Մեկնաբանություն

16.02.2014 14:05


Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի

Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի

Ոմանք զարմանում, իսկ ոմանք էլ զայրանում են Արմեն Աշոտյանի ելույթների ու ֆեյսբուքյան գրառումների վրա, բայց դրա կարիքը չկա։ Աշոտյանն ընդամենը ՀՀԿ–ի ընդերքում բուծվող կարմիրշորտիկավորներից մեկն է, պարզապես՝ առավել ճարպիկներից ու լպրծուններից մեկը։ Բայց նա միակը չէ։ Հետևից գալիս են նախկին եվրանժդեհականներ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը և գույնզգույն շորտիկավորների ավելի երիտասարդ սերունդները։ Աշոտյանը դրանց շարքերի ամենահաջողակներից է, բայց հիշեցնենք, որ ժամանակին հաջողակ էր համարվում նաև ՀՀԿ–ական Վազգեն Խաչիկյանը, ով այժմ ուղղիչ աշխատանքային գաղութում է՝ կենսաթոշակառուներից «ալաֆ» արած փողերը Սերժ Սարգսյանին ժամանակին տեղ չհասցնելու կամ էլ նմանատիպ մեկ այլ պատճառով։

Եվ ուրեմն, Աշոտյանին պետք է այլ ռակուրսով դիտարկել։ Նրան հաջողվել է հասնել ՀՀ կրթության և (ուշադրությու՛ն) գիտության նախարարի աթոռին։ Դրանից հետո արդեն անիմաստ է նրա վրա զարմանալը կամ առավելևս՝ զայրանալը։

Հլա մի հատ ասեք նախարար և ապա ավելացրեք Աշոտյան ու կտեսնեք, որ պետք է զարմանանք ու զայրանանք ինքներս մեզ վրա։ Քանզի եթե Աշոտյանը քծնանքի, կարմիր շորտիկով խոնջիկ–մունջիկ գալու, նախագահի հետ շփումից հետո, «ա լյա» Մոնիկա Լևինսկի, նույն այդ կարմիր շորտիկը որպես «սուրբ մասունք» պահելու և այլ մեթոդների շնորհիվ հասել է նախարարի պաշտոնին, ապա արդեն կարող է ցինիկանալ, սրտի ուզածի չափով դեմագոգիայով զբաղվել և «ղժժալ» հայ ժողովրդի վրա՝ հայտարարելով, թե ով կենսաթոշակային տոկոսները չի ուզում փոխանցել, թող լքի Հայստանը։

Աշոտյանի ասածներն արդեն իր խնդիրը չեն։ Ավելի ճիշտ՝ վաղուց իր խնդիրը չեն։ Դա արդեն հանրության խնդիրն է։

Աշոտյանն ընդամենը ինդիկատոր է։ Նա ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է դեգրադացված պետական կառավարման համակարգը։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ Աշոտյանը դեգրադացվածության գլխավոր ինդիկատորը չէ։ Եթե Սերժ Սարգսյանի պես կեվորկովյան «շկոլայի» ներկայացուցիչը հայտնվել է անկախ ՀՀ նախագահի աթոռին, ապա Աշոտյանին կարելի է անարդարության զոհ համարել, քանի որ Սերժի ֆոնին կարմիրշորտիկավորը պարզապես մտքի տիտան է, հայ քաղաքական մտքի ռահվիրա և պետականության հենասյուն։

Ինչու՞ պետք է Ս.Ս.–ն նախագահ դառնա, իսկ Ա.Ա.–ն նախարար չդառնա։ Չէ՞ որ Հայաստանը որբի գլուխ է դարձել, որի վրա բոլորը դալլաքություն են սովորում։ Հետևաբար՝ եկեք հանգիստ թողնենք Աշոտյանին ու չզայրանանք նրա վրա։ Նա ենթակա անձ է և «ամուր» ոտքերի վրա հենված կատարող գլուխ։

Ինչպես մարդա մեկի տատը կարող էր ասած լինել նման դեպքերի համար՝ պետք է բռնել ցուլի կոտոշներից, այլ ոչ թե ամորձիներից։

Եվ այսպես, պայմանավորվում ենք, որ Աշոտյան Արմենին թողնում ենք հանգիստ, որպեսզի նա կատարի վերևից եկած հրահանգներն ու դրանց կատարելուց ազատ ժամանակ զբաղվի իր սիրելի Նիկոլ Փաշինյանի քաղաքական փաստաբանությամբ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ի դեպ, Նիկոլը ժամանակին Աշոտյանի կուսակից ընկեր Էդուարդ Շարմազանովին անվանում էր Մարիշ Բոզիկյան։ «Խոխման» այն է, որ Աշոտյանը հրապարակավ պարբերաբար ճիշտ է հանում Նիկոլին ու «բալետ» անում նրան։ Դե երևի մի բան գիտի Արմենը։ Հատկապես Բոզիկյանի «մոմենտով»։

Այս խորագրի վերջին նյութերը