Լրահոս

01.03.2014 16:26


Վահագն Խաչատրյան. «Հայաստանը վեց տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրել է 4,5 մլրդ դոլարի»

Վահագն Խաչատրյան. «Հայաստանը վեց տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրել է  4,5 մլրդ դոլարի»

Վահագն Խաչատրյանի ելույթը Ազատության հրապարակում

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ,

Վեց տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության իշխանությունները` հրաժարվելով երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի հանգուցալուծման իրավական, խաղաղ տարբերակից, որոշեցին օգտվել զենքի ուժով իշխանությունը պահելու հնարավորությունից: Դրա արդյունքում տեղի ունեցավ ամենաողբերգականը` իշխանության կողմից հրազենի օգտագործման արդյունքում տասը խաղաղ, անզեն քաղաքացիներ զոհվեցին:

Վեց տարի շարունակ արյան գնով իշխանության եկած ուժերը, այդպես էլ չընդունելով իրենց մեղքը, ոչինչ չարեցին կատարված հանցագործությունը բացահայտելու, մեղավորներին հայտնաբերելու, պատժելու ուղղությամբ: Ընդհակառակը, իշխանության հակառակորդ հարյուրավոր մարդիկ անհիմն մեղադրանքներով հայտնվեցին անազատության մեջ, ենթարկվեցին տարբեր պատիժների:

Չգիտեմ՝ ինչքանո՞վ էր իշխանությունը բավարարված իր պահվածքից, ի՞նչ շարժառիթներից ելնելով էր առաջնորդվում, սակայն մի բան այսօր արդեն բոլորիս համար ակնհայտ է. որ 2008 թվականի մարտի 1-ի գնով իշխանության եկած մարդիկ մեր երկիրը` Հայաստանի Հանրապետությունը տարան կործանման:

Որպես վերը ասածի ապացույց թվարկեմ երկու փաստ.
1. Վերջին վեց տարիների`2008-2013թթ. ընթացքում Հանրապետությունից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ ՀՀ Վիճպետկոմ-ի, կազմել է 246 066 մարդ, որը հավասար է այսօրվա Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնակչությանը:

Հասկանալի է, որ քաղաքական-տնտեսական իրավիճակից բխող այս խնդիրը լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը:

2. Հայաստանը վեց տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրել է 4,5 մլրդ դոլարի, 2008 թվականի համեմատ այն ավելացնելով ավելի քան 2,5 անգամ, սակայն այդպես էլ չկարողանալով վերականգնել տնտեսության մինչճգնաժամային մակարդակը:

Հայաստանը, ըստ էության, անցած նշված տարիներին կորցրեց իր մրցունակությունը ոչ միայն համշխարհային մակարդակով, այլ նաև տարածաշրջանում` վերածվելով մի անհեռանկար, տնտեսական առումով անհետաքրքիր, կոռումպացված երկրի, որտեղ երկրի քաղաքացին, աշխատավորները, տնտեսավարողները, բիզնեսմենները, հատկապես փոքր և միջին բիզնեսը, շնչահեղձ են լինում, այլևս չեն դիմանում պետական - իշխանական կազմակերպված թալանին: Իշխանության երևակայությունն էլ, պարզվում է, չափ ու սահման չի ճանաչում` գիշերը քնում, առավոտ արթնանում են մարդկանց, սեփական երկրի քաղաքացիների գրպանները դատարկելու, կեղեքելու, թալանելու նոր ձևեր, մեթոդներ գտած` «Սասունցի Դավիթ» էպոսի հարկահավաք Բադինն ու Կոզբադինը սրանց շատ կնախանձեին:

Տեսեք` ինչեր տեղի ունեցան անցած տարի, ինչպես թալանեցին ժողովրդին: Թվարկեմ հերթով. ի դեպ դրանց մասին ես, իմ գործընկերները, ԱԺ-ի ՀԱԿ և ոչ իշխանական խմբակցությունները շատ են խոսել.

- գազի նոր սակագին`18% թանկացում, հետո «Հայռուսգազարդ»-ի վաճառք, արտաքին պարտք - մի խոսքով` սրտաճմլիկ մի պատմություն, որի արդյունքում պարզվեց, որ գազ սպառողները, չսպառողները մի հատ էլ շնորհակալ պիտի լինեն իշխանությունից, որ իրենց` պարտքի դիմաց ստրկության չեն տվել:

- էլեկտրաէներգիայի նոր սակագին` 30-40% թանկացում. ըստ վերջին, ընդամենը մի քանի օրվա թարմ տեղեկությունների` էլի է թանկանալու;

- Երևան քաղաքում վճարովի ավտոկանգառներ- «Կարմիր գծեր»;

- Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ;

- Ամենաթարմը` ԱՊՊԱ-ի ձևակերպումների հետ կապված տույժ ու տուգանքների վճարում;

- Նշվածներն ամբողջական դարձնելու համար չմոռանանք արագաչափերը, տեսախցիկները, երթևեկության կանոնների համար սահմանված` մեկ երրորդից ավելին աղքատ ազգաբնակչության ունեցող ՀՀ քաղաքացիների համար աստղաբաշխական թվերի հասնող տուգանքները:

Չկասկածեք, հենց այս պահին թալանի մի հերթական գաղափար է եփվում իշխանավորների ուղեղներում: Իրավունք ունենք այսպես ասելու, քանի որ ոչ մի առողջ տրամաբանող իշխանություն իր քաղաքացուն այսպես նվաստացած, անպաշտպան, անհույս, իշխանությանը չհարգող ու չընդունող

վիճակում չէր թողնի:

Իհարկե, կարող է հարց առաջանալ` իսկ ի՞նչ են եղել այդ թալանված գումարները. ավելի մանրամասների մեջ չխորանալով, հղում կատարեմ ՀԲ-ի կողմից հրապարակված մի փաստաթղթի` «Անօրինական ֆինանսական հոսքեր» վերնագրով, որտեղ մասնավորապես նշված է, որ 2002-2011 թթ.-ի ընթացքում Հայաստանից անօրինական ճանապարհներով դուրս է բերվել 6,2 մլրդ ԱՄՆ դոլար , որից 5 միլիարդը` միայն 2007-2011թթ.:

Քանի դեռ այս համակարգը կա, թալանը շարունակվելու է, անընդհա՛տ է լինելու: Հերթական թալանն ուղղված է լինելու այն մարդկանց, խմբերին, ովքեր ունեն եկամուտներ, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից:

Պարտադիր կենսաթոշակայինի ներդնումը հենց այդ նպատակն է հետապնդում: Հակառակ դեպքում` դա կլիներ կամավոր, հստակ տնտեսական մեխանիզմներով, որոնք մարդկանց հնարավորություն կտար ընտրել` մասնակցե՞լ, թե՞ ոչ: Ի՞նչ ցույց տվեց անցած ամիսների պայքարը.

- իշխանությունը գնալով ավելի կոշտացրեց իր դիրքորոշումները, ի վերջո` Սերժ Սարգսյանի բերանով հայտարարելով, որ չնայած ազգաբնակչության ութսուն տոկոսը դեմ է, միևնույն է` իրենք ամեն ինչ անելու են այն կյանքի կոչելու համար: Իսկը ընտրությունների ոճով... ինչքան պետք է, այնքան էլ կխփենք/կնկարենք:

- Ինչքան էլ քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները` հանձին ԴԵՄ ԵՄ շարժման, փորձում էին իրենց մոտեցումները, հիմնավորումները տանել կառուցողական, իրավական դաշտ, բանակցությունների, հանդիպումների արդյունքում ինչ-որ արդյունքի հասնելու ակնկալիքով, այնքան իշխանությունը կոշտացնում էր իր դիրքորոշումը, ավելի էր մեծացնում ուղղակի և անուղղակի ճնշումները հանրահավաքների մասնակիցների, առանձին գործատուների վրա:

Այս ամենի պատճառը մեկն է` իշխանությանը շտապ անհրաժեշտ է փող, այն էլ` շատ ու մի անգամից: Պարտադիր կենսթոշակայինը լավագույն միջոցն էր այս գաղափարը իրականացնելու, առավել ևս , որ կային նաև միջազգային հովանավորողներ:

Ինչպե՞ս են հիմնավորում այս համակարգի անհրաժեշտությունը.

- Նախ պարզվեց, որ հանձինս մեր իշխանավորների` երկրում հայտնվել են փրկիչներ, որոնք ավելի շատ են մտածում մեր քաղաքացիների մասին. չեն քնում, օր ու գիշեր տանջվում են, երազում են, որպեսզի այսօրվա երիտասարդներն ավելի բարեկեցիկ ծերություն ունենան` միջինը մի 35 տարի հետո;

- Նաև կանխատեսումներ են անում – այս գործի լավագույն մասնագետը Տիգրան Սարգսյանն է` հիշու՞մ եք` տնտեսական ճգնաժամի ժամանակ ինչ ճիշտ կանխատեսում արեց – արդյունքում 9,2 % աճի փոխարեն` ստացանք14,5% անկում;

- Հետո պարզվեց, որ այդ ընթացքում մեր քաղաքացիները նաև կրթվելու հնարավորություն են ստանալու` ամեն անգամ թոշակային կուտակային հաշիվների հետ ծանոթանալիս;

- Ի՞նչ ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները. ընդամենը մեկ օրինակ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թոշակի անցնելուց հետո այսօրվա երիտասարդը մինչև տասներկու տարի ամեն ամիս կստանա այսօրվա 41000 դրամի համարժեք թոշակ, սրա մասին իմիջայլոց լռում են: Այսինքն, բարեկեցիկ թոշակային կյանքի ամսական գինը 41000 դրամ է:

Հուսով եմ, ավելի մանրամասն ելույթ ունենալու հնարավորություն այս հարցի հետ կապված` դեռ կունենանք. սա դեռ ամբողջական պատկերը չէ, որ ներկայացվեց:

Մեկ անգամ ևս նշեմ, որ սա ամենասովորական գրպանահատություն է, որի հեղինակը և իրականացնողը իշխանությունն է, քանի որ չկա որևէ երաշխիք, որ մարդկանցից ստիպողաբար վերցված գումարները, ի վերջո, ծառայելու են այսօր այդքան գովաբանված հեռու, շատ հեռու ժամանակների բարեկեցիկ ծերության ապահովմանը:

Մարդկանց պարտադրելու, ստիպելու, ավելի խելացի երևալու փոխարեն, իշխանությունը պետք է հանգիստ թողնի բիզնեսին, դադարեցնի տասնամյակ շարունակվող բիզնեսի թալանը, հարկային տեռորը: Թողնի, որ մարդիկ զգան, վայելեն ազատության բերկրանքը. միայն այդ դեպքում երկիրը , մարդիկ ոտքի կկանգնեն, կզբաղվեն ոչ միայն իրենց անձնական բարեկեցության հարցերով, այլեւ կամրացնեն պետությունը, կզարգացնեն տնտեսությունը: Սա այն ամենապարզ ու ընկալելի ճանապարհն է, որը հնարավորություն է տվել մարդկությանը` իր պատմության ընթացքում հասնել հաջողությունների;

Հասկանալի է, որ այս իշխանության և իշխանավորների համար սա անընդունելի, դժվար ճանապարհ է , բայց դե` իրենք հավերժ չեն և այդքան ուժ էլ չունեն այս փտած, իրեն վարկաբեկած համակարգը պահելու: Կարող են, իհարկե, միայն ուժով, զենքով, այն` ինչ արեցին վեց տարի առաջ Մարտի մեկին:

Կյանքը ցույց տվեց, որ դա էլ իրենց չփրկեց, այսօրվա իշխանությունը կարողացավ անցած վեց տարիների ընթացքում այնպես ավերել երկիրը, որ ՀՀ քաղաքացիները, իրենց հայրենիքին նվիրված, ծառայած հարյուր հազարավոր մարդիկ` խաղաղ պայմաններում, ապահով, անվտանգ կյանքի ակնկալիքով ստիպված եղան լքել իրենց երկիրը, հարազատ օջախները:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ճանապարհ կա`

ա/պարտադրել գործող, այլևս իրեն սպառած, վտանգավոր դարձած, զարգացման որևէ պոտենցիալ չունեցող այս հակապետական իշխանական համակարգին` խաղաղ ճանապարհով հեռանալ;

բ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալ իրականացնելու իր սահմանադրական ամենակարևոր առաքելությունը` ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն:

Ուրեմն ինչո՞ւ ենք զարմանում, երբ միջազգային «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպությունը Հայաստանը դասում է «զավթված պետությունների» շարքը:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը