Մեկնաբանություն

22.02.2014 17:15


Ուկրաինան «եգիպտանում» է. ի՞նչ է սպասում Հայաստանին

Ուկրաինան «եգիպտանում» է. ի՞նչ է սպասում Հայաստանին

Ուկրաինայի խորհրդարանը որոշում է կայացրել ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին՝ ապաքրեականացնելով այն հոդվածները, որով դատապարտվել էր նա։ Այսինքն՝ այնտեղ ընդունում են, որ Տիմոշենկոն հանցագործ է, պարզապես օրենք են փոխում՝ այնպես անելով, որ նրա գործած ծանրագույն հանցագործությունների համար ազատազրկում չլինի։ Այլ կերպ ասած՝ տիկնոջը բաց են թողնում իրավիճակի փոփոխության պատճառով։

Տիմոշենկոն հետանկախական շրջանում Ուկրաինայի ամենաանհաջող վարչապետն էր։ Իշխանության գալով «Նարնջագույն» հեղափոխության միջոցով՝ նա ապահովել էր տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ, թաղվել էր կոռուպցիայի մեջ և Ռուսաստանի հետ գաղտնի գազային համաձայնությունների էր եկել։

Հիմա նրան ազատում են որպես հերոսուհու։ Դա նույնն է, որ Հայաստանում հերոս հռչակես վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով թաղված է կոռուպցիայի մեջ, ապահովել է ուկրաինականից ոչ պակաս (եթե ոչ ավել) ռեկորդային տնտեսական անկում, իր քաղաքականությամբ նպաստել է հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթին, ներգրավված է օֆշորային մեքենայությունների մեջ, փոշիացրել է միլիարդավոր վարկային միջոցները, մսխել է պետական պահուստային դոլարները, «ատկատներ» ունի բիոզուգարանային ու այլ տիպի գործարքներից։

Յուլիան այնքանով է հերոս, որքանով Սերժ Սարգսյանը, ով «ա լյա» Յուլիա, գաղտնի գազային պայմանագիր է կնքել ու 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտքի տակ մտցրել մեր երկիրը, ով բանկռոտի է հասցրել Հայաստանն ու հիմա ուզում է մտնել բոլորի գրպանը՝ էժան ու երկար փողերի ակնկալիքով։

Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը ցույց է տալիս, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները բացարձակապես կապ չունեն ժողովրդավարության և ազատության հետ (կամ ինչպես ռուսախոս և թուրքամետ վերլուծաբանն է գրում՝ ազգային–ազատագրական պայքարի հետ)։

Ուկրաինայում քաոս է և այդ քաոսի մեջ իրենց խնդիրներն են լուծում աշխարհի հզորները։ Ուկրաինայի քաղաքացուն այդ խաղում վերապահված է «թնդանոթի մսի» ֆունկցիան։

Այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն, բնականաբար, Յանուկովիչն է, ով Ուկրաինան սարքեց աշխարհաքաղաքական հակադրությունների թատերաբեմ ու հզորների բախման տարածք։

Յանուկովիչն իր «նախաձեռնողական» արտաքին ու «սաշիկական» ներքին քաղաքականությամբ այնքան թուլացրեց Ուկրաինան, որ հիմա այդ երկիրը դարձել է «պռախադնոյ դվոռ» բոլոր տիպի գործակալների, սադրիչների ու այլ տարրերի համար։

Ինչ մնում է հանգուցալուծմանը, ապա նկատենք, որ Տիմոշենկոյի ազատ արձակմամբ Ուկրաինայում խնդիրները չեն լուծվում, դրանք նոր են սկսվում։

Մի շարք գործոններ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Ուկրաինան մտնում է «եգիպտացման», այսինքն՝ պերմանենտ ցնցումների փուլ։ Եվ չի բացառվում, որ դրսից ու ներսից այնքան քաշքշեն, որ այդ երկիրը բաժանվի մի քանի մասի։

Ահա թե ինչով կարող է ավարտվել ղումարբազի հոգեբանությամբ կառավարած ու երկիրը դրսի ուժերին աճուրդի հանած Յանուկովիչի քաղաքականությունը։

Հայաստանում այս ամենից պետք է հետևություններ անեն։ Բայց այդ հետևությունները չպետք է լինեն արտաքին այս կամ այն կենտրոնների ձեռքի «դիշովկա» դառնալու տարբերակով՝ ինչպես որ առաջարկում են մի քանի «թունդ մայդանասեր» ֆեյսբուքային «հեղափոխականներ»։

Ցանկացած «մետություն», բացի հայաստանամետությունից կամ հայաստանակենտրոնությունից, կործանարար է մեզ համար։ Չի կարելի ընտրություն կատարել Գյուլիստանի ու Բրյուսելի միջև։ Պետք է հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարել՝ խուսափելով հզորների բախման արանքում հայտնվելու տխուր հեռանկարից։ Ասել է թե՝ ներքին օրհասական խնդիրները լուծելու համար հարկավոր է բացառել երրորդ ուժին։ Փոխարենը պետք է դաշնակիցներ գտնել դրսում, այլ ոչ թե ապավինել նրանց. Ռաֆայել Իշխանյանի հայտնի բանաձևը ունիվերսալ է բոլոր ժամանակների համար։

Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը պետք է իր «Մայդանը» ձևավորի բացառապես ներքին կյանքին վերաբերող օրակարգով։ Արտաքին կողմնորոշման օրակարգ առաջարկողները լավագույն դեպքում քաղաքականապես անմեղսունակներ են, կամ հիմնականում՝ Բաղրամյան 26–ի «դհոլներ» կամ էլ՝ որևէ երկրի (մասնավորապես՝ Թուրքիայի) գործակալներ։

Ուկրաինան նաև ցույց տվեց, որ Սերժ և Տիգրան Սարգսյանների դեմ պետք է լայն կոնսոլիդացիա ձևավորել, որպեսզի նրանք չկարողանան կրակելու հրաման տալ, իսկ եթե նույնիսկ տան, ապա այդ հրամանները չկատարվեն։

Սերժ Սարգսյանը Հայաստանի ապակայունացման աղբյուրն է ճիշտ այնպես, ինչպես Յանուկովիչն Ուկրաինայում։ Ու որպեսզի խուսափենք ողբերգությունից, մարդկային կորուստներից և քաոսից՝ պետք է հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով Սերժ Սարգսյանին զրկենք հեռանալու այլընտրանքից ու միևնույն ժամանակ նրան չզրկենք խաղաղ հեռանալու հնարավորությունից։

Թող ոչ մի «զոհ» չպահանջվի Սերժ Սարգսյանից բացի (Սերժի դեպքում «զոհվելը» պետք է հասկանալ պաշտոնը կորցնելու առումով, այլ ոչ թե ֆիզիկապես. Աստված նրան երկար տարիների կյանք տա)։

Եթե Սերժ Սարգսյանը հիմար չէ, ապա պետք է սովորի Յանուկովիչի սխալների վրա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը