Մեկնաբանություն

04.03.2014 00:28


Ի՞նչ հեռանկար է մեզ սպասում, եթե…

Ի՞նչ հեռանկար է մեզ սպասում, եթե…

«Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով. ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում»,- ԲՀԿ համագումարում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Իշխանությանը նախ գազազեցրեց այս հայտարությունը:

Ինչ-որ կերպ խաղաղվելուց հետո իշխանությունը լսեց հաջորդ հայտարարությունը:

«Իմ խորին համոզմամբ` իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է, քանի որ այսօր առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները»,- վերջին հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իշխանությունը նորից գազազած իր «բազեներին» հրեց առաջ, որ «թոշակի ուղարկեն» հայտարարության հեղինակին:

Այսօր էլ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ մասնավորապես նկատեց. «Հայաստանում հաջորդ համապետական ընտրությունները նախատեսված են 2017-ին և 2018-ին: Հայաստանը չունի ժամանակի նման շռայլություն և քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրսներ` սպասելու այդ ընտրություններին, հատկապես մտքում ունենալով նախորդ ընտրությունների փորձը»:

Անառարկելի ճշմարտություն, որի հետ համաձայն է ողջ ժողովուրդը:

Անառարկելի ճշմարտություն է նաեւ ՀԱԿ ղեկավարի պնդումը: Բնականաբար, անառարկելի ճիշմարտություն է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, որ նա չի կարող դիտորդի պես հետեւել, թե ինչպես է երկիրն օրեցօր թուլանում:

Այս բոլոր հայտարարությունները անընդունելի են իշխանության համար: Մինչդեռ ամբողջ հասարակությունը նույն բանն է մտածում, որ իսկապես երկիրը թուլանում է, որ իշխանափոխության պահը վաղուց է հասունացել, որ անհնար է սպասել մինչեւ 2017-2018 թվականներ:

Հիմա իշխանական ճամբարից հարձակումները ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ուղղությամբ ինչո՞վ են փոխելու իրավիճակը:

Ընդդիմախոսների վրա հարձակումներով կանխվո՞ւմ է երկրի թուլացումը, թե՞ դրանով ժողովրդի մոտ մարում է իշխանափոխության ցանկությունը եւ կամ համակերպվում է մտքի հետ, որ սպասելու է մինչեւ հերթական ընտրություննե՞ր:

Իհարկե, ոչ:

Հակառակը՝ իշխանական ճամբարից սանձազերծված գրոհը ոչիշխանական ուժերի դեմ, հանրության շրջանում ավելի է ամրապնդում հավատը, որ գործող իշխանությունից փրկվելու համար պետք է շատ արագ համախմբվել ոչիշխանական ուժերի շուրջ եւ միասնաբար լուծել իշխանափոխության խնդիրը: Այլապես «Վերջի բոլշեւիկն» ու նրա թիմը երկար կմնան, ինչի հետևանքով Հայաստանում վիճակն ավելի տխուր, ահավոր ու վտանգավոր է լինելու: Դա նրանք հաստատ խոստանում են:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը