Մեկնաբանություն

27.02.2014 10:25


Խորհրդարանական սեռասարսափ

Խորհրդարանական սեռասարսափ

Ականջդ կանչի, Վարդան Պետրոսյան, քո «Սեռասարսափ» անվամբ ներկայացումը վերջին օրերին «բեմադրվում» է Ազգային ժողովում եւ ոչ միայն այնտեղ:

Ճիշտ է, գեներալ Մանվելը երկար ժամանակ է, ինչ չի «քրֆում» քանի որ օրերը հիանալի են նրա համար, հատկապես ԵԿՄ համագումարից հետո, բայց հիշենք Շմայսի արած արտահայտությունը («սիկ...իր») խորհրդարանի դահլիճում գազի համաձայնագրի դեմ ակցիա իրականացրած մի քանի լրագրողների հասցեին: Եվ նաեւ այլ արտահայտություններ ուղեկցված իրենից «հղի լինելու» մասին հոխորտալից հայտարարություններով:

Կին լրագրողներին «արա»-ով դիմող Մանվել Բադեյանի թույլ տված արտահայտություններն էլ անմոռաց են, ով միաժամանակ հիշեց եզդիներին՝ վերջիններիս կողմից նվեր ստանալով զուգարանի թուղթ:

Խորհրդարանի դահլիճում նմանատիպ շատ արտահայտություններ են հնչել, որոնց հեղինակները իշխանական պատգամավորներն ու նախարարներն են:

Դե, «ղալաթի» ու «ճաք տված»-ի մասին էլ օրերս լսեցինք: Եվ մինչ բոլորը քննարկում եւ մեկնաբանում էին վերջին արտահայտությունները, ՀՀԿ-ական կին պատգամավորին հանկարծ հետաքրքրեց շատ կարեւոր մի հարց, ավելի ճիշտ՝ տիկինը համոզված էր այն հարցում, թե ինչից է բավարարվում ՀԱԿ խմբակցության տղամարդ պատգամավորը:

«Մարտի 1»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ Մարգարիտ Եսայանը դիմելով Գագիկ Ջհանգիրյանին հայտարարեց. «Որևէ մեկը չի կասկածում ձեր հռետորական, իրավաբանական, իրավական գիտելիքներին և հմտություններին։ Դուք հենց հիմա դա ապացուցում եք ավելորդ անգամ ևս, և եթե նույնիսկ հանձնաժողովը չստեղծվի, հարցերին պատասխանելու ձեր ճարտարախոսությունը և երկարությունը, կարծում եմ, ձեզ գոնե մի քիչ պիտի բավարարի՛»։

Պարզվեց տիկինը սխալվել է:

«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում. նախասիրությունների հարց է։ Ես երկար ու բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, ուրի՛շ բաներից եմ բավականություն ստանում»,- ի պատասխան իր բավարարվածության մասին աներկբա կարծիք ունեցող տիկնոջ՝ հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

Իսկական սեռասարսափ:

Թե ասա՝ ա՛յ, տիկին, դու ի՞նչ գիտես, թե օտար տղամարդը ինչից է բավարարվում: Դա էլ հո ՀՀԿ նախընտրական ծրագրին վերաբերող հարց չէ՞, որ վստահ ենք՝ անգիր գիտես եւ կարող ես անգիր պատասխանել՝ հնթացս ձոներգելով ոչ օտար, հակառակը՝ հարազատ տղամարդուն՝ Սերժ Սարգսյանին:

Ուշագրավ է, որ այս «ինտիմ» երկխոսությանը որեւէ կերպ չարձաքանքեց ՀՀԿ-ական մեկ այլ կին պատգամավորը՝ Նաիրա Կարապետյանը, ով նախօրեին լսելով «ճաք տված» բառը, ԱԺ հայտարարությունների ժամին ամոթանք տալու պես ամբիոնից հառաչեց. «Նողկալի է, պարոնայք, նողկալի է»:

Հավանաբար, բավարարվելու մասին կուսակից գործընկերուհու դիտարկումից Կարապետյանը «բավարարված» էր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը