Մեկնաբանություն

19.02.2014 12:05


Ազատվել յանուկովիչներից

Ազատվել յանուկովիչներից

Ուկրաինայում արդեն տասնյակ զոհեր և վիրավորներ կան։ «Արևմտամետ» Յանուկովիչը, հանուն իր իշխանության, «Մարտի 1» է սարքում Կիևի կենտրոնում։

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մակերեսային դիտարկման համաձայն՝ Մայդանում մարդիկ հավաքվել են և դժգոհում են Յանուկովիչից, քանի որ նա ԵՄ–ի հետ ասոցացման չգնաց։

Այո՛, Մայդանում հավաքվելու առիթը «արևմտամետ» Յանուկովիչի «ա լյա» Սերժ Սարգսյան ասոցացումից թռնելն էր, բայց դա միայն առիթ էր։

Յանուկովիչի ոչ լեգիտիմության բուն պատճառն Ուկրաինայի տնտեսության սաշիկացումն է և պետական կառավարման համակարգի կոռումպացվածության գերբարձր մակարդակը։ Բանն այն է, որ Յանուկովիչի որդի Ալեքսանդրը՝ Սաշիկը, շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց մուլտիմիլիոնատեր դառնալ ճիշտ այնպես, ինչպես իր հայաստանյան կոլեգան՝ տնաբույծ «Յանուկովիչի» եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը։

Յանուկովիչի Սաշիկը սիրում է փայ մտնել այլոց բիզնեսներում և աչքի է ընկնում իր լկտի պահվածքով։ Ուկրաինայի արևելյան հատվածում գրեթե չկա մի խոշոր կամ միջին բիզնես, որն ասպատակության ենթարկված չլինի Սաշիկի կողմից։

Շատ են նման մեր և ուկրաինական սաշիկներն ու իրենց շեֆերը, այնպես չէ՞։ Այնպես որ, Մայդանում ոչ միայն և ոչ այնքան արևմտամետների կամ հակառուսների բողոք է, այլ Ուկրաինան մաշեցրած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության դեմ և ներքին թալանի ճիրաններից դուրս բերելու համար մղվող պայքար։

Յանուկովիչն իր արտաքին «թափառաշրջիկական» քաղաքականության արդյունքում կորցրեց վստահությունն ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում։ Ներսում էլ նա լեգիտիմության մշտական դեֆիցիտ ուներ, ինչը հիմա ավելի է խորացել։ Այս պայմաններում նրան մնում էր կրակելը, և նա կրակեց։

Սերժ Սարգսյանն էլ, ուկրաինական իր կոլեգայի պես, լեգիտիմության սուր դեֆիցիտ ունի։ Նա հիմա ապավինում է կիսակրիմինալ, կիսափողոցային և կիսառազմականացված բանդային։ Հայկուլիկներն ու մանվելներն են նրա հենարանը։

ԵԿՄ համագումարի ժամանակ հայտարարությունը, թե հանրության 80 տոկոսը դեմ է «կուտակայինին», բայց ինքը, միևնույն է, այդ համակարգը ներդնելու է, խոսում է այն մասին, որ Հայաստանում այլևս բանդայի իշխանություն է, որը պատերազմ է հայտարարել հանրությանը։ Թե ինչով է ավարտվելու այդ պատերազմը, դժվար է ասել։ Բայց մեկ բան ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանին չի հաջողվելու ախմախի տեղ դնել հանրությանն ու լրացուցիչ հարկման ենթարկել ինչպես մինչև 1974թ., այնպես էլ դրանից հետո ծնվածներին։

Հայ ժողովրդի համատարած կուլակաթափության ծրագիրը «Վերջի բոլշևիկի» կոկորդին է կանգնելու։ Խնդիրն այն է, որ զոհեր չլինեն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը