Քաղաքական

28.02.2014 13:39


Վահե Հովհաննիսյան. «մենք կողմ ենք անցնցում և հատկապես անարյուն փոփոխություններին»

Վահե Հովհաննիսյան. «մենք կողմ ենք անցնցում և հատկապես անարյուն փոփոխություններին»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ բացառել էր Հայաստանում «Մայդանի» կրկնությունը մի քանի պատճառներով։ Նրա մատնանշաճ 4 կետերից մեկն էլ հետևյալն էր.

«Մեր ժողովուրդն անցել է արդեն այդ ճանապարհը, և դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար անխտի՛ր։ Համոզված եմ, որ և՛ կուսակցությունները, և՛ մեր ժողովուրդը իր խոր իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում»։

Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ «7օր»–ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվել է՝ 2008թ. մարտի 1–ն իրո՞ք դաս է եղել ժողովրդի համար, և իրո՞ք այդ դասը «սերտած» ժողովուրդն այլևս չի ընդվզի։

–Վարչապետի առաջին ֆունկցիան երկրի տնտեսությամբ զբաղվելն է, հետո նոր քաղաքագիտական վերլուծություններ կատարելը։ Ավելի լավ է՝ իր խոստացած և հրապարակած ծրագրերի համար պատասխան տա,–հակադարձել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Ինչ վերաբերում է ժողովուրդների ընդվզելուն և իրենց կյանքը բարելավելու մղմանը, ապա դա, ըստ նրա, անառարկելի իրավունք է.

–Եթե այսօր Հայաստանում իրոք կա պայթյունավտանգ իրավիճակ, կուտակված են շատ լուրջ հարցեր, ապա այստեղ վարչապետի դերակատարումը հսկայական է։ Կարծում եմ՝ ևս մի կարճ ժամանակ այս նույն տեմպերով՝ ստվերային գործարքներով և սկանդալային պատմություններով ընթանա, ապա իրավիճակը կարող է իսկապես դուրս գալ վերահսկողությունից։ Թեև մեր քաղաքական ուժի դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում՝ մենք կողմ ենք անցնցում և հատկապես անարյուն փոփոխություններին, բայց նաև չենք ուզում, որ այդ փոփոխությունները հավերժ երկարեն։ Մենք ուզում ենք արագ, անցնցում և անարյուն փոփոխություններ։

Ինչ վերաբերում է կառավարությանն անվստահություն հայտնելուն, Վ. Հովհաննիսյանը պնդել է, որ այդ հարցը փակուղի չի մտել։

–Հարցը օրակարգում է և անպայման քննարկվելու է 4 քաղաքական ուժերի ձևաչափով և, կարծում եմ, մարտ ամսին որոշակի հանգուցալուծման կգանք։ Պարզապես այս քառօրյայում կար ավելի հրատապ խնդիր, օրինակ՝ մարտի 1-ի հանձնաժողովի հարցը։ Բայց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով աշխատանքային խումբն աշխատում է հիմնավորումների մշակման փաստաթղթի վրա,–նշել է Վ, Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը