Մեկնաբանություն

21.02.2014 17:30


Վազգեն Սարգսյանի նկարի տակ (տեսանյութ)

Վազգեն Սարգսյանի նկարի տակ (տեսանյութ)

1993թ. Վազգեն Սարգսյանը ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը։ Ռազմի դաշտում հաջողությունների չհասած և զինվորական գործի առումով անհաջողակ Վազգենը (նրա մոտ լավ էր ստացվում մարդկանց հավաքելու, մարտի դաշտ ուղարկելու և ՌԴ–ից ռազմատեխնիկայի մատակարարումն ապահովելու գործը) փորձում էր քաղաքական դաշտում ամրապնդվել։

ԵԿՄ ստեղծման նպատակը ոչ այնքան հասարակական, որքան քաղաքական էր։ ԵԿՄ–ն պետք է լիներ ՀԿ–ի անվան տակ գործող զինված բանդա, որը պետք է օգտագործվեր իշխանության համար մղվող պայքարում։ Եվ օգտագործվում էր։

Համապետական բոլոր ընտրություններում և քաղաքական լարվածության պահերին ԵԿՄ մշտապես ներքաշվել է քաղաքական խաղերի մեջ և մշտապես բռնել օրվա իշխանության կողմը՝ մինչև այդ հասցնելով «ժողովրդի կողքը կանգնելու» տարատեսակ «նամյոկներ» անել, «թունդ ընդդիմադիր» կեցվածք ընդունել և «ջիպային» արշավանքներ կազմակերպել ԵԿՄ գրասենյակի մատույցներում։

Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ–ն պարբերաբար ճամբարներ է փոխել, բայց մնացել միևնույն՝ իշխանության թիմում։

Օրերս տեղի ունեցած ԵԿՄ համագումարը ցույց տվեց, որ այդ կառույցը մնացել է իր սկզբունքներին հավատարիմ։ Մանվել Գրիգորյանը, սեփական կոմերցիոն նպատակներից ելնելով, Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսի վերածեց այդ կառույցի համագումարը։

Շատ խորհրդանշական էր, որ Սերժ Սարգսյանը ԵԿՄ հոբելյանական համագումարում ելույթ էր ունենում Վազգեն Սարգսյանի նկարի տակ։ Խորհրդանշական այն առումով, որ ՀՀԿ ներկայիս ղեկավարը գրեթե նույնությամբ կրկնեց Վազգեն Սարգսյանի խոսքերը։ Ճիշտ է, տարբեր էին ասելիքի կոնտեքստները, բայց բովանդակային առումով ասելիքը նույնն էր և հակաժողովրդավարական։

Ինչպես հայտնի է, 1996թ. նախագահական ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքեր, ապա միևնույն է, իրենք իշխանությունը չէին տա։

Վազգեն Սարգսյանի նկարի տակ «ասուլիս» տվող «Վերջի բոլշևիկն» էլ հայտարարեց, թե հանրության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, բայց իրենք միևնույն է գնալու են այդ քայլին (հո ախմա՞խ չեն, որ չգնան. իրենց էժան ու «երկար» փող է պետք)։

Սարգսյանը նշեց, որ իրենք քաղաքական ռեսուրս են ծախսում, բայց գնում են այդ քայլին։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը զոռով ուզում է երջանիկ ծերություն ապահովել ՀՀ քաղաքացիների համար, բայց վերջիններս չեն հասկանում և դիմադրում են։

Ի դեպ, ոչ մի քննադատության չեն դիմանում Սերժ Սարգսյանի այն փաստարկները, որոնք նա ներկայացնում էր Վազգեն Սարգսյանի նկարի տակ կանգնած։

ՀՀԿ ղեկավարը նշեց, թե իրենք այս տարիների ընթացքում բարձրացրել են աշխատավարձերն ու դա պատրաստվում են անել նաև հուլիսից և ապա «մուննաթ» եկավ, թե մեր բարձրացրածի հինգ տոկոսն ուզում ենք վերցնել, բայց մարդիկ բողոքում են։

Սերժի այս խոսքերը ցույց են տալիս, որ նա կատարյալ անտեղյակ է կամ անտեղյակ է ձևանում։

Հարց է առաջանում. եթե, ինչպես Սերժ Սարգսյանն է պնդում, աշխատավարձերը տասնյակ տոկոսներով են բարձրացել, ապա թող էն գլխից քիչ բարձրացնեին ու այդ էժան ու «երկար» փողը պահելու խնդիր չէր առաջանա։ Ինչու՞ են տալիս ու հետո «մուննաթով» հետ պահանջում։

Բացի այդ՝ այն տոկոսները, որոնք նշում է Սարգսյանը և որոնք վերաբերում են բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման չափին, պարզապես չեն համապատասխանում իրականությանը։ Սերժն այս մասով կա՛մ անտեղյակ է, կա՛մ ստում է։

Եվս մեկ ուշագրավ հանգամանք։ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ իրենք աշխատողների աշխատավարձ են բարձրացրել, բայց չէ՞ որ տնտեսությունը միայն պետական սեկտորը չէ։ Նրա պատկերացումներում մասնավոր բիզնեսի համակարգ չկա (իզուր չէ, էլի, Մանվելը «Վերջի բոլշևիկով» դիմում Սերժին. Ֆրեյդի ականջը կանչի)։

Մասնավոր բիզնեսում աշխատավարձի ավելացում չկա և տնտեսական ճգնաժամի պայմաններում չի էլ սպասվում։ Ինչու՞ Սերժ Սարգսյանը հաշվի չի առնում այս հանգամանքը։ Չէ՞ որ «կուտակայինի» պարտադիր բաղադրիչի կիրառումն այսօրվա աշխատողի համար նշանակում է լրացուցիչ հարկային բեռ՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» հիմնադրամին մուծած փողի տեսքով։

Բայց դե այս ամենը Սերժ Սարգսյանին, բնականաբար, չի հետաքրքրում։ Նա Վազգեն Սարգսյանի ոճով հայտարարում է, թե 80%–ը դեմ է, բայց իրենք անելու են իրենց ուզածը, քանզի իրենց դեմ խաղ չկա։

Եթե չեմ սխալվում, «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսի հեղինակներից մեկը հիմա փախած է, իսկ մյուսի նկարի տակ էլ Սերժը ելույթ էր ունենում անցած շաբաթ օրը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը