Մեկնաբանություն

28.02.2014 10:35


Աշոտյանը ոնց որ սաղ խառնել ա (տեսանյութ)

Աշոտյանը ոնց որ սաղ խառնել ա (տեսանյութ)

Կարդացի Հրանտ Տեր–Աբրահամյանի խմբագրականը և որոշեցի համացանցում փնտրել Արմեն Աշոտյանին։ Ցանկացա «բնագրով» լսել այն, ինչ տեքստով չես փոխանցի։

Գտա Աշոտյանին ու մտքիս անմիջապես եկան Ուկրաինայի «Տարածաշրջանների կուսակցության» մի շարք ներկայացուցիչներ։

Դատելով ամենից՝ կարկառուն այդ ՀՀԿ–ականը ծպտյալ հակասերժական է առնվազն 2008թ. մարտի 1–ից։ Պարզվում է, որ նա վեց տարի առաջ տանը, բարձի տակ հոնգուր–հոնգուր լացել է, սեփական ննջարանում հանրահավաք է արել Սերժ Սարգսյանի դեմ, ուզեցել է, որ հայ ժողովուրդը տանից դուրս գա ու գնա Մյասնիկյանի արձանի մոտ, բայց անձնական ողբերգություն է ապրել, երբ իմացել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը տանն է մնացել ու դրանից հետո ատում է առաջին նախագահին։

Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն։

Ինչպես հայտնի է, ՀԱԿ–ից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես դարձավ ՀՀ կրթության և գիտության նախարարի սիրելին։ Աշոտյանն այնքան է տարված Նիկոլի PR–ով, այնքան է հիացած «Քաղաքացիական պայմանագրով», որ ամեն ինչ խառնել է ու սկսել բացահայտ մեղադրանքներ ներկայացրել ՀՀԿ ղեկավարի հասցեին։ Դրանք այնպիսի մեղադրանքներ են, որ մնում է միայն Աշոտյանի ձեռքը տալ «Սերժի՛կ, հեռացի՛ր» ու «Նիկո՛լ, մոտեցի՛ր» պաստառները և ուղարկել Ազատության հրապարակ՝ Վարդգես Գասպարիի կողքը պառկելու։

Դատե՛ք ինքներդ. Արմեն Աշոտյանը 2008թ. մարտի 1–ի թեմայով դրական լուսի ներքո է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի պահվածքը և քննադատում Լևոն Տեր–Պետրոսյանին։

«Ես ողջունում եմ, օրինակ, Նիկոլի մոտեցումը (նկատի ունի մարտի մեկի գիշերը Մյասնիկյանի արձանի մոտ գիշերելու որոշումը–Ս.Մ.), որովհետև ինքը ունի նման առիթ` նման բան անելու, ինչն, օրինակ, չունի Լեւոն Զուրաբյանը` գիշերել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հրապարակում, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին` մարդա իրա տանը…»,– լրագրողների առաջ իր սիրտն է բացել Աշոտյանը։

Ահա և վե՛րջ։ Աշոտյանը բացահայտվեց։ Նա քննադատաբար է վերաբերվում այն հանգամանքին, որ Տեր–Պետրոսյանը մարտի 1-ին մնացել էր տանը։ Իսկ դա նշանակում է, որ բռնության միջոցով իշխանությունը զավթելու փորձի համար դատապարտված և ապա համաներմամբ ազատ արձակված Նիկոլը 2008–ի մարտի 1–ին Աշոտյանի համար դրական գործ է արել, իսկ ահա չար Լևոնը տանից դուրս չի եկել ու չի նպաստել Սերժ Սարգսյանին տապալելու գործին։

«Պատկերացնո՞ւմ եք եթե բոլորը Լեւոնի նման այդ գիշերը դիմավորեին` մարդա իրա տանը…»,– իր հոգու ճիչն է արձակում Աշոտյանը՝ կոպիտ սխալ համարելով այդ օրը տանը մնալն ու հրապարակ չգալը։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։ Իսկ ոմանք պնդում են, թե ՀՀԿ–ականները Յանուկովիչի նախկին կուսակից ընկերների պես իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանին չեն մեղադրի ու չեն ասի, թե նա Հայաստանը ծառայեցնում էր իր ընտանիքի շահերին։

Սերժը դեռ իշխանության ղեկին է, բայց Արմենն արդեն ցավ է ապրում, որ ժողովուրդը չտապալեց նրան 2008–ի մարտի 1–ին։

Բա պատկերացնու՞մ եք, թե ինչեր է ասելու Աշոտյանը, երբ Սերժ Սարգսյանն ընկնի Յանուկովիչի օրը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը