Լրահոս

03.03.2014 13:16


Նինա Մարգարյան. «Բաղրամյան 26-ն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է Ծառուկյանի դեմ նյութեր գրելուն»

Նինա Մարգարյան. «Բաղրամյան 26-ն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է Ծառուկյանի դեմ նյութեր գրելուն»

Ինչպես տեսնում եմ, Բաղրամյան 26-ն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է Ծառուկյանի դեմ նյութեր գրելուն: Իշխանական ցանկացած կայք բացեք (այդ թվում նաև՝ «խիստ ընդդիմադիր», բայց հոգով և սրտով սերժատու կայքերը) և կտեսնեք մի շարք անբովանդակ հոդվածներ, որոնք ուղղված են Գագիկ Ծառուկյանի դեմ:

Իշխանական լրատվամիջոցների նման աշխուժության պատճառները, իհարկե, բոլորին էլ պարզ են. ԲՀԿ-ի համագումարում հնչեցված թեզերը ևհայտարարությունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ համատեղ, չէին կարող լրջորեն չանհանգստացնել իշխանություններին: Երբ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց անցնել ակտիվ գործողությունների, մարտի 1-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունն ուղղակի չէր կարող չանհանգստացնել Սերժ Սարգսյանին:

«Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ՝ ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)…. Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով՝ Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի՝ պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ կառավարության հրաժարականին հասնելու հարցում։ Միաժամանակ, հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության՝ անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն»,–հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը:
Փաստացի, Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ֆինանսական, մարդկային, ինչպես նաև որոշ վարչական ռեսուրսներ համախմբվել են ընդդեմ գործող իշխանության: Դրան գումարենք նաև երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանները, հասարակության դժգոհության աստիճանը, ինչպես նաև գործող իշխանությունների՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, թե՛ արտաքին, թե՛ ներքին լեգիտիմության բացակայությունը, և կստանանք իշխանափոխության մեխանիկայի պատկերը:
Եվ այս ամենը հասկանում են նաև գործող իշխանությունները, այդ իսկ պատճառով իրենց բոլոր ռեսուրսներն ուղղել են ընդդեմ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի: Բայց, ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման իրավիճակներում նույնիսկ այդ ռեսուրսների անխնա ծախսելը չի օգնում մնալ աթոռին:

Հ.Գ.: Ի դեպ, ոմանք փորձեցին շահարկել Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած միտքն այն մասին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, և ցույց տալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի ողջունում է Սերժ Սարգսյանի այդ քայլը: Այդ մարդկանց խորհուրդ կտամ կարդալ Լ. Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը՝ առանձին ուշադրություն դարձնելով այս խոսքերին. «Խոսքը բոլորովին չի վերաբերում Եվրամիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը, փաստորեն, Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը»։
Այս միտքը, կարծում եմ, ուղղակի հողին է հավասարեցնում ձեր բոլոր դատարկ հոդվածները կամ ստատուսները:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը