Մեկնաբանություն

21.02.2014 11:05


Ինչպես խուսափել ուկրաինական սցենարից

Ինչպես խուսափել ուկրաինական սցենարից

Ուկրաինայի նախագահի աթոռը զբաղեցնող Յանուկովիչն իր «նախաձեռնողական» և «արևմտամետ» արտաքին քաղաքականությամբ և տնտեսության սաշիկացմամբ այդ պետությունը կանգնեցրել է մասնատման վտանգի առաջ։

Վերջին օրերին Ուկրաինայում լարվածությունը մեծացել է՝ վերածվելով ողբերգության։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհերի թիվը տատանվում է 60-ից 100–ի սահմաններում։ Վիրավոր է ավելի քան 500 հոգի։

Երկիրը կոռուպցիայի մեջ թաղած ու արտաքին քաղաքականությունը ղումարբազության հետ շփոթած Յանուկովիչը սարսափելի հարված է հասցրել Ուկրաինայի ապագային, և անկախ այն բանից, թե ինչով կավարտվի փողոցային դիմակայությունը, կորուստներն անդառնալի են։

Շատերն են զուգահեռներ տանում Հայաստանի և Ուկրաինայի միջև։ Այո՛, կան շատ նմանություններ։ Երկու երկրներում էլ անարդյունավետ ու անմարդկային կառավարիչներ են հայտնվել պետության ղեկին։ Սարգսյանն էլ, Յանուկովիչն էլ եվրաասոցացում էին խաղում, բայց մեկ գիշերվա մեջ կտրուկ շրջադարձ կատարեցին։ Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից, իսկ Սարգսյանը ոչ միայն հրաժարվեց ԵՄ–ի հետ ավելի քան երեք տարի բանակցած փաստաթղթից, այլև մտավ Գյուլիստան։

Ուկրաինան Յանուկովիչի աշխարհաքաղաքական թափառաշրջիկությանն արձագնքեց եվրամայդան սարքելով։ Հայաստանում դա չեղավ, քանզի այլ աշխարհաքաղաքական միջավայրում ենք մենք գտնվում։ Բացի այդ՝ մեր «Մայդանը», տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, չի կարող արտաքին քաղաքական թեմայով լինել։

Մեր «Մայդանը» կարող է կայանալ առավելապես ներքին հարցերի շուրջ, ինչը շատ ավելի մեծ կոնսոլիդացիոն պոտենցիալ ունի, քան արտաքինը, և ավելի մեծ օգուտ կարող է տալ պետությանը, քան «գեոպոլիծիկան»։

Եթե Ուկրաինայում բողոքի ու բախման առիթն արտաքին կողմնորոշումն էր, ապա Հայաստանում վիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ սոցիալ–տնտեսական հարթության վրա։ Հեղափոխական կատալիզատորի ֆունկցիա կարող է կատարել «կուտակայինի» պարտադրումը։

Եթե մարտի 28–ին ՍԴ–ն կատարի Սերժ Սարգսյանի հրահանգը և սահմանադրական նորմերին համապատասխան ճանաչի հանրության 80 տոկոսի (ըստ ՀՀԿ ղեկավարի) կողմից մերժվող կենսաթոշակային «բարեփոխումը», ապա զարգացումները կարող են բերել ցնցումների։

Իսկ քաղաքական զարգացումների ո՞ր սցենարի դեպքում է հնարավոր խուսափել ցնցումներից ու մարդկային զոհերից։

1.Իշխանությունները հրաժարվում են «կուտակայինի» պարտադիր բաղադրիչից ու չեն գնում հանրության լայն շերտերի կուլակաթափման ճանապարհով,

2.Սերժ Սարգսյանը ցրում է Տիգրան Սարգսյանի կառավարությունը և գործադիր իշխանությունը հանձնում անցումային կառավարությանը, որը ձևավորվում է քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Նոր կառավարությունը պետք է գա այլընտրանքային ծրագրով և թիմով։

3.ԱԺ–ն օրենսդրորեն երաշխիքներ է տալիս Սերժ Սարգսյանին՝ պաշտոնից հեռանալուց հետո չհետապնդվելու առումով։

4.Անցումային կամ ազգային համաձայնության նոր կառավարությունը նախապատրաստում է ԱԺ և նախագահական արտահերթ ընտրությունների մրցակցային անցկացման բոլոր նախապայմանները՝ մինչ այդ տնտեսական օրենսդրության մեջ կատարելով մի շարք փոփոխություններ՝ մեղմելու համար սոցիալական լարվածությունը։

Ահա՛ այն կետերը, որոնք անցնցում ձևով դուրս կբերեն Հայաստանն այս վիճակից։

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունելու այս սցենարը։ Այս առաջարկները, մեծ հաշվով, նրան չեն ուղղված։ Չորս կետերի կյանքի կոչումը պետք է լինի ՀՀ քաղաքական ուժերի ու հանրության լայն շերտերի գործողությունների ծրագիրը։ Սերժին պետք է վերապահել ստատիստի դերը։ Բայց դրան հասնելու համար պետք է, պատկերավոր ասած, մկանները մարզել։

Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում ցույց տվեց, որ ադեկվատ չէ, և որդեգրել է «Մեր դեմ խաղ չկա» տխրահռչակ կարգախոսը։ Նա իր վրա վերցնելով բոլոր «բարեշրջումների» պատասխանատվությունը՝ հակադրվում է հանրության մեծամասնության հետ և առաջարկում խնդիրների լուծման ցնցումային տարբերակ։ Կիսակրիմինալ և կիսաօլիգարխիկ կառույց հիշեցնող ԵԿՄ համագումարի ժամանակ հանրության վրա մատ թափ տալով՝ Սերժն ուզում էր ասել, որ թեև իր դեմ է մեծամասնությունը, բայց իր հենարանը բանդան է, և ինքն ինչ կուզի՝ կանի։ Ավելի հակապետական դիրքորոշում դժվար է պատկերացնելը։

ԵԿՄ–ում Սերժ Սարգսյանը նաև ցույց տվեց, որ պատրաստ է նորից կրակել, ինչպես 2008–ի մարտի 1–ին։

Դա, սակայն, չի նշանակում, որ հանրության մեծամասնությունը նույնպես պետք է հակապետական դիրքորոշում որդեգրի։ Վերը նշված չորս կետերն ուկրաինական սցենարից կամ մարտի 1–ի կրկնությունից խուսափելու բանաձևն է, և ամեն ինչ պետք է անել այդ բանաձևի իրագործման համար։

Այդ չորս կետերի ապահովումը պետք է լինի ԱԺ ոչիշխանական քաղաքական ուժերի, արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների և հանրության լայն շրջանակների գործունեության ճանապարհային քարտեզը։

Այս սցենարի իրագործման համար պետք է համազգային մոբիլիզացիա հայտարարել ու հասնել նրան, որ իշխանության և հանրության միջև ուժերի բալանսը փոխվի՝ լուրջ ճաքեր առաջացնելով իշխանական բուրգի ներսում և հատկապես ուժային կառույցներում։ Բալանսի փոփոխությունը կբերի նրան, որ Սերժը չի կարողանա երկրորդ «մարտի 1» սարքել և Յանուկովիչի պես պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին։

Եթե մեծ կոնսոլիդացիա լինի, ապա ուժայինները և վարչական ապարատը կկիսվեն։ Պետք է ամեն ինչ անել, որ սերժական բուրգը փլուզվի առանց զոհերի ու վիրավորների, իսկ ՀՀԿ ղեկավարի հենարան բանդան վախենա մտնել խաղի մեջ։ Այսինքն, հեղափոխությունը պետք է կայանա հեղափոխության վիզուալ դրսևորումից առաջ։

Սա՛ է այն ողջամիտ սցենարը, որը դուրս կբերի Հայաստանը տնտեսաքաղաքական ճգնաժամից։ Սերժ Սարգսյանին պետք է զիջում պարտադրել համախմբված ճնշումով։ Նա միայն ուժի լեզուն է հասկանում։ Ուժի առաջ նրա չոքերը թուլանում են, իսկ լեզուն փաթ է ընկնում։

Անցնցում փոփոխությունները Հայաստանի ու անձամբ Սերժ Սարգսյանի համար լավ կլինեն։ Իսկ եթե նա դիմադրի, ապա մեղքն իր վիզը։ Հետո թող չասի, թե զգուշացված չի եղել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը