Լրահոս

11.08.2009 17:50


Ինչքա՞ն է արժեցել Տիգրան Սարգսյանի ճաշը

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում լրագրողների «Ասպարեզ»  ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է հանրապետությունում և Շիրակի մարզում ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառման խնդիրներին:

Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ վերոհիշյալ օրենքը խախտվում է պետական տարբեր մակարդակի հաստատությունների ներկայացուցիչների կողմից՝ սկսած դպրոցներից  մինչև ՀՀ կառավարություն:

«Ներկայումս շատ դպրոցների տնօրեններ են հրաժարվում տեղեկատվություն տրամադրել այն դեպքում, երբ 2 տարի առաջ նույն այդ տնօրենները հոժարակամ տեղեկատվություն էին տրամադրում: Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ տեղեկատվությունը թաքցնելու հրահանգը տրվում է մեկ կենտրոնից»,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Նա պատրաստվում է առաջիկայում դատական հայց ներկայացնել ընդդեմ 120 դպրոցների տնօրենների, ովքեր հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել:

Լևոն Բարսեղյանը տեղեկատվություն ստանալու հարցում է ուղարկել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին և խնդրել է տրամադրել հետևյալ 3 տեղեկությունը՝ կապված 2009թ. մայիսի 6-ին «Երեքնուկ» ռեստորանում ՀՀ վարչապետի և մարզպետների խորհրդակցության հետ.

  1. Ո՞ր պետական մարմինը կամ գերատեսչությունն է պլանավորել այդ խորհրդակցությունն ու ճաշկերույթը:
  2. Ի՞նչ ֆոնդից կամ աղբյուրից են ֆինանսավորվել մասնավոր այդ ռեստորանում հիշյալ խորհրդակցությունն ու ճաշկերույթը:
  3. Որքա՞ն է կազմել այդ խորհրդակցության ու ճաշկերույթի համար «Երեքնուկ» ռեստորանին վճարված գումարը, եթե այն եղել է պետական բյուջեի միջոցներից:

Սակայն Լևոն Բարսեղայնի կարծիքով կառավարությունից ստացած պատասխանն առավել քան տարօրինակ է, քանի որ պատասխանի մեջ նշվել է, որ մայիսի 6-ին «Երեքնուկ» ռեստորանում պաշտոնական ճաշ չի մատուցվել, և որևէ պաշտոնական միջոցառում չի իրականացվել:

 «Այդ հանդիպման և խորհրդակցության վերաբերյալ կառավարության պաշտոնական վեբ կայքում առկա է պաշտոնական տեղեկատվություն։ Այնտեղ վայրը չի նշվում, բայց տեղադրված է  լուսանկար, որտեղ շատ հստակ երևում է: Եթե իրենք կարող են ասել, որ մասնավոր լրատվամիջոցները սխալվել են, ապա  այս հասցեում (http://www.gov.am/am/news/item/7249/) հենց հիմա տեղադրված ինֆորմացիայում ասվում է, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել: Նրանց ուղարկած մեր նոր հարցումով խնդրելու ենք, որ հստակ բացատրեն, թե որտե՞ղ է արված լուսանկարը, միգուցե դա մոնտաժ է կամ կոլա՞ժ, թող ասեն,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը