Քաղաքական

01.03.2014 17:15


Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանի ռեժիմը մեկուսացած է»

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանի ռեժիմը մեկուսացած է»

Լևոն Զուրաբյանի ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքում

Վեց տարի առաջ Հայաստանի իշխանությունները առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վրա, սպանելով և վիրավորելով մեր բազմաթիվ համաքաղաքացիներին: Այսօր համեմատություններ են անում Ուկրայինայի վերջին դեպքերի հետ, ասելով, որ ուկրայինացիք, ի տարբերություն հայ ժողովրդի, կանգնեցին մինչև վերջ, և այդ պատճառով էլ հաղթեցին: Թույլ տվեք մերժել այդ հակադրումը: 2008 թվականի մարտի 1-ին հայ ժողովուրդ նույնքան հերոսական և հզոր դրսևորեց իրեն, չնահանջելով անգամ մահաբեր գնդակների առջև: Ոստիկանությունը այդ օրը երեք անգամ գրոհեց ժողովրդի վրա, և արդյունքում, ստանալով հզոր հակահարված, լիովին ջախջախվել էր, ըստ էության դադարել իր գոյությունը, թողնելով ռեժիմին միայնակ ժողովրդի դեմ: Ռեժիմը կարողացավ պահել իշխանությունը միայն այն բանից հետո, երբ, խախտելով Սահմանադրությունը, հայտարարեց արտակարգ դրություն և ժողովրդի դեմ հանեց երկրի զինված ուժերը` բանակը, մի բան, որ Ուկրայինյում այդպես էլ չեղավ: Ինչո?ւ Հայաստանի իշխանություններին հաջողվեց այն, ինչը չհաջողվեց Ուկրայինյա իշխանություններին:

2008 թվականին իշխանությունը պինդ էր և համախմբված, վայելում էր ուժային կառույցների և խոշոր գործատերերի անվերապահ հավատարմությունը: Իշխանությունը վերահսկում էր տնտեսական գործընթացները երկրում, և ուներ աշխարհաքաղաքական կարևորագույն կենտրոնների քաղաքական և ֆինանսական աջակցությունը: Ռեժիմը կարողացավ կատարյալ տեղեկատվական շրջափակում ստեղծել մարտիմեկյան արյունալի բռնաճնշումների շուրջ և ապահովել ժողովրդավարական Եվրոպայի թողտվությունը` Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումների նկատմամբ, ինչի շնորհիվ ըստ էության մեկուսացրեց մեր ժողովրդավարական Շարժումը: Ճիշտ է, համառ պայքարի շնորհիվ մեզ հաջողեց վերականգնել Շարժման թափը և 2011 թվականին, Արաբական գարնան բարենպաստ միջազգային միջավայրում ևս մեկ անգամ գրոհել ռեժիմի դիրքերը: Իշխանությունը, սակայն, պահպանել էր միասնակությունը իր ճամբարում, ինչպես նաև արտաքին քաղաքական աջակցությունը, ուստի, այդ գրոհը սահմանփակ արդյունքներ արձանագրեց: Այն ժամանակ մենք ստիպեցինք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և վերադարձնել երեք տարի շարունակ օկուպացված Ազատության հրապարակը ժողովրդին, բայց իշխանությունը տապալեց արտահերթ ընտրությունների միջոցով` դեպի ժողովրդավարություն անցման շուրջ ծավալված երկխոսությունը:

Նման վիճակում Շարժումը ընտրեց պայքարի նոր ճանապարհ` Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական հենարանի աստիճանական մեկուսացման ռազմավարությունը: Դրա էությունն էր` ստեղծել ճեղքեր իշխանական կոալիցիայի ներսում, նվաճել ժողովրդական Շարժման համար նորանոր դաշնակիցներ քաղաքական ուժերի և ազդեցիկ գործարար շրջանակներում, ապացուցել արտաքին բնագավառում ռեժիմի տրված խոստումների դատարկությունը: Եւ այսօր մենք զեկուցում ենք ձեզ, Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին, այս քաղաքականության բացառիկ հաջողությունների մասին: Սերժ Սարգսյանը այլևս գտնվում է կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ:

1. Նախ, երկրի հիմնական քաղաքական ուժերը`Հայ Ազգային Կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ու Ժառանգությունը միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ: Համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս ժողովրդին հուզող բոլոր հարցերով հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններ և Ազգային Ժողովին պարտադրել ժողովրդի օրակարգը: Բոլորդ ականատես եք, թե ինչպես մեզ հաջողվեց քննարկման դնել իշխանությունների գազային ավանտյուրայի հարցը, մարտի 1-ի սպանությունների խնդիրը, կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ, որոնք ուղղակի բարոյալքել և կազմալուծել են իշխանական մեծամասնությանը: Վստահ եմ, որ Կոնգրեսի մուտքով Ազգային Ժողովում հեղափոխված մթնոլորտը նպաստել է նաև այսօրվա հանրահավաքի բազմամարդությանը: Հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, և և այլևս չեմ բացառում, որ ինչ-որ պահի Չորսի ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Ազգային Ժողովում և Ազատության հրապարակում պայքարի համակցումը էլ ավելի խեղճ վիճակի մեջ է դնելու իշխանություններին և թույլ կտա լրիվ նոր բարձրունքներից գրոհել ռեժիմի դիրքերի վրա:

2. Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում հանրության գրեթե բոլոր հատվածները և շերտերը. գործարարներ, մտավորականներ, գյուղացիներ, ուսուցիչներ: Բոլորը հասկացել են, որ Սարգսյանը կատարելապես ձախողել է Հայաստանի պետական կառավարումը և զբաղված է բացառապես թալանով: Սարգսյանի և նրա բարեկամական շրջապատի ագահության և ամեն ինչ մենաշնորհելու` անհագուրդ տենչի պատճառով, նա կորցրել է անգամ խոշոր ձեռնարկատերերի աջակցությունը, որոնք տարիներ շարունակ եղել են ռեժիմի ամենահավատարիմ հենարանը: Երկրի թալանի և պետական կառավարման ձախողումների հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները Սերժ Սարգսյանի կառավարությունը փորձում է լուծել գործատերերի և բնակչության վզին փողահավաքի նորանոր սխեմաների փաթաթմամբ: Կուտակային պարտադիր վճարումներ, կարմիր գծեր, արագաչափեր և նկարահանող սարքեր, գազի և էլեկրտականության արհեստականորեն բարձր գները, այս բոլոր դարձել են ռեժիմի ձեռքում սեփական ժողովրդի քերթման սխեմաներ, որոնք բազմանալու են այնքան ժամանակ, ինչքան մենք հանդուրժելու ենք այս ռեժիմը:

3. Հայ-թուրքական հաշտության և Եվրաասոցացման բանակցությունների տապալումը, Ռուսաստանի հետ վստահելի հարաբերություններ կառուցելու Սերժ Սարգսյանի ակնհայտ անկարողությունը մեկուսացրել են ռեժիմին նաև արտաքին հարաբերությունների բնագավառում: Աշխարհաքաղաքական կենտրոնները այլևս չեն սատարում նրան ոչ ֆինանսապես, ոչ էլ քաղաքականապես և, ուշադրություն, այլևս չեն հանդուրժի ուժի կիրառումը հայ ժողովրդի ընդվզման դեմ: Այն, ինչ ես ասացի, ոչ ենթադրություն է, ոչ էլ քաղաքագիտական վերլուծություն: Սա ինֆորմացիա է, որին մենք տիրապետում ենք շնորհիվ մեր ինտենսիվ դիվանագիտական շփումների: Եւ սա հավասարապես վերաբերվում է և’ Ռուսաստանին, և’ Արևմուտքին:

Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թուլ չի եղել: Այսօր ոչ թե Շարժումն է մեկուսացած, այլ մեկուսացած է Սերժ Սարգսյանի ռեժիմը և ստեղծվել են բոլոր նախադրյալները Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը սկսելու համար: Այսօրվա հանրահավաքի հզորությունը իսկապես ցույց է տալիս, որ եկել է նրա հեռանալու պահը: Ես կարո՞ղ եմ ասել սա Ազատության հրապարակում հավաքված ողջ ժողովրդի անունից:

Ձեր «այո»-ն նշանակում է, որ Հայաստանում բոլորի համար եկել է կողմնորոշվելու պահը: Բոլորը պետք է որոշեն, ժողովրդի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի «ճշմարտության պահը»: Եւս մեկ-երկու այսպիսի հանրահավաք և մենք կուղարկենք Սերժ Սարգսյանին պատմության գիրկը:

Հանուն Ազատության իրենց կյանքը տված հերոսների` մարտի մեկին զոհված մեր 10 եղբայրների երդվենք, որ նրանց գործը հասցնելու ենք հաղթական ավարտի, և Հայաստանը դարձնելու ենք ազատ ժողովրդավարական բարեկեցիկ երկիր: Դժվար է գտնել նրանց հիշատակը հարգելու ավելի լավ ձև: Կեցցե Հայաստանը, կեցցե ազատությունը, կեցցե համազգային համախմբումը: Միացում:

Այս խորագրի վերջին նյութերը