Կարծիք

10.08.2009 12:18


Կնշվի՞ Արցախի անկախության 18-ամյակը

Կնշվի՞ Արցախի անկախության 18-ամյակը

Ցավոք սրտի, հայաստանցիներիս մեծամասնությունն անհաղորդակից է վերոնշյալ որոշման ու հանրաքվեի թե՛ ժամանակագրությանը, և թե՛ բովանդակությանը: Այլ կերպ ասած, մենք, չունենալով լիարժեք տեղեկատվություն, պարզապես չենք կարող «մերը» համարել այդ հիշարժան տարեթվերը: Տվյալ հանգամանքը ոչ միայն «մեծ շռայլություն» է, այլև Հայաստանում այդ օրերի նշանակությանը հետագայում նույնպես անտարբերությամբ վերաբերվելը կարող է տարեցտարի մեզ ակամա խորթացնել արցախահայության ճշմարիտ ու անշրջելի անկախամարտից: Իսկ դրա մեղավորը, ինչ խոսք, սեպտեմբերի 2-ի  և դեկտեմբերի 10-ի՝ համահայկական միջոցառումների «չկազմակերպիչ» ՀՀ իշխանություններն են (ցայսօր նրանք բավարարվում են լոկ հերթապահ շնորհավորանքներով):

            Այնինչ բանակցային ներկա փուլում Մինսկի խմբի անդամ երկրների նախագահների վերջին հայտարարությունը նույնիսկ եթե մոտ ապագայի համար «չի ազդարարում» հակամարտության վերջնական հանգուցալուծումը, այնուամենայնիվ, որոշակիացնում է դրա հավանականությունը: Նշվածի  համատեքստում ակնհայտ է, որ հայկական կողմը պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներն ու հնարավորություններն օգտագործել՝ «վերջին փուլից» առաջ առավելագույնը ուժեղացնելու մեր խաղաթղթերը:

Ըստ իս՝ «խաղարկվող տարբերակների» շարքում, թերևս, առաջնային պետք է համարել իշխանության տարիների բացթողման հրատապ շտկումը, այն է՝ սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի տոնական նշումը մայրաքաղաք Երևանում՝  քաղաքական էլիտայի մասնակցությամբ: Կարծում եմ՝ ԼՂ անկախության՝ պատմական որոշման ու հանրաքվեի «շնորհանդեսն» անհրաժեշտ է նշել ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Հանդիսությանը պետք է ներկա գտնվեն Հայաստանի   երեք նախագահներն ու Արցախի ղեկավարությունը՝ որպես կարևորագույն այդ խնդրում համազգային միասնության խորհրդանիշներ։ Խիստ ցանկալի է նաև մեր երկրում հավատարմագրված բոլոր դեսպանների ներկայությունը: Հավանաբար, անհրաժեշտություն չկա հավելելու, որ այդ միջոցառումը պետք է լայնորեն լուսաբանվի...

Մյուս տարբերակը վերաբերում է նույն օրերը աշխարհի հայաշատ երկրներում տոնականորեն միջազգայնացնելուն՝ սփյուռքահայ գաղթօջախների մասնակցությամբ, Հայաստանի ու ԼՂՀ դրոշներով, պաստառներով, տեղեկատվական բնույթի թռուցիկ-բրոշյուրներով և այլն: Աշխարհագրորեն նման ընդգրկուն ակցիայի անցկացումը, ըստ ամենայնի, պետք է կազմակերպվի պետական մակարդակով՝ ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունների համատեղ ջանքերով: Ի դեպ, բնավ ուշ չէ, որ իշխանությունը հենց այս տարի համակարգի արտերկրի մի շարք պետություններում Արցախի չափահասության տարիքը միջազգայնորեն նշող ու հաստատագրող տոնական քայլերթ-միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու աշխատանքները: Վերջիններս իրենց հերթին տվյալ երկրների քաղաքացիների շրջանում շատ հնարավոր է՝ հասարակական հետաքրքրություն առաջացնեն, ինչին սովորաբար հաջորդում է հասարակական կարծիքի ձևավորումը...  

Բանակցային այս թեժացած շրջանում, երբ էներգետիկ և  քաղաքական-քաղաքակրթական չմարող սառը պատերազմի պատճառով համաշխարհային քաղաքականության «ծանրության կենտրոնն» աստիճանաբար հանգրվանում է նաև Անդրկովկասում, Հայաստանի արդի ամենազգայուն հիմնախնդրի՝ ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծմանը նպաստելու համար հայկական կողմին ներկայումս «չեն խանգարի», առավելություն տվող այլ միջոցների գործադրմանը ևս:

Փորձեմ «հուշել» այդ եղանակներից մեկը, որը, չնայած, ավելի շուտ  հակառակորդին մոլորության մատնող, նրա վրա հոգեբանական ճնշում գործադրող բնույթի է, այդուհանդերձ, կարող է և արդյունավետ լինել: Խոսքը վերաբերում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դեսպանատներ կառուցելուն: Ենթադրելի է, որ գործընթացի մեկնարկն ամենայն հավանականությամբ որոշակի խուճապ կառաջացնի Ադրբեջանում այն ենթատեքստով, թե հարցի կարգավորումը (թեկուզև՝  Արցախի կագավիճակի անկախության մասով), ըստ էության, լուծված է հօգուտ հայկական կողմի։ Ըստ այդմ Ղարաբաղի իշխանություններն արդեն նախաձեռնում են դեսպանատների կառուցումը: Ընդ որում, դրանց հրատապ շինարարությունը խորհրդանշական ու համազգային բնույթ կստանա, եթե Հայաստանի ու Արցախի  իշխանություններն այն իրագործեն Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնի միջոցներով: Այլ կերպ ասած, աշխարհասփյուռ հայությանը պետք է կոչ անել, որ հիմնադրամի՝ այս տարվա համահայկական հանգանակության բոլոր միջոցներն ուղղվեն Արցախում դեսպանատների կառուցմանը: Համոզված եմ՝ այդ մասին մեր պաշտոնական հայտարարությունները ոչ միայն խառնաշփոթ կառաջացնեն Ադրբեջանում ու նրա ղեկավարներին  հոգեբանորեն կընտելացնեն Արցախի անկախությունն ի վերջո ընդունելուն, այլ նաև ողջ հայ ժողովրդի գիտակցության մեջ նորովի կամրապնդեն մասամբ սասանված ամուր հավատի հիմքը արցախահայության արդարև ազատամարտի մոտալուտ հաղթական հանգուցալուծման հանդեպ:

Ահա այս ամենն է (ավելի ստույգ՝ դրանց իրագործումը), որ, ըստ իս, էապես կբարելավի բանակցային արդի փուլում հայկական կողմի դիրքերը: Կարծում եմ՝ ընթերցողներից շատերը կհամաձայնեն նշվածների հրատապության ու արդյունավետության հետ: Մնում է, որ Հայաստանի իշխանությունները ևս իրատեսական համարեն տարբերակները, և, ամենակարևորը, ընթացք տան և հմտորեն կյանքի կոչեն դրանցից գեթ հնարավորը:

Արամ Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը