Մեկնաբանություն

27.02.2014 13:25


Կենդանի լեգենդներն ու լեգենդար կենդանիները

Կենդանի լեգենդներն ու լեգենդար կենդանիները

Նախկինում լեգենդ դառնալը, այն էլ՝ կենդանի, եզակիներին բախտ վիճակված, բավականին ծանր, երկարատև, շատ դեպքերում՝ վտանգավոր գործընթաց էր։ Այսօր ամեն ինչ փոխվել է։ Համենայնդեպս, Հայաստանում։

Հարկ չկա քո քաշից կրկնակի ծանր ձողը «ճկռելով» պահել գլխավերևումդ, կամ էլ տարիներով տքնել ինչ–որ բան ստեղծելու համար։ Սպասում ես հարմար պահի, ամեն ինչ անում ես, որ քեզ նկատեն, ու հանկարծ մի օր աչքերդ բացում ես... ու դու կենդանի լեգենդ ես՝ Պանթեոնում թաղված լինելու հեռանկարով։

Ի՞նչ է հարկավոր իմանալ կենդանի լեգենդ դառնալու համար։ Հիշե՛ք, որ յուրաքանչյուր ձախողված կառավարիչ լեգենդար է այնքանով, որքանով ձախողված է նրա հովանու ներքո գտնվող կենդանի լեգենդը։ Ավելի պարզ ասած՝ «Կեղծ հերոսները, առանց երկմտելու, ընդունակ են ամեն ինչի, քանի որ զրկված են երևակայությունից, բութ են, չունեն նյարդեր։ Իրական հերոսները երկմտում են, բայց հաղթահարում են սեփական վախերը»։ Եթե նորից չհասկացաք, ոչինչ. կարևորը լեգենդ դառնալն է։ Բայց, ինչպես ամեն մի հեքիաթ, այս դեպքում էլ գալու է վերջը։ «Կենդանի լեգենդ» կլինեք այնքան ժամանակ, քանի կան ձեր տերերը։ «Հիշի՛ր, Մոխրոտի՛կ, ուղիղ կեսգիշերին (X ժամին) կառքը դառնալու է դդում»։

Ուղղակի պարզաբանման համար՝ ստորև ներկայացված կենդանիները դարձան ու մնացին լեգենդար, որովհետև իրականում լեգենդար էին նրանց տերերը։

1. Բուցեֆալ (Բուկեփալոս)-Ալեքսանդր Մակեդոնացու նժույգը։

2. Սուրուս-միակ փիղը, որը կարողացավ անցնել Ալպերը՝ լեգենդար Հաննիբալի ոչ պակաս լեգենդար արշավի ժամանակ։

3. Չեքերս-Կոկեր-Սպանիել–նրա շնորհիվ Նիքսոնը հասավ քաղաքական բարձրունքների։

4.Դոլի- Յան Վիմուտի և Քեյթ Քեմպբելլի փորձարկումների արդյունքը։ 1996թ.–ին այս մաքին աշխարհին ներկայացավ որպես առաջին կլոնավորված կաթնասուն (ոչխարն էլ կարող է դառնալ լեգենդ

5. Բելկա և Ստրելկա-հարկ չկա, երևի, հիշեցնել խորհրդային տաղանդավոր գիտնականների աշխատանքների արդյունքում տիեզերքում հայտնված շների մասին, որոնց թռիչքին հաջորդեց առաջին անգամ տիեզերքում մարդու հայտնվելը։

6. Բաբլզ-Մայքլ Ջեքսոնի շիմպանզեն, փոփ աստղի հետ նրա ոսկեզօծ արձանը հավերժացրեց կապիկին... Օրինակներ՝ որքան ուզեք...

«7օր»-ի կենդանի լեգենդների ու լեգենդար կենդանիների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը