Մեկնաբանություն

25.02.2014 13:35


Պուտինի «դաբրոն» և «տրյապկան»

Պուտինի «դաբրոն» և «տրյապկան»

Տիգրան Սարգսյանը, մասնակցելով Սոչիում տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու մոտիկից բարևել նրան։

Պարզ է, որ հանդիպումն այդ արարողակարգային է եղել, և որևէ արտառոց բան չկա ու չի էլ կարող լինել։ Սակայն արի ու տես, որ վարչապետը շտապել է «Պուտինից «դաբրո» եմ բերել» ծրագրի շրջանակներում տարածել իր ու ՌԴ նախագահի հանդիպման մասին լուրն ու «տակից» աչքով–ունքով «նամյոկներ» անել պետական ապարատին, թե բա տեսեք՝ ինչ լավ են դիրքերս։

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին այս ամենը պարզապես ծիծաղելի է դառնում։ Տիգրան Սարգսյանից ոչ պակաս ախորժակ ունեցող Յանուկովիչն էլ բազմաթիվ հանդիպումներ ու ձեռքսեղմումներ էր ունեցել Պուտինի հետ։ Եվ ի՞նչ։ Որտե՞ղ է հիմա Յանուկովիչը, և ո՞վ է հիմա տնօրինում նրա դղյակը։

Յանուկովիչը, Սերժ և Տիգրան Սարգսյանների պես, աշխարհաքաղաքական թափառաշրջիկությամբ էր զբաղված և Տիգրանի շեֆի պես եվրաասոցացում էր խաղում, իսկ հետո մեկ գիշերվա ընթացքում կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ կորցնելով վստահությունն Արևմուտքում և հարգանքը՝ Ռուսաստանում։

Հիմա ռուսները Յանուկովիչին «տրյապկա» (փալաս) են անվանում, քանզի նա, իրոք, «տրյապկա» է։ Շարքային «դիշովկա»։

Եթե Տիգրան Սարգսյանին թվում է, թե ինքը եվրաքարոզիչից վերածվելով Մաքսային միության «վկայի»՝ կարողացել է Կրեմլի «դաբրոն» ստանալ, ապա նա չարաչար սխալվում է։ Ռուսները դաժանաբար պատժել գիտեն և «քցողին» «քցել» գիտեն։

Եվ ամենակարևորի մասին։ Դրսի «դաբրոների» մասին հեքիաթները նախատեսված են քաղաքականապես անմեղսունակների ու չկայացած քաղքենիների համար։ «Դրսի դաբրոների» տեսությունը սպառել է իրեն։ «Դաբրոներին» հավատացող քանի՞ ոչխար կա Հայաստանում։

Բոլոր խնդիրները լուծվում են ներսում, իսկ դրսից փորձում են կա՛մ օգտվել ստեղծված իրավիճակից, կա՛մ հետ քաշվել ու հաշվի նստել ժողովրդի հետ։ Այնպես որ, Տիգրան Սարգսյանը թող իրեն հավատացողներին համոզի, որ իր դիրքերն ամուր են, քանզի Պուտինի հետ 7 ու կես րոպե շփվել է ու ձեռքով բարև տվել։

Կրկնեմ՝ «դաբրո» հասկացություն չկա։ Ուկրաինայի օրինակը ձեզ վկա։ Հասարակությունը թելադրում է իր ուզածը, իսկ աշխարհը հաշվի է նստում դրա հետ։ Աշխարհը հաշվի է նստում ուժեղի հետ։ Դա՛ է քաղաքականության դաժան և արդար օրենքը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը