Մեկնաբանություն

17.02.2014 17:39


Ծառուկյանի «Դեմ եմ»–ն ու Սարգսյանի «Կողմ եմ»–ը` 80/20

Ծառուկյանի «Դեմ եմ»–ն ու Սարգսյանի «Կողմ եմ»–ը` 80/20

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը միշտ մասնակցել է ԲՀԿ համագումարներին։ Դա այն ժամանակ էր, երբ ԲՀԿ–ն իշխող կոալիցիայի անդամ էր։

2012թ. ԱԺ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի թիմը դուրս եկավ կոալիցիայից։ Շաբաթ օրը տեղի ունեցած ԲՀԿ համագումարն առաջինն էր հետկոալիցիոն ժամանակահատվածում։ Բնականաբար Սերժ Սարգսյանը չէր կարող հրավիրվել։ Ճիշտ է, նա ամեն ինչ արեց, որպեսզի հայտնվի Ծառուկյանի կողքը, բայց չստացվեց, քանզի նրան «կուլտուրական» ձևով հասկացրեցին, որ չեն սպասում։

Տեսնելով, որ չի կարողանալու ԲՀԿ–ի համագումարը «մխտրել» իր ներկայությամբ՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ–ի համագումարը նշանակեց նույն օրը և նույն ժամին, որպեսզի այնտեղ ելույթ ունենա ու փորձի ստվերել Գագիկ Ծառուկյանի խոսքը, սակայն ստացվեց հակառակ արդյունքը։ Բոլորը տեսան ու լսեցին՝ ստանալով համեմատություն անցկացնելու հիանալի հնարավորություն։

Այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանն անմարդկային ու անարդյունավետ էր գնահատում կենսաթոշակային այսպես կոչված ռեֆորմը, Սերժ Սարգսյանը կողմ էր արտահայտվում դրան։ Կոնտրաստը հսկայական էր։ Մարդիկ տեսան մտահոգ մարդու ելույթ՝ մի կողմից և ջեբկիրի հոգեբանությամբ ու ղումարբազի ժարգոնով հանդես եկող մարդու ելույթ՝ մյուս կողմից։

Սերժ Սարգսյանն այնքան ջղային էր խոսում և քարոզում կուտակայինի օգտին, որ կամա թե ակամա մատնեց իշխանությունների իրական նպատակները (նաև՝ իշխանության վախերն ու տագնապները)։

Մինչև փետրվարի 15–ը իշխանության տարատեսակ ներկայացուցիչները պնդում էին, որ «կուտակայինի» փողերն իրենք հանձնելու են հիմնադրամներին, որպեսզի այդ կազմակերպություններն օտարերկրյա հուսալի արժեթղթերի մեջ դնեն դրանք ու մի քանի տասնամյակ անց այդ փողերը հետ վերադարձնեն 1974թ. հետո ծնված ՀՀ քաղաքացիներին։ Մի կողմ դնենք, թե որքանով էին այդ պնդումներն ընդունելի։ Տվյալ դեպքում դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանի խոսքը լրիվ այլ էր։ Նա խոստովանեց, որ տնտեսությանը ցածր տոկոսադրույքով ու «երկար» փողեր են պետք և դրա համար իրենք նեղություն են տալիս աշխատողներին, որպեսզի նրանք 20 և ավելի տարիներ հետո ապրեն «Ապահով Հայաստանում»։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ Տիգրան Սարգսյանի հետ միասին այնպես են լացացրել ՀՀ տնտեսության մայրիկը և այնպես են «սաշիկիզացիայի» ենթարկել բիզնես դաշտը, որ արդեն ստիպված են աշխատող մարդու վրա լրացուցիչ հարկատեսակ սահմանել՝ «Կուտակային» անվանմամբ։

Թե քանի ախմախ կա Հայաստանում, որ կընդունի Սերժ Սարգսյանի այս մոտեցումները, դժվար է ասել։ Ըստ Սերժ Սարգսյանի ունեցած տեղեկությունների՝ իրենց կողմ են 20 տոկոսը։ Իրականում, իհարկե, նա մի զրո ավել է ասել, բայց ընդունենք նրա ներկայացրած թիվը։

«Հանրության 80 տոկոսը դեմ է այս որոշմանը, բայց մենք հո ախմախ չենք, որ քաղաքական ռեսուրս ծախսենք դրա վրա»,– ի օգուտ «կուտակայինի» ներդրման իր փաստարկներն էր ջղաձգորեն ներկայացնում Սերժ Սարգսյանը։

Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ընդունում է, որ ինքը ներկայացնում է հանրության 20 տոկոսի շահերը, իսկ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ներկայացրել է 80 տոկոսի տեսակետը։ Ծառուկյանը դեմ է «կուտակայինին», իսկ Սարգսյանը՝ կողմ։ Հարաբերակցությունը՝ 80/ 20 (սա ըստ Սերժ Սարգսյանի)։

Եվ այսպես, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ հանդիսանում է ագրեսիվ փոքրամասնության ներկայացուցիչը։ Ավելի հզոր փաստարկ դժվար էր մտածելը՝ հրաժարականի դիմում ներկայացնելու համար։ Չէ՞ որ ժողովրդավարական հասարակության մեջ մեծամասնության տեսակետն է դոմինանտը, իսկ փոքրամասնության համար սահմանված են իրավունքներ, որոնք պաշտպանում են նրանց մեծամասնության հակաիրավական ազդեցությունից։

Սերժ Սարգսյանն ուզում է իր քսան տոկոսով ութսուն տոկոսին որոշում պարտադրել, այսինքն՝ փոքրամասնության կամքը թելադրել մեծամասնությանը։ Դա արդեն դասական բոլշևիզմ է։ Բոլշևիկներն էլ նախորդ դարասկզբին հանրային մեծամասնության աջակցությունը չունեին, բայց բռնությամբ վերցրին իշխանությունն ու սովի մատնեցին երկիրը՝ ձեռքի հետ մի քանի միլիոն մարդու գնդակահարելով ու սեփականատերերին կուլակաթափ անելով։

«Վերջի բոլշևիկը» նույն բանն է ուզում անել, բայց 21–րդ դարում, երբ «Կարմիր» ժանտախտը վաղուց պատմության աղբանոց է նետվել։

Հանրության ու քաղաքական ուժերի գործն այս դեպքում պետք է լինի լայն համախմբման գնալը և բուրժուադեմոկրատական կոդերով իշխանափոխություն իրականացնելը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Եթե Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե նա Սերժ Սարգսյանին շրջանցում է ու չի քննադատում, ապա նրանք լավագույն դեպքում ախմախներ են, իսկ վատագույն դեպքում՝ «դհոլներ»։ Ինչպես ասում են՝ ընտրությունը ձերն է։

Այս խորագրի վերջին նյութերը