Լրահոս

19.02.2014 15:13


Գ. Մակարյան. «Այսօր արդեն հիմնարկներում աշխատողներն են խնդրում, որ իրենց չձևակերպեն»

Գ. Մակարյան. «Այսօր արդեն հիմնարկներում աշխատողներն են խնդրում, որ իրենց չձևակերպեն»

Այսօրվա ասուլիսին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խոսել է Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումից։

2013 թվականը բնութագրելով որպես անորոշությունների տարի՝ Մակարյանը նշել է, որ այդ անորոշությունները շարունակվելու են նաև 2014–ի առաջին կիսամյակում. «Մենք ունենք այսօր իրավիճակներ, որոնք վեց ամիսների ընթացքում հազիվ թե պարզեցվեն, հստակ լինի, թե ինչպիսի վերջնական ռազմավարական գիծ ենք ընդունում։ Այդ անորոշությունների մեջ է նաև կուտակային կենսաթոշակայինի հետ կապված խնդիրը»։

Բանախոսը հիշեցրել է, որ մարտի վերջին Սահմանադրական դատարանը որոշում պետք է ընդունի, և հստակ ասել՝ ինչպես այն կընդունվի հասարակության կողմից, չենք կարող. «Այսօրվա բողոքի վիճակները ցույց են տալիս, որ գործընթացը կարող է լուրջ շարունակություն ունենալ»։

Մակարյանը լրագրողների ուշադրությունը հրավիրել է հատկապես պարտադիր կուտակայինի օրենքում առկա պատժամիջոցներին.

«Եթե գործատուն չի իրականացնում այդ պարտադիր վճարները, պատժամիջոցներ են սկսվում շատ կտրուկ. չվճարված գումարների չափով կալանք է դրվում գույքի վրա, որը համարժեք գին ունի և կարող է բռնագանձվել։ Նմանատիպ մտքեր կան «Հարկերի մասին» օրենքում՝ 23-րդ հոդվածում, և 20-րդ հոդվածից սկսած, երբ գործատուն ուշացնում է իր հարկերի վճարումը, և օրական 0. 15 % տույժ է հաշվարկվում...»։

Ըստ բանախոսի՝ կուտակային թոշակը չվճարելու դեպքում նախատեսված խստությունը համարժեք է հարկային օրենսդրությամբ հարկերը չվճարելու սանկցիային։ Մակարյանի խոսքերով՝ կուտակային կենսաթոշակն էլ հարկի նման մի բան է դարձել, քանզի հավասար պատժամիջոցներ են գործում։ Արդյունքում.

«Այսօր արդեն հիմնարկներում աշխատողներն են խնդրում, որ իրենց չձևակերպեն, որ գումարներն ամբողջովին ստանան, այսինքն՝ ստվերայնությունը սկսում է ավելանալ...»։

Լրագրողների հարցին՝ եթե կուտակային կենսաթոշակները բյուջե չեն գնալու, ապա ո՞րն է կառավարության շահը, ինչո՞ւ է այդպիսի հարկադրական մեխանիզմ դրված, Գագիկ Մակարյանը պատասխանել է. «...կարելի է եզրակացնել՝ գուցե ինչ–որ հետաքրքրություններ կան այդպես առաջնորդվելու։ Ճիշտ է, գումարի մեծ մասն արտաքին կառավարիչների հաշվեհամարներին պետք է նստի, 40%-ը՝ ներքին, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ է պետությունը դրան գնում։ Պետությունն ասում է՝ սերունդների ապագան կարգավորելու համար, մարդիկ էլ ասում են, որ չեն ուզում 20-25 տարի հետո, պետությունն էլ ասում է՝ սանկցիա կկիրառեմ»։

«7օր»–ի հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաժողովրդական, քանզի ԵԿՄ համագումարին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ազգաբնակչության 80 տոկոսը դժգոհ է, Գագիկ Մակարյանը կարճ ու խուսափողական պատասխան է տվել. «Ես շատ կարճ կպատասխանեմ՝ նախագահն ի նկատի ուներ ներկայումս այդ ցուցանիշը բերելով, շատ կարճ»։

Լրագրողի պնդմանը՝ մի՞թե դա հակասահմանադրական չէ, բանախոսը պատասխանել է. «Ներկայումս կողմ է 20%-ը, դեմ է՝ 80%-ը, մնացած զարգացումները ժամանակի ընթացքում»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, բանախոսը պարզաբանել է. «Մի զարգացումը Սահմանադրական դատարանի որոշումը կտանի, բնականաբար։ Եթե որոշի կասեցնել դա, հետաքրքիր զարգացում կլինի, եթե որոշի, որ ոչ, օրենքը պետք է գործի, դա նորից հետաքրքիր զարգացումներ կարող է առաջացնել։ Զարգացումներ ասելով՝ միայն մի՛ հասկացեք, որ ժողովուրդը պետք է դժգոհի կամ բունտեր անի։ Զարգացում կարող է լինել նաև այն, որ մեկ ամսում բոլոր գործատուները տանեն վճարեն, և պարզվի, որ 100%–ը կողմ է արդեն, այսինքն՝ 20/80 հարաբերակցությունը փոխվեց ու վերացավ»։

Մակարյանը փաստել է, որ գործատուների շրջանում օրենքի իրազեկումը տարվել է բավական վատ։ Նա նաև նշել է, որ վարչապետին երկու ամիս առաջ նամակ է հղել և առաջարկել իր և Գործատուների միության ծառայությունները իրազեկումն ապահովելու ու նպաստելու համար, սակայն դրական պատասխան չի ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը