Լրահոս

10.08.2009 14:28


Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում

Նախագահը մարզի և քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի՝ որպես առողջարանային և զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների և քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:

Չգործող օդանավակայանի և դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի և զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ՝ շախմատի կենտրոնի և ձմեռային սպորտաձևերի մարզադաշտերի) գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաև՝ համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

Գլխավոր ճարտարապետը Նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է և կավարտվի 2011թ.: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Երկրի ղեկավարին են ներկայացվել նաև քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթևեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգույցի և ավտոճանապարհի նախագծերը:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:

Երկրի ղեկավարը հանդիպել է նաև «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին և ասել, որ հիացած է ուսման և գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Նախագահը նշել է, որ նաև այսպիսի օրինակները կոգևորեն դպրոցականներին ու կօգնեն գիտակցելու լավ սովորելու և կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը:

Հավաքականի անդամները երկրի ղեկավարին պատմել են մրցույթի ընթացքում իրենց ունեցած զգացումների և տպավորությունների, նաև՝ հայրենի քաղաքում որպես փոքրիկ հերոսներ ընդունվելու մասին:

Սերժ Սարգսյանը բարի ճանապարհ է մաղթել երեխաներին, ովքեր նույն օրվա երեկոյան ուղևորվում էին դեպի պատմական Արևմտյան Հայաստան, նշելով, որ այդ ուղևորությունը յուրօրինակ հնարավորություն է՝ համալրելու հայոց պատմության մասին նրանց գիտելիքները:

Երեխաները երկրի Նախագահի և «Փյունիկ» հիմնադրամի կողմից որպես պարգև ստացել են նոութբուք համակարգիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը