Կարծիք

28.02.2014 16:00


ՄՆԱՑԵԼ Է «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» ԿՈՉՈՒՄՆ ԷԼ ՍՏԱՆԱՆ ՈՒ ՎԵՐՋ

ՄՆԱՑԵԼ Է «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» ԿՈՉՈՒՄՆ ԷԼ ՍՏԱՆԱՆ ՈՒ ՎԵՐՋ

Այս օրերին լրագրողական ու համացանցային հետաքրքրությունը համառորեն չի նվազում այն հարցում, որ մեր որոշ, մեղմ ասած գիտելիքի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող պաշտոնյաներ, գիտնական են դարձել, և մի քանի հայտնի մարդիկ էլ, ղարաբաղյան պատերազմին մասնակցած չլինելով՝ երկրապահ: Քննադատելու ցանկություն բացարձակապես չունեմ, քանի որ վերաբերվում եմ այս երևույթին մի տեսակ կարեկցանքով: Որքան պետք է մարդ կոմպլեքսավորված լինի, որ աշխատավայրից տեղեկանք ներկայացնի ԲՈՀ-ին, որպեսզի իրեն էլ հատկացնեն ԻՏԹ-ի վկայական (իշխանական տգիտությունների թեկնածու): Անկեղծ ասած, լեզուս չի պտտվում գործածել գիտական աստիճան կամ էլ կոչում բառերը, քանի որ գիտությունն այստեղ ի՞նչ կապ ունի: Կամ էլ տեղեկանք տանի ԵԿՄ վարչություն, որպեսզի իրեն պաշտոնին կամ նյութական միջոցներին համապատասխան երկրապահական կարգավիճակ ստանա այդ կառույցում:

Ժամանակին մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել իմ ներկայությամբ, որի տպավորություններով ցանկանում եմ նաև ձեզ հետ կիսվել: Հավաքված էինք գրասենյակում, ներս մտնող նոր հյուրին ներկաներից մեկն ասած, թե կարող ես շնորհավորել՝ մեր ընկերը դարձել է միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (Այդ ժամանակ ավելի շատ «մոդա» էր միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի վկայական գնելը: Չեմ նշում, ակադեմիայի անունը, քանի որ որևէ հայրենակցիս վիրավորելու մտադրություն չունեմ, ես երևույթի արատավոր կողմն եմ վեր հանում՝ դրանից հնարավորինս խուսափելու համար): Նա էլ, ասես պատրաստ էր նման լուր լսելուն, պատասխանեց, թե՝ շնորհավորում եմ, և որքա՞ն գումար նստեց քո վրա այդ հաճույքը: Մեր ակադեմիկոսին, որն այդ վկայականը ձեռք էր բերել, որպեսզի տարբերվեր իր շրջապատից, այդպիսի նյութականացված հարցը վիրավորական թվաց, և անմիջապես հակադարձեց, թե դա ի՞նչ կապ ունի: Սակայն մեր հյուրն անդրդվելի էր, նա էլ ցանկանում էր իր առավելությունն ընդգծել, և ասաց՝ դե ինձ էլ են առաջարկել, բայց երբ իմացա, թե ինչքան պիտի վճարեմ, ասեցի՝ ես հո հիմա՞ր չեմ այդքան գումար տամ այդ թղթի կտորին, դա ինձ ի՞նչ է տալու, երբ բոլորը գիտեն, որ փողով է ու լսողը դրանով ոչ թե լուրջ է վերաբերում քեզ, այլ ընդակառակը՝ անլրջանում ես:
Եվ նաև ուզում եմ հիշեցնել մեր նորաթուխ երկրապահներին, որ Նապոլեոն Բոնապարտը բրիգադի գեներալ է դարձել 24 տարեկան հասակում՝ փայլուն իրականացված մարտական գործողության, ռազմական տաղանդի ու խիզախության համար: Իսկ Դիրեկտորիայի ժամանակ՝ արդեն դիվիզիայի գեներալ էր, բայց երբ կայսր դարձավ՝ կրում էր գնդապետի համազգեստ ու տարբերանշաններ: Դե կողքինները գեներալներ ու մարշալներ էին՝ շքեզ համազգեստներով ու բազմապիսի ժապավեններով, պետք է չէ՞ Նապոլեոնը նրանցից տարբերվեր: Այո, գուցե համեստորեն, կամ էլ կայսրերին հարիր անհամեստությամբ, հասկացնել էր տալիս, որ դե տղաներ ջան, եթե բոլորդ այսպես զուգված-զարդարված գեներալներ ու մարշալներ եք, ես էլ, թեպետ մարտական գեներալ եմ, բայց կարող եմ ինձ թույլ տալ կրել գնդապետի համեստ համազգեստ ու ձեզ ղեկավարել:
ԽՍՀՄ-ի տիրապետությունից դուրս գալու համար պայքարել, բայց նրա ազդեցությունից այսպես համառորեն չհրաժարվել անգամ շուրջ 25 տարի հետո, ցավալի է: Ժամանակին Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն ինքն իրեն այնքան մեդալներ ու կոչումներ էր տվել, որ արդեն խոսում էին, թե մնացել է «Հերոսուհի մայր» կոչումն էլ ստանա ու վերջ:
Հարգելի մեր հայրենակից պաշտոնյաներ, մի՞թե չեք զգում, որ կամաց-կամաց մոտենում եք այդ սահմանագծին, արդեն հնարավոր չէ ձեր մասին խոսել՝ առանց քմծիծաղի: Մինչդեռ, երբ իրականության զգացումը չէիք կորցրել, ոնց որ թե կարգին մարդիկ էիք, հարգված ընտանիքներից: Ախր, ամենաթունդ քննադատներն անգամ չէին կարող ձեզ այդպես հեղինակազրկել, որքան դուք եք այսպես ինքնաոչնչանում:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը