Մեկնաբանություն

17.02.2014 12:20


Արիստոտել vs Սերժ Սարգսյան

Արիստոտել vs Սերժ Սարգսյան

Տրամաբանության՝ որպես գիտության հիմնադիր Արիստոտելն ինչ–որ բան բաց էր թողել։

20 դարից ավելի ժամանակ պահանջվեց՝ պարզելու, որ տրամաբանված դատողությունը կարող է և չտեղավորվել արիստոտելյան մոդելի մեջ։ Վերցնենք սիլլոգիզմը՝ դատողություն՝ բաղկացած երկու պարզ դրույթից և մեկ եզրահանգումից։

Օրինակ՝ 1. Թռչունները կաթնասուն չեն։

2. Փիղը կաթնասուն է։

Եզրահանգում՝ փիղը թռչուն չէ։

Բայց, արի ու տես, որ փիղը կարող է և թռչուն լինել։

Եկեք վերցնենք Սերժ Սարգսյանի ազատ մամուլի վերաբերյալ հայտարարություններն, ու դրանք վերլուծենք տրամաբանված դատողության տեսանկյունից։

«Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան» (դատողություն 1): Այնուհետև գործող նախագահը եզրահանգում է. «Մամուլի ազատությունը նաև նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում»։

Եզրահանգելը եզրահանգում է, բայց ընդունեք, որ տրամաբանական կապը դուրս է գալիս տրամաբանության բոլոր կանոններից։ Ավելին՝ մեկ դատողությունից անմիջապես արվում է եզրահանգում։ Չկա երկրորդը։ Իսկ այդպես չի կարելի։

Լրացնենք այդ բացը։ Հայաստանում լրատվամիջոցների գերակշիռ մասը (դեռ մի բան էլ ավելի) վերահսկվում է նախագահականի կողմից (դատողություն 2)։ Հիմա կառուցենք Սերժ Սարգսյանի սիլլոգիզմը՝

1. Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան (առկա է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում)։

2. Հայաստանում լրատվամիջոցների գերակշիռ մասը (դեռ մի բան էլ ավելի) վերահսկվում է նախագահականի կողմից։

Եզրահանգում՝ մամուլի ազատությունը Հայաստանում նշանակում է նախագահական նստավայրի կողմից ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում։

Եթե սա էր ՍերԺ Սարգսյանի հայտարարությունների տրամաբանությունը, ապա գրագետ դատողության տեսանկյունից ամեն ինչ նորմալ է։ Արիստոտելը կարող է հանգիստ լինել։ Եթե ոչ, սա արդեն խոսակցության այլ թեմա է...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը