Քաղաքական

03.03.2014 13:51


Նաիրա Զոհրաբյան. «Առաջին նախագահի հավասարակշիռ եւ խոհեմ բանաձեւը պետք է շատերի համար ուսանելի լինի»

Նաիրա Զոհրաբյան. «Առաջին նախագահի հավասարակշիռ եւ խոհեմ բանաձեւը պետք է շատերի համար ուսանելի լինի»

«Zham.am»-ի հարցին է պատասխանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը
Շաբաթ օրը ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, ինչպես եւ ենթադրելի էր, ամենաքննարկելին էր: Դուք նաեւ հանրահավաքի ներկաների մեջ էիք: Ի՞նչը կշեշտադրեիք առաջին նախագահի ելույթում:

-Ես ասել էի, որ հանրահավաքին ներկա լինելու եմ: Ցավոք, ունեի առողջական խնդիր եւ մինչեւ վերջ չեմ մնացել Ազատության հրապարակում, սակայն բոլոր ելույթներին հետեւել եմ: Առաջին տպավորությունս` հանրահավաքը, լինեմ անկեղծ, իմ կանխատեսածից շատ ավելի մարդաշատ էր, եւ մասնակիցների ճնշող մեծամասնությունը երկրի համար մտահոգ մարդիկ էին, ովքեր վստահաբար շարքային դիտորդ չէին: Հանրահավաքում հնչած ելույթների շեշտադրումների զգալի մասը համահունչ էր ԲՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցրած մտահոգություններին, բարձրացրած խնդիրներին եւ առաջարկներին, ու այս առումով ես տեսնում եմ բոլոր մակարդակներում համագործակցության լայն դաշտ:

Ես հատուկ ուզում եմ ընդգծել Լեւոն Տեր-Պերոսյանի ելույթի այն հատածը, ուր նա ասում է. «Ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու եւ մեզանից բան պահանջելու իրավունք չունի: Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն եւ քաջություն ունենան եւ անձամբ իրականացնեն իրենց պահանջները: Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք: Եթե մեզ հետ համաձայն չեն եւ ուզում են գնալ այլ ճանապարհով, թող գնան: Բայց եթե դա վերածվի երկիրը վտանգի ենթարկող արկածախնդրության, մենք կտանք դրա գնահատականը: Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, որը ոչ թե խելահեղ պոռթկում, այլ սառը հաշվարկ, իմաստություն եւ կարգապահություն է պահանջում»:

Սա միանշանակ նաեւ «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, եւ այս առումով առաջին նախագահի հավասարակշիռ եւ խոհեմ բանաձեւը պետք է շատերի համար ուսանելի լինի: Մյուս կողմից` սա ենթադրում է ծանր աշխատանք, քանզի լուրջ քաղաքական ուժերը չեն կարող ուղղորդվել միայն մերժելու, հեռացնելու կոչերով: Դրան զուգահեռ՝ դու պիտի առաջարկես համատեղ ծրագիր, օրակարգ, ճանապարհային քարտեզ, եւ որ ամենակարեւորն է` լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը