Մեկնաբանություն

02.03.2014 21:15


Սերժ Սարգսյանի ծանրաբեռնված գրաֆիկը

Սերժ Սարգսյանի ծանրաբեռնված գրաֆիկը

Երեկ Սերժ Սարգսյանը շատ ծանրաբեռնված գրաֆիկով էր աշխատում։ Նա ամենուրեք էր և փորձում էր բան բաց չթողնել։

«Վերջի բոլշևիկը» նախ «Մարտի 1»–ի հետ կապված երթ արեց, ՌԴ դեսպանատան դիմաց «քլնգեց» Պուտինին 10 զոհերի համար, ապա հասավ Բաղրամյան 26 (ի դեպ, մինչև այդ Սերժը հասցրել էր «Մարտի 1»–ի հանձնաժողովի քննարկումների ժամանակ ԱԺ–ում հանդես գալ «կոոպերատիվ ՀՀՇ»–ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանի տեսքով)։

Սերժը, նախագահական նստավայրի դիմաց հասնելուն պես, Դավիթ Շահնազարյանի, Պարույր Հայրիկյանի ու «Եվրամայդանի» հայկական «լեգեոնի» ներկայացուցիչների շուրթերով պահանջեց ՌԴ նախագահի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականները, ինչպես նաև գեղամյանություն արեց Գագիկ Ծառուկյանի դեմ։ Կոնսպիրոլոգիայի համար հնչեցրեց նաև «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը, բայց միայն էշերին պարզ չէր, որ դա էժանագին թատրոն էր։

30 հոգանոց հուժկու երթն ու «հանրահավաքը» ավարտելուց հետո Սերժն ու իր փողոցային «ֆեյքերը» տեղավորվեցին համակարգիչների (մարդ կա՝ «Ipad»–ի) դիմաց ու հետևեցին Ազատության հրապարակում ընթացող բազմահազարանոց հանրահավաքին։

Հանրահավաքի տված նյութը մարսելուց, Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը հասկանալուց հետո Սերժ Սարգսյանը երեկոյան կողմ իջավ Մյասնիկյան արձանի մոտ։ Նրան, իհարկե, ոչ ոք չտեսավ, բայց փոխարենն այնտեղ էին բերդից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանին «մարտական ընկեր» համարելու տարբերակով քծնած, բայց այդպես էլ Հրազդանի քաղաքապետի պաշտոնը «մարտական ընկերոջից» չստացած Սասուն Միքայելյանը, ինչպես նաև ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանի միջնորդությամբ ազատության մեջ հայտնված Արարատ Զուրաբյանը, այսինքն՝ Դավիթ Շահնազարյանի ու Պարույր Հայրիկյանի փոխարինող կազմը։

Սասունն ու Արարատը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներին հարցազրույցներ էին տալիս ու հայտարարում, որ չեն ուզում խոսել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից ու Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից, բայց խոսում էին բացառապես Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից և Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից՝ իրենց փայ գեղամյանությունն անելու ծրագրի շրջանակներում։ Այդպիսով պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը հասցրել է ամեն տեղ լինել, բայց տարբեր դեմքերի տակ թաքնված։

Ինչ վերաբերում է նրա «ֆեյքերին», ապա սրանք որքան էլ փորձեցին ազատ ու անկախ երևալ, այնուհանդերձ իրենց հետևում երևացող ականջները թաքցնել չկարողացան։

ՀՀԿ–ական պատգամավորի կուռացիայի տակ աշխատող և վերջին շրջանաում Նիկոլ Փաշինյանի PR–ով զբաղվող «tert.am»–ին տված հարցազրույցում Սասուն Միքայելյանը նախ չեմուչում արեց, ապա պատասխանեց ՀԱԿ առաջնորդի ելույթի հետ կապված հարցին։

«Վարչապետի հրաժարականը պահանջելով՝ իրենք լեգիտիմացնում են Նախագահին, այսօր վարչապետ են ուզում փոխեն, արդեն ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այսինքն ո՞նց կարող է վարչապետ դրվի ոչ ՀՀԿ կուսակցությունից»,– գալուստսահակայաններին ու էդվարդշարմազանովներին կրկնելով և Տեր–Պետրոսյանի ասածները նենգափոխելով՝ հայտարարեց «թունդ քաղաքացիական» Սասունը։

Նկատենք, որ ԱԺ ոչիշխանական ուժերը քննարկում են ոչ թե վարչապետի, այլ կառավարության փոփոխության հարցը՝ այն դիտարկելով որպես ամբողջական իշխանափոխության հասնելու տարբերակներից մեկը։ Այդ մասին խոսեց նաև Տեր–Պետրոսյանը, բայց Սասունը, կարկառուն ՀՀԿ–ականների պես, խեղաթյուրեց իրականությունն ու սկսեց կռիվ տալ իր իսկ խեղաթյուրած իրականության դեմ։

Բա արժե՞ր Սերժ Սարգսյանի սրտից ջուր խմելու և գեղամյանություն անելու համար գալ հասնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ անունը դնելով «զոհերի հիշատակի հարգում»։ Իհա՛րկե չարժեր։ Բայց դե Սերժ Սարգսյանը սիրում է ամեն տեղ լինել ու հասցնել՝ հընթացս լիմոնի պես քամելով իր բոլոր հաճախորդներին։ Թեև նկատենք, որ շագրենու կաշվի պես Սերժի հաճախորդական շարքերը սեղմվում են։

Դավիթ Շահնազարյանով, Պարույրով ու Սասունով, ինչպես նաև հաստիքային Շարմազանովով, Կարեն Ավագյանով ու Աշոտյանով հեռու չես գնա։ Չեն փրկի անգամ ցողունային բջիջները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը