Լրահոս

19.02.2014 09:32


Նամակ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ եք բռնի ուժով ժողովրդի վզին փաթաթում այդ հակասահմանադրական օրենքը»

Նամակ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ եք բռնի ուժով ժողովրդի վզին փաթաթում այդ հակասահմանադրական օրենքը»

Բաց նամակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին
Երկրի այսօրվա և վաղվա օրով մտահոգ,
ՀՀ քաղաքացի` Գ. Իսրայելյանից
(մասնագիտությամբ տնտեսագետ)

Պրն. Նախագահ,
Դուք ինքներդ ԵԿՄ-ի համագումարում խոստովանեցիք, որ ժաղովրդի 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխման այս խայտառակ օրենքին:
Նման պարագայում, դուք ինչո՞ւ եք բռնի ուժով, Ձեր իշխանական բոլոր լծակներն օգտագործելով ժողովրդի վզին փաթաթում այդ հակասահմանադրական, մարդու իրավունքները ոտնահարող օրենքը: Ձեր կարծիքով ժողովրդի 80%-ը «ախմա՞խ է», բան չի՞ հասկանում, մնացած 20%-ն է բանիմաց, խելացի ու նման «մարդասիրական» օրենք է ընդունել: Դուք չե՞ք զգում, որ ժողովրդի մեծամասնությանը հանում եք Ձեր դեմ, իշխանությունների դեմ: Դուք փորփրում եք մեղվի փեթակը: Զոռով ժողովրդին ոտքի եք հանում:
Ես զարմանում եմ, Ձեզ շրջապատող պաշտոնյաների մեջ, ձեր խորհրդականների շրջանում, չկա արդյո՞ք մի ողջամիտ մարդ, ժողովրդի մասին մտածող, ցավող, որպեսզի Ձեզ բացատրի այս տխրահռչակ օրենքի բացասական հետևանքները: Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ: Գնալով շատանում է երկրի իշխանավորներից դժգոհողների թիվը: Մի խաղացեք մարդկանց համբերության հետ:
Պրն. Նախագահ, ընտրությունների ժամանակ ես իմ ձայնը Ձեզ եմ տվել, գտնելով, որ առաջադրված թեկնածուներից դուք եք համեմատաբար հարմարը` կրելու այդ բեռը: Ես լավ եմ հասկանում, թե ինչ մեծ պատասխանատվություն է երկրի նախագահ լինելը. Մի ամբողջ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը վերցնել սեփական ուսերին:
Ձեզ ընտրելիս ես առաջնորդվել եմ այն մտքով, որ Դուք ժողովրդի ծոցից եք ելել, մասնակցել եք Արցախի ազատագրական պատերազմին, հայրենասեր և ժողովրդի մասին մտածող մարդ եք: Սակայն այժմ մտածում եմ, որ չարաչար սխալվել եմ: Գու՞ցե պաշտոնն է Ձեզ փոխել, սկսել եք այլ աչքով նայել ժողովրդին: Բայց չէ որ Դուք էլ ժողովրդի մի մասնիկն եք:
Պրն. նախագահ, ես Ձեզ կխնդրեի լսել ժողովրդի ձայնը. Ժողովուրդն իմաստուն է և նրա մեծամասնությունը դժվար թե սխալվի: Այս օրենքի մասին դեռևս իրազեկված չէ ժողովուրդը, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Ենթադրենք մարդը մի օր դառնում է գործազուրկ: Այդ մարդը իրավունք չունի օգտվել իր կուտակած կենսաթոշակային գումարից, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները, մինչև նոր աշխատնք գտնելը: Ստացվում է, որ մարդու ընտանիքը տվյալ ժամանակահատվածում պետք է մնա անելանելի վիճակի մեջ, իսկ իր կուտակած փողերը ինչ-որ ֆոնդեր օգտագործեն ըստ իրենց հայեցողության: Նման դեպքերում մարդը երևի չհասի իր թոշակի տարիքին:
Մի բան ևս նշեմ. ՌԴ-ի պես հզոր պետությունը ևս կենսաթոշակային բարեփոխումներ է նախատեսում իրականացնել, բայց միայն 2015թ.ից: Առայժմ նրանց մոտ իրազեկման աշխատանքներ են տարվում. Հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով մանրամասն տեղեկացնում են ընդունվելիք օրենքի մասին: Իսկ մեզ մոտ ինչ-որ հապճեպ, օրենքի ուժի մեջ մտնելուց մի քանի օր առաջ, նոր փոփոխություններ են մտցվում օրենքի մեջ, որոնց մասին ժողովուրդը չի իրազեկվում: Մի խոսքով, կենսաթոշակային նման բարեփոխումը մեր երկրի համար ժամանակավրեպ է: Իմ համոզմամբ պետք է առնվազն մեկ տարով հետաձգել այս օրենքի գործողությունը: Այդ ընթացքում կատարել անհրաժեշտ փոփոխութոյւններ օրենքում, ապա մանրամասն իրազեկել ժողովրդին, օրենքը դնել լայն հասարակական քննարկման և ելնել բացառապես քաղաքացու շահերից, որպեսզի մեր երկրում ապագայում մարդ իրեն իսկապես ապահով զգա և վայելի իր արժանապատիվ ծերությունը:
Պրն. նախագահ, ինչ վերաբերվում է գազի գնին: Դուք հայտարարեցիք նույն ամբիոնից, որ մեր երկիրը ստանում է սահմանի վրա աշխարհում ամենաէժան գազը: Այո, համաձայն եմ ձեզ հետ` սահմանի վրա: Իսկ ի՞նչ գնով է այդ նույն էժան ռուսական գազը տրվում ժողովրդին` կրկնակի թա՞նկ: Ինչո՞ւ, ինչպե՞ս է այդ գինը գոյանում: Իսկ եթե հաշվի առնենք նաև սպառվող գազի որակը(նակատի ունեմ ցածր կալորիականությունը), ուրեմն էլ ավելի թանկ է նստում գազը ժողովրդի վրա: Ես խնդրում եմ «թոզ» մի փչեք ժողովրդի աչքերին. ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է:
Եվ վերջում, պրն. Նախագահ:
Դուք կոչված եք համախմբելու ժողովրդին, կայունացնելու երկրի քաղաքական իրավիճակը: Մենք շրջապատված ենք թշնամի հարևաններով: Մի Վրաստան է, որի հետ բարի դրացիական հարաբերություններ են, այն էլ նրանց նորընտիր նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունները կատարեց Ադրբեջան և Թուրքիա: Այստեղ մտածելու տեղ ունեն մեր արտաքին քաղաքականության համար պատասխանատու այրեյը:
Մի խոսքով, ես սթափվելու կոչ եմ անում ձեզ, պրն. նախագահ: Հուսով եմ իմ անհանգստությունները, մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը, կախվածությունը շատ ու շատ հանգամանքներից Ձեզ սթափվելու և ժողովրդի մեծամասնության կողքին կանգնելու, ժողովրդին չպառակտելու, այլ համախմբելու կտանի: Չէ որ մեր մեծերը, դեռ դարեր առաջ ասել են, որ մեր ազգի փրկությունը մեր միասնության մեջ է:
Հուսով եմ իմ ձայնը տեղ կհասնի:
Դուք պարտավոր եք լինել ժողովրդի հետ:
Ես շատ եմ սիրում մեր երկիրը և մտահոգված եմ նրա վաղվա օրով:
Հարգանքներով` Գ. Իսրայելյան:

Այս խորագրի վերջին նյութերը