Լրահոս

18.02.2014 12:48


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Նրանց տուն է պետք» լուսանկարչական ցուցահանդեսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Նրանց տուն է պետք» լուսանկարչական ցուցահանդեսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «Նրանց տուն է պետք» լուսանկարների ցուցահանդեսը, որը միտված է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման հարցում Հայաստանի առաջընթացը խթանելու խնդրին:

Այստեղ ներկայացված էին գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած լուսանկարները, որոնք արտահայտությունն են Գյումրու երկրաշարժը վերապրած մարդկանց առօրյա իրականության, և նպատակ ունեն հանրության ուշադրությունը հրավիրելու նրանց սոցիալական խնդիրներին, ինչպես նաև հարթակ հանդիսանալ հնարավոր աջակցության հեռանկարները քննարկելու Գյումրիի վերոնշյալ խոցելի խմբերի համար, ովքեր մինչ օրս բնակվում են բեռնարկղերում, որոնք նախատեսված էին միայն ժամանակավոր կիրառության համար:
Ցուցահանդեսը և հետագա տեղեկատվական արշավը անմիջականորեն առնչվում են Հազարամյակի զարգացման նպատակներին, ի մասնավորի` Հազարամյակի զարգացման 1-ին նպատակին, որն է` ծայրաստիճան աղքատության և սովի վերացումը: Սա նաև սերտ առնչվում է ՙԱղքատության կրճատման ռազմավարություն/Կայուն զարգացում՚ կոչվող ՀՀ կառավարության երկարաժամկետ ծրագրին:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ՝ Մարիա Դոցենկոն նշեց. ՙՄենք քաջալերում ենք ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը` հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին և հաղթահարելու աղքատությունը: 2000 թ. սկսած շոշափելի արդյունքներն ապացուցում են, որ Հայաստանում արդեն իսկ արձանագրվել է առաջընթաց, մինչդեռ չբավարարվելով առկա ձեռքբերումներով, կարիք կա անելու ավելին: ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը ավանդաբար հասարակության ուշադրությունն է հրավիրում ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգային հարցերի վրա` կիրառության մեջ դնելով հայկական մշակույթը և հարուստ ավանդույթները` իրենց տարաբնույթ դրսևորումներով:՚
Ցուցահանդեսը հետագայում քննարկման կենթարկվի թե’ իշխանության ներկայացուցիչների, թե’ մասնավոր հատվածի, թե’ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների, և թե’ միջազգային հանրության կողմից` մտասևեռվելու, թե այլևս ինչ միջոցներ կարելի է գործի դնել երկրաշարժից մազապուրծ եղած մարդկանց առկախ խնդիրներին աջակցություն ցուցաբերելու համար:

Անահիտ Մխոյանը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրենն ավելացրեց. «Մարդու արժանապատվությունը սկսում է այնտեղից, որտեղ նա ապրում է, հայերի համար տունը խորհրդանշում է ամեն ինչ: Տուն չունենալը` ծայրահեղ աղքատություն է նրանց համար»:
1988 թ. դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժը ծնկի բերեց Հայաստանի հյուսիսային շրջանները, ինչի հետևանքով 25 հազար մարդ նահատակվեց, որոնցից 15-17 հազարը Գյումրիում: Համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության արձանագրած տվյալների գրեթե 514 հազար մարդ մնաց առանց տանիքի: Մինչ օրս Գյումրիում 4,000 ընտանիք դեռևս ապաստանում է ժամանակավոր տնակներում:

Ցուցահանդեսը բաց կլինի յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 15:00-17:00 մինչև սույն թվականի մարտի 5-ը:

Այս խորագրի վերջին նյութերը