Մեկնաբանություն

18.02.2014 13:10


Բութ ու անազնիվ

Բութ ու անազնիվ

Աստծո ստեղծած երկու հայտնի որակներին՝ ուղեղ և ազնվություն, ավելացավ ևս մեկը՝ իշխող կուսակցության անմնացորդ նվիրյալ լինելը։ Բայց սա ավելի շատ որպես փորձություն, որը ոչ մի պարագայում չի կարող համատեղվել առաջին երկուսի հետ։

Այսինքն, եթե մարդը մի փոքր ուղեղ ու ազնվություն ունի, նա երբեք չի դառնա տվյալ պահին իշխանության եկած ուժի «դոբերման պինչերը»՝ հարկ եղած դեպքում շատ արագ տիրոջը փոխելու անկաշկանդ հաստատակամությամբ։

Եթե մարդ ուղեղ ունի, բայց շարունակում է ծափահարել երկրում ստեղծված վտանգավոր վիճակի պատասխանատուին՝ իր պատառը պոկելու նվաստացուցիչ ոգևորությամբ, նա ազնիվ չէ։

Եվ վերջապես, եթե ազնիվ կուսակցականը նույն ոգևորությամբ ծափահարում է երկիրը փոսը գցող որոշումներ կայացնողին, նա անուղեղ է կամ ավելի ճիշտ՝ ախմախ։

Հնարավոր են այլ տարբերակներ, բայց Աստծո ճանապարհներն անմեկնելի են։ Որպեսզի ավելի պարզ լինի, նայե՛ք տարբեր ժամանակներում Հայաստանի տարբեր ղեկավարների ելույթներին ծափ տվողներին (ազնիվներին ու խելացիներին մի կողմ դնենք)։ Նրանք, իհարկե, կան ու կլինեն։ Հետաքրքիրն անուղեղներն ու ստորաքարշներն են։ Նրանք միշտ առաջին պլանում են՝ անկախ ժամանակներից, դեմքի միևնույն արտահայտությամբ, առանց որևէ հիմնարար սկզբունքի, կարևորը՝ բութ ու անազնիվ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը