Քաղաքական

25.02.2014 16:10


«Ո՛չ, դուք քերովբեների չէ, դուք քերոփների՛ իշխանություն եք». «Նաիրիտի» հարցով թեժ քննարկումներ ԱԺ–ում

«Ո՛չ, դուք քերովբեների չէ, դուք քերոփների՛ իշխանություն եք». «Նաիրիտի» հարցով թեժ քննարկումներ ԱԺ–ում

Անդրադառնալով «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծելուն և այդ գործարանում առկա ներկա վիճակին՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում հայտարարել է.

–Փաստորեն, որտեղ մենք փորձում ենք փորել, լավ, կոպիտ չասեմ, մի ցեխ դուրս է գալիս։

Նա հիշեցրել է գազի հարցով խորհրդարանում քիչ առաջ տեղի ունեցած քննարկումը և ԱԺ մեծամասնության դիրքորոշումը՝ ընդգծելով.

–Դավիթ Հարությունյանը պարանոիայի հասնող կասկածամտության մեջ մեղադրեց ընդդիմությանը, էնքան անկե՜ղծ էր խոսում, որ քիչ էր մնում՝ լացս գար։ Ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե գործ ունենք հրեշտակների, քերովբեների աստղաբույլի հետ։ Եվ սա խոսում է մի իշխանություն, որի կառավարության օրոք, ՀԲ–ի տվյալներով, ապօրինի սխեմաներով 5-6 մլրդ դոլարի կապիտալի արտահոսք է տեղի ունեցել, որի օրոք վարչապետը խառնված է օֆշորային սկանդալի մեջ, և այդ բեռով մեր պետությունն առաջ է գնում։ Ո՛չ, դուք քերովբեների իշխանություն չեք, դուք քերոփների՛ իշխանություն եք, և այսօր այս հարցի հետ կապված՝ դուք պատասխան պետք է տաք ԱԺ–ի մոտ հավաքված, իսկ մարտի 1–ին՝ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ավելացրել է, որ գազի հանձնաժողովի հարցով իրենք հայտարարեցին, որ չեն հավատում քաղաքական մեծամասնությանը, բայց գալիս են մասնակցելու աշխատանքներին, և հիմա նույնն ակնկալում են մեծամասնությունից։

–Ասում եք՝ չենք հավատում ձեզ։ Մենք ասում ենք՝ լավ բան ենք ուզում անել, եղբա՛յր, մի՛ հավատացեք, բայց եկեք աշխատենք, ո՞րն է տրամաբանությունը, որ էն մեկին ասեք՝ հա՛, ճի՛շտ ա, էս մեկին ասեք՝ չէ՛,–ասել է Ա. Ռուստամյանը։

Ելույթ է ունեցել նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ կառավարությունը «Նաիրիտը» գնահատել է 40մլն դոլար։

–Ուրեմն ասեմ՝ եթե Տիգրան Սարգսյանն այդ գործարանի տարածքում վարդ էլ ցանի, լավ, թող մի մասում էլ պոմիդոր–վարունգ ցանի, այդ 40մլն դոլարը կհանի։ Ամբողջ փաստագրությունը նայում եմ, ծայրից ծայր օֆշոր է, ծայրից ծայր պարտք է։ Էդ փաստերով արդեն 100 տարվա քրեական հոդված Տիգրան Սարգսյանին ու Արմեն Մովսիսյանին պիտի տրված լիներ։ Ձեր նախագահի խոսքերով ասեմ՝ սաղացնո՞ւմ եք Հայաստանի ապրանքը դրսին, տանք ջրի գնով ուրիշի՞ն։ Սա թշնամական վերաբերմունք է մեր ունեցվածքին, սեփական երկրի արժանապատվությանը,–ասել է Ա. Մանուկյանը։

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղարը քաղաքական մեծամասնությանը հորդորել է ՀՅԴ–ին չմեղադրել քաղաքական շահարկումներում։

–Յա՛ն տվեք, իզուր մի՛ փորձեք Դաշնակցությանը, քաղաքական շահարկումը չի կպնելու մեզ։ Մի՛ փորձեք մեզ ուրիշ տեղ տանել. մենք ուզում ենք պարզել, թե ի՞նչ է կատարվել,–նշել է Ա. Վարդանյանը։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ խնդիրն ավելի ընդհանրական տեսանկյունից է դիտարկել.

–Նայում ենք՝ մեկը վարչապետն է, մյուսը նրա եղբայրն է՝ տնօրեն, էն մյուս եղբայրը՝ Չինաստանում դեսպանն է, որը գնում է, գործարար է դառնում, ՀՀ ֆինանսների նախարարը վարչապետի սանիկն է, ֆիննախի կինը ֆինանսական հաշտարարն է։ Ամեն տեղ տեսնում ենք վարչապետին։ Գնացե՛ք, պաշտպանե՛ք, ի՞նչ եք ուզում, Մայդա՞ն։ Այո՛, մենք ձեզ չենք վստահում, մարդն ավիրում է՝ ոնց ուզում է, ձեր պրոբլեմն է իրեն արդարացնելը, ես չեմ ուզում նրան արդարացնել։

Այսօր խորհրդարանում 32 անգամ հնչել է քաղաքական շահարկում բառակապակցությունը։ Սա էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է հաշվել։

–Երբ որ մեծամասնությունը պատասխաններ չի գնում, ասում է քաղաքական շահարկում։ Ի՞նչ է, ամեն ամիս նաիրիտցիները շքե՞րթ պիտի կազմակերպեն նախագահական և կառավարություն։ Ի՞նչն է քաղաքական շահարկում։ Այն, որ ասում ենք՝ նաիրիտցիների աշխատավարձը չեն տալիս, իսկ վարչապետի կրտսեր եղբայրը 42մլն դրամ է ստանում, դա՞ է քաղաքական շահարկում։ Ինչպե՞ս է լինում, որ «Նաիրիտի» ողջ գույքը վարչապետի մյուս եղբայրն արտահանում է Չինաստան, և որպես ջարդոն՝ հիմա դա պիտի ապահովվի, դա՞ է շահարկում։ Եթե չկա ցանկություն՝ հանձնաժողով ստեղծելու, և տարբեր մանիպուլյացիաներով փորձ է արվում ձախողել դա, այ սա՛ է քաղաքական շահարկումը, որովհետև կա մե՛կ նպատակ՝ պարտակել տեղի ունեցածը,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

Խնդրի շուրջ արտահերթ ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունները կողմնակից են այս հանձնաժողովի ստեղծմանը։

–Ոնց որ շատ գոռալու մրցույթ լինի։ Լինեմ անկեղծ ու ասեմ, որ ե՛ս եմ դեմ եղել, որ հարցը մտնի քառօրյա։ Մեզ պետք չի սիրել, մեզ պետք է հարգել, մեր հետ պետք է համագործակցել։ Ես խոստանում եմ ձեզ, որ ստեղծելու եմ հնարավորություն, որ այս հարցը նույնպես քննարկվի ԱԺ–ում, ինչպես որ խոստացա գազի հարցով հանձնաժողով ստեղծել։ Դուք ասել եք՝ մինչև աշուն համաձայն եք հետաձգել։ Ես ձեզ տալիս եմ խոստում մինչև աշուն այս հարցը քննարկել։ Նաև՝ամեն անգամ ջանք չեք խնայում վարչապետին փնովել, բայց եթե կան խնդիրներ, դիմե՛ք, պատասխանատվությա՛ն ենթարկեք, թե չէ՝ ամեն անգամ նրա անունն եք բարձրացնում,–նշել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը