկ այդ պիկին հասնելու համար հասարակական–քաղաքական կոնսոլիդացիա է պետք։ Հենց միասնական ճակատը ձևավորվի, Սերժ Սարգսյանին ու նրա «դիշովկեքին» Ծառուկյանի տված հարվածը քիչ չի թվա։

Ինչ վերաբերում է այն «փաստարկին», թե Իվանիշվիլին դրսում էր միլիարդատեր դարձել, դրա համար էլ «դուխով» էր, ապա դա այդպես չէ։ Խնդիրը «դուխի» ու կապիտալի ծագման աշխարհագրությունը չէ։

Այո՛, Հայաստանում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգի կուռատորը, 2000թ. սկսած, Սերժ Սարգսյանն է եղել ու կա։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նա էր հանդիսանում բուրգի ներսում քրեական տարրերի ու խոշոր բիզնեսի շահերի պաշտպանը։ Ս. Սարգսյանին էին ենթարկվում ու նրա «տանիքի» տակ փող աշխատում բոլոր, այսպես կոչված, օլիգարխները՝ բացառությամբ Գագիկ Ծառուկայնի և Հրանտ Վարդանյանի։ Ասել է թե՝ Գագիկ Ծառուկյանն իր փողի ծագմամբ և բազմապատկմամբ պարտական չէ Սերժ Սարգսյանին ու երբեք նրանից կախվածության մեջ չի եղել՝ ի տարբերություն, ասենք, «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Միխայիլ Բաղդասարովի կամ Ռուբեն Հայրապետյանի։

Ավելին՝ Գագիկ Ծառուկյանն իր գումարները վաստակել է՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի ցանկության՝ ինչ–որ մի փուլում անգամ կոնֆլիկտի մեջ մտնելով Սերժի եղբայր Սաշիկի հետ։

Այնպես որ, Ծառուկյանը որևէ կոմպլեքս ու պարտավորվածություն չունի Սերժի հետ կապված և իր գումարներն աշխատել է Սերժի համակարգից դուրս այնպես, ինչպես Իվանիշվիլին էր միլիարդատեր դարձել Սահակաշվիլու համակարգից դուրս։ Սա՛ է գլխավորը, այլ ոչ թե փողերի ծագման աշխարհագրությունը և գտնվելու վայրը։

Ի դեպ, Իվանիշվիլին ահագին ժամանակ Սահակաշվիլու մերձավորներից էր ճիշտ այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր հանդիսանում Սերժի իշխանական համակարգի ներկայացուցիչ, երբ կոալիցիայում էր։

Իվանիշվիլին գումարներ էր տալիս Վրաստանի նախկին նախագահին ու ֆինանսավորում տարբեր պետական ու բարեգործական ծրագրեր։ Բայց երբ տեսավ, որ Սահակաշվիլին «Մեկ օլիգարխի տնտեսություն» է կառուցում և բերիական համակարգ սարքում Վրաստանում, դուրս եկավ նրա դեմ։

Այնպես որ,Ծառուկյանը ոչ մի բանով պակաս չէ Իվանիշվիլուց և քաղաքական դաշտում իր քայլերն արել ու անում է։ Մնում է, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու հանրության լայն շրջանակները պակաս չլինեն Վրաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներից ու Վրաստանի քաղաքացիներից։

Հարցն այն չէ, որ Ծառուկյանն է մեր բոլորի քաղաքական իդեալը։ Ամենևին։ Ծառուկյանն էլ է ընդունում, որ ինքը ոչ ստանդարտ քաղաքական գործիչ է, քանզի Հայաստանում ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ է։ Ինչպես որ Վրաստանում էր ոչ ստանդարտ իրավիճակ, ու ստիպված խաղի մեջ մտավ միլիարդատեր Իվանիշվիլին, որպեսզի Վրաստանը չդառնա կալանավայր բաց երկնքի տակ։

Մե՛նք պետք է շահագրգիռ լինենք և օգնենք, որ Ծառուկյանը դառնա Իվանիշվիլի ու իր առաքելությունը կատարելուց հետո լքի քաղաքական դաշտը, այլ ոչ թե մի կողմից հայտարարենք, թե ընդդիմադիր ենք Սերժին, բայց մյուս կողմից էլ փրփուրները բերաններիս ասենք, թե Ծառուկյանը Իվանիշվիլու քայլին չի գնա, կամ որ նույնն է՝ Սերժը հավերժ պետք է մնա։

Լավ, ենթադրենք՝ Ծառուկյանը ոմանց դեռ չի ապացուցել, որ պատրաստ է Իվանիշվիլու պես գնալ մինչև վերջ։ Ի՞նչ պետք է անի այդ դեպքում այն քաղաքացին, ով դժգոհ է այս վիճակից ու ձգտում է փոփոխությունների։ Նա պետք է ամեն կերպ նպաստի Ծառուկյանի իվանիշվիլիացմանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ փոփոխությունների ձգտող ՀՀ քաղաքացին փոփոխությունների ձգտող Վրաստանի քաղաքացու պես ամեն ինչ անի հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահվելու համար, այլ ոչ թե Գեղամյանի պես ընկնի դռնեդուռ ու շան պես հաչա Ծառուկյանի և մյուսների դեմ։ Ընտրությունը մերն է՝ կա՛մ գնում ենք փոփոխությունների, կա՛մ համակերպվում ենք, որ Հայաստանը պետք է դառնա «Վերջի բոլշևիկի» զոհը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը