Մեկնաբանություն

02.03.2014 19:35


Ինչո՞վ են կիբեռգեղամյանները պակաս Արտաշես Գեղամյանից

Ինչո՞վ են կիբեռգեղամյանները պակաս Արտաշես Գեղամյանից

Նախ ճշտեմ, որ կիբեռգեղամյան ասելով՝ նկատի չունեմ Էդվարդ Շարմազանովին, Կարեն Ավագյանին կամ Արմեն Աշոտյանին։ Սույն պարոնները ոչ թե հաճախորդներ, այլ Սերժ Սարգսյանի հաստիքային պաշտպաններն են ու հազար գլուխ ավելի բարոյական են (քանզի չեն թաքցնում իրենց քաղաքական համակրանքն ու խաղեր չեն տալիս՝ գոնե առայժմ խաղեր չեն տալիս), քան ազատ, անկախ և խիստ ընդդիմադիր ներկայացող նախագահական նստավայրի արտահաստիքային դհոլները՝ ՀՀԿ խմբակցության շարքերը համալրած Արտաշես Գեղամյանի հոգեզավակները։

Հիմա անցնեմ բուն թեմային։

Ուրեմն մարդ կա պատրաստվում է մի քանի հազարանոց զորք մտցնել Ուկրաինա, մարդ կա պատրաստվում է զորքերը հանել Իրաքից, մարդ էլ կա արդեն մտցրել է իր մի քանի հոգանոց զորքը ... «ֆեյսբուք»։

Բանն այն է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը երեկ ելույթ է ունեցել Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Նա խոսել է ԱԺ–ում գործող չորս ոչիշխանական ուժերի՝ «հրաշալի քառյակի» մասին, ինչպես նաև համեմատել Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլու հետ։ Դրանից հետո Բաղրամյան 26–ը իր բոլոր հաճախորդներին բերեց մարտական պատրաստվածության վիճակի ու նետեց համացանց։ Ակնհայտ դարձավ, որ Իվանիշվիլու «մոմենտով» Սերժ Սարգսյանը հոգեխանգարմունքի է ենթարկվել։

«Տագնապ» ազդանշանից հետո «Ֆեյսբուք» նետվեցին բոլոր «մաստի» ստատուսչիները՝ գինեկոլոգ–պոլիտոլոգները, ղզղնած կնանիք, սութի վերլուծաբանները, ֆեյքերի ֆեյքերը, պոլիտԾիխնոլոգները, գեոպոլիԾիկները, «մուտիլովշիկները», բամբասչիները, պարկապզուկները, դհոլները, ֆեյսբուքային «հեղափոխականները»։ Մի խոսքով, բոլորը՝ ահել ու ջահել, մայր ու մանուկ։ Թվով՝ մոտ երկու տասնյակ։

Ակնհայտ էր, որ Բաղրամյան 26–ից հրահանգվել էր պայքարել «Ծառուկյանը հայկական Իվանիշվիլին չէ» կոդով։ Եվ ահա պայքարիստները շտապել էին ամեն մեկն իր ձևով կատարել այդ առաջադրանքը, բայց բոլորի մոտ կարմիր թելով անցնում էր «Իվանիշվիլին դրսում է վաստակել իր փողերը, իսկ ահա Ծառուկյանը երկրի ներսում է խոշոր սեփականատեր դարձել, հետևաբար՝ չի կարող Իվանիշվիլի դառնալ» միտքը, ինչը նշանակում է, որ կոնկրետ այդ մասով շրջաբերական էր իջեցվել։

«Ա ծիպեռ, վնիմանյու վապռոս». ինչո՞վ են վերոնշյալ ստատուսչիները Գեղամյանից պակաս։ Ինչքան որ Գեղամյանն էր «ընդդիմադիր» դիրքերից ծառայում Սերժ Սարգսյանին, այնքան էլ կիբեռգեղամյաններն են ծառայություններ մատուցում «Վերջի բոլշևիկին»։ Տարբերությունը, թերևս, զրոների մեջ է։ Գեղամյանը, հաստատ, մի քանի զրո ավել է ստացել, քան սրանք բոլորը միասին վերցրած։

Իսկ թե ինչ է սպասվում նորաթուխ գեղամյաններին, կարող եք ծանոթանալ հոդվածին կից նկարում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը