Քաղաքական

26.02.2014 19:30


Տիգրան Սարգսյանը՝ ուկրաինական դեպքերի և իշխանափոխության դեպքում ՀՀԿ–ականների հնարավոր պահվածքի մասին

Տիգրան Սարգսյանը՝ ուկրաինական դեպքերի և իշխանափոխության դեպքում ՀՀԿ–ականների հնարավոր պահվածքի մասին

Այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանից հետո «7օր»–ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է գնահատում Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունը, և Հայաստանում իրադրության փոփոխության դեպքում, եթե ՀՀԿ–ն էլ Յանուկովիչի հարազատ կուսակիցների օրինակով Սերժ Սարգսյանի դեմ հայտարարությամբ հանդես գա, այդ պարագայում ինչպիսի՞ն կլինի Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը։

Վերջին հարցի հետ կապված՝ Տիգրան Սարգսյանն այդպիսի համեմատականները կոռեկտ և տեղին չի համարել։

–Այդպիսի իրավիճակ չի կարող ստեղծվել, որովհետև դրա համար օբյեկտիվ հիմքեր չկան,–ասել է նա։

Այնուհետև Տիգրան Սարգսյանը նշել է, որ որոշ ագրեսիվ ընդդիմախոսներ երազում են Ուկրաինայի սցենարի մասին, բայց իրատեսական չէ, որ այն ՀՀ–ում ևս իրականանա, մի քանի պատճառով։

Առաջին՝ մեր քաղաքական թիմի և մեր ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք պետք է կառուցենք երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ՝ լինի դա պառլամենտում, թե պառլամենտից դուրս (Հետաքրքիր է, թե ինչպես է տեղի ունենալու այդ երկխոսությունը, երբ, օրինակ, կուտակայինի թեմայով Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե հանրության 80 տոկոսը դեմ է դրան, բայց իրենք, միևնույն է, կիրառելու են կուտակայինը– Ա.Մ.)։ Մենք մշտապես հանդես ենք գալիս որպես համագործակցության եզրեր գտնելու կողմնակիցներ, և այդ առումով մեր քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է։ Երկրորդը՝ գաղտնիք չէ, որ մենք ունենք տնտեսական խնդիրներ։ Մենք ինքնե՛րս ենք բարձրաձայնում այդ պրոբլեմների մասին, ինչն ունի էական նշանակություն համագործակցության միջավայր և մթնոլորտ ձևավորելու առումով, և այդ իմաստով մեր դռները միշտ բաց են։ Երրորդը և ամենակարևորը մեր ժողովրդի դիրքորոշումն է։ Մեր ժողովուրդն անցել է արդեն այդ ճանապարհը, և դա դաս է եղել իշխանությունների, բոլոր կուսակցությունների համար անխտի՛ր։ Համոզված եմ, որ և՛ կուսակցությունները, և՛ մեր ժողովուրդը իր խոր իմաստությունը, շրջահայացությունը կդրսևորի նաև այս պարագայում։ Եվ չորրորդ գործոնը գոյություն ունի, որը չափազանց կարևոր է։ Դա հետևյալն է՝ արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն աջակցում է մեզ։ Եվ այն քաղաքական որոշումը, որ կայացրել է մեր երկրի նախագահը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, մեր բնակիչների ճնշող մեծամասնությունը հավանության է արժանացրել։ Այսինքն, այդ առումով էլ, կարծում եմ, որ օբյեկտիվ հիմքեր՝ քաղաքական ցնցումներ ստեղծելու համար, մեզանում չկան,–պատասխանել է նա։

Տիգրան Սարգսյանը հրաժարվել է պատասխանել «7օր»–ի մյուս հարցին, թե օֆշորային սկանդալի գործով նրան հարցաքննության կանչե՞լ են՝ հորդորելով, որ յուրաքանչյուրը միայն մեկ հարց տա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը