Մեկնաբանություն

21.02.2014 10:20


Ինչ չկարողացավ անել Մայդանը

Ինչ չկարողացավ անել Մայդանը

Ուկրաինայում ցույցերը արդեն վերածվել են զինված պայքարի: Կարծես թե Յանուկովիչը ընտրել է Ասադի ճանապարհը՝ ուժ կիրառելով պահել իշխանությունը մինչև վերջ: Նման որոշման պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ իշխանության բուրգը ճեղքեր չի տվել, ուժային կառույցները աջակցում են Վիկտոր Յանուկովիչին, վերջինս էլ որոշել է ուժային տարբերակով հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին: Ճիշտ է, Տերնոպոլում «Բերկուտի» մի մասը չի կատարում հրամանները, բայց առայժմ հնարավոր չէ խոսել իշխանական բուրգի լուրջ ճաքերի մասին։

Ընդհանրապես հեղափոխությանը հանգուցալուծում ստանալու համար անհրաժեշտ են նախապայմաններ: Առաջիններից մեկը փողոցային պայքարի ձևավորումն է: Մայդանը հենց փողոցային պայքարի կենտրոն է դարձել: Մյուս նախապայմանն այն է, որ վարչական և ուժային կառույցների միջև հակամարտություն առաջանա: Օրինակ` Ռուսաստանում, Ֆրանսիայում և Չինաստանում հայտնի հեղափոխությունների ժամանակ իշխանության վրա ճնշումներ կային գյուղացիների կողմից, սակայն այդ ճնշումներն իրենց լուրջ ազդեցությունը չեն ունեցել, մինչև հակամարտություն չի առաջացել վարչական և ռազմական ուժերի միջև:

Եգիպտական հեղափոխությունը իր հանգուցալուծումը ստացավ այն ժամանակ, երբ բանակը անցավ ցուցարարների կողմը, որից հետո նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված եղավ հրաժարական տալ, քանի որ իշխանական բուրգը ճեղք էր տվել, որից հետո Մուբարաքը կորցրեց վերահսկողությունը, և հեղափոխությունը հանգուցալուծում ստացավ: Սիրիայի դեպքում, 2011 թվականից սկսած, փողոցային պայքարը հանգուցալուծում չի ստացել, քանի որ վարչական և ուժային կառույցների միջև հակամարտություն տեղի չի ունեցել, իշխանական բուրգը ճեղքեր չի տվել, և Ասադը շարունակում է մնալ իր պաշտոնին:

Ուկրաինայում ևս Մայդանը դեռ չի կարողացել իր պայքարի շնորհիվ պառակտում մտցնել վարչական և ուժային կառույցների միջև: Դեռ Բերկուտը և բանակը գտնվում են Յանուկովիչի վերահսկողության տակ: Այդ իսկ պատճառով Յանուկովիչը ընտրել է Ասադի ճանապարհը: Եթե իշխանական բուրգում ճեղք տեղի ունենար, ապա Յանուկովիչը կընտրեր Մուբարաքի տարբերակը:

Հեղափոխության համար կարևոր է փողոցային պայքար ձևավորելը, սակայն առանց ներիշխանական կոնֆլիկտի առկայության՝ հեղափոխությունը շատ դժվար է հանգուցալուծում ստանում:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը