Կարծիք

03.03.2014 10:10


ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԷՐ

ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԷՐ

Առաջին տպավորությամբ այս տարվա մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի հարցում երկակի զգացողություն կար. հա՛մ համախմբման շունչն էր երևում, հա՛մ էլ դեռ մի քիչ կաշկանդվածություն կար, որ 6 տարի առաջ ոչ բոլոր ուժերն էին բարիկադի նույն կողմում: Բայց կարևորն այն է, որ այս հավաքից հետո քաղաքական ու քաղաքացիական կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը հրատապ համարող ուժերն ավելի գործուն քայլեր կանեն ու ավելի լայն թափով կսկսեն հրապարակային պայքարը:

Ինձ դուր եկավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի դերն առանձնահատուկ կարևորեց առաջիկա գործընթացում: Ես սա ընկալեցի ոչ թե սոսկ մեկ անձի հասցեին ուղղված խոսք, այլ՝ գործարար աշխարհին ընդհանրապես: Կարծում եմ հենց այսպիսի խոհեմ մոտեցում դրսևորելով է հնարավոր հասնել հաջողության:
Վեց տարի առաջ, ինչ–ինչ պատճառներից ելնելով բիզնես էլիտան չաջակցեց պայքարին, քանի որ ի դեմս հարթակի ընդդիմության գործընկեր չտեսավ (Խաչատուր Սուքիասյանինն առանձին դեպք էր, որ ցավոք, շարունակություն չունեցավ): Իհարկե ոչ մի պարագայում չեմ ցանկանում կատարվածի մեղքը ընդդիմության վրա բարդել, ուղղակի ուզում եմ դասեր քաղենք՝ հետագայում հաղթելու համար ավելի լայն համախոհների բանակ ձևավորելու համար:

Այո, հարուստների դեմ պայքար չէ սա, ոչ էլ պրոլետարական հեղափոխություն, քանզի մենք բոլշևիկներ չենք ու ոչ էլ պատրաստվում ենք «Վերջին բոլշևիկի» ծրագրերի իրականացմանը լծվել։ Հարկավոր է ամեն ինչ անել, որ եթե ոչ բոլորը հարուստ լինեն, ապա գոնե հասարակության հիմնական մասը բարեկեցիկ ապրի, իսկ բոլորն ունենան հարստանալու ազատ ու հավասար հնարավորություն: Որ պետք է մեր երկրում լինի բարենպաստ գործարար միջավայր, որ մարդիկ չարտագաղթեն մի կտոր հացի համար:

Մեր հայրենակիցներն աշխարհի ամենահեռավոր անկյունն անգամ գնալով այնտեղ հաջողությամբ գումար են վաստակում, իրենց ընտանիքը պահում: Մասնավորապես, ՌԴ-ի որոշ բնակավայրերի հավերժական սառածության պայմաններում անգամ բերք ու բարիք են ստանում, իսկ այստեղ իրենց հողը չեն կարողանում մշակել՝ այս Աստծո տված պարգևի՝ արևի պարագայում անգամ:

Ես իմ էությամբ լիբերալ-դեմոկրատ եմ, ու բացարձակ կապ չունի կուսակցական եմ, թե ոչ, ես հարուստ մարդու նկատմամբ ատելություն չունեմ՝ ես երկիրն այսպես թալանող իշխանության հանդեպ եմ անհանդուրժող, տնտեսությունն այսպես մոնոպոլիզացնելու դեմ եմ պայքարում, այլ ոչ թե հետևանքի՝ սահմանափակ թվով հարուստների, որոնց մեծ մասն, ի դեպ, նույնպես ուզում է փոխել այս վիճակը: Հեշտ ե՞ք պատկերացնում միլիարդատեր կամ էլ մուլտիմիլիոնատեր այն գործարարների վիճակը, որ եթե հլու-հնազանդ ու ձայնազուրկ ռեժիմով չծառայեն վարչակարգին, ապա իրենց ունեցած-չունեցածները վայրկենապես կխլեն ձեռքներից: Մարդիկ այնքան հանգիստ են ասում, թե ինչպե՞ս կարող է բիզնեսմենը դուրս գալ իշխանությունների դեմ՝ անմիջապես կսնանկացնեն: Գագիկ Ծառուկյանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է հրաժարվել պաշտոններից, դուրս գալ կոալիցիայից, բարձրաձայնել երկրում առկա խնդիրների մասին ու անհրաժեշտության դեպքում էլ պայքարել իշխանությունների դեմ: Սա պետք է վարակիչ լինի, մյուսների համար օրինակ ծառայի, այլ ոչ թե դառնա իշխանահաճո քննադատության թեմա:

Ես տպավորված եմ հանրահավաքի մասնակիցների քանակից էլ, հնչած խոսքի որակից էլ, համախմբվածության աստիճանից էլ, բարձրացված հարցերի շեշտադրումներից էլ: Կուզենամ, որ ոչ միայն գործարար աշխարհին այսպիսի ուղերձներ հղվեն, այլև մեր հանրային ծառայողների բազմահազարանոց բանակին, որ նրանք էլ իրենց համար վստահելի ու կանխատեսելի գործիչների տեսնեն համախմբված ուժերի կազմում:

Հասարակության ցանկացած շերտ պետք է իր շահերն արտահայտողին տեսնի, իր համախոհին նկատի այդ շարժման առաջին գծում, որպեսզի մոտը վստահություն առաջանա: Եվ քանի որ հիմա խոսում ենք այս իշխանություններին հեռացնելու մասին, այլ ոչ թե ընտրության ենք նախապատրաստվում, հուսամ, որ այս համախմբումն իրոք իր դրական պտուղները կտա, եթե կարողանանք առավել ընդլայնել համախոհների կազմը: Պայքարի ելածներից յուրաքանչյուրը, եթե բարեխղճորեն կատարի իր գործը, ապա հաղթանակն անպայման կլինի։

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը