Մեկնաբանություն

15.02.2014 19:51


Մղձավանջային երա՞զ, թե՞ իրականություն

Մղձավանջային երա՞զ, թե՞ իրականություն

Արթնանում ու երբ փորձում ես մի թեթեւ նախաճաշել՝ համագումար է սկսվում:

Հա՜-մա՜-գու՜-մա՜ր…Որ «սաղ աշխարհն ա նայում»:

«Կոմպլեքս» իրադարձություն, երբ հավաքվում է մի 2000 մարդ (ըստ լավատեղյակների՝ բերման ենթարկված) ու սկսում ես դիտել ու հասկանալ՝ «արդյոք ո՞վքեր են»:

Մեկ ժամ անց պարզվում է, բոլորն իրար ասում են՝ դու «Արցախի հերոս ես»:

Խե՜ղճ լինես, դու ա՛յ ժողովուրդ, որ երկիրը երբեք չես լքել, մնացել ու ՊԱՀԵԼ ես երկիրը, որ հիմա տեսնես էս՝ չգիտես, թե ում զարմացնելու, վախեցնելու եւ շլացնելու համար պատրաստված հոբելյանական երկրա-«պահական» ցուցքը:

Աչքերիդ ու ականջներիդ չես հավատում, եւ ընդամենը հիշում ես բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի տողը՝ «Կինո է, կանցնի»:

Կինոն չի անցնում, շարունակվում է, համագումարյան էկրանին տեսնում ես 10-րդ հոբելյանականին նվիրված տեսանյութը, որտեղ կա միայն 3 «հերոս»՝ մեռած ու կենդանի 3 ՀՀԿ-ական:

Հետո, էլի ես մտածում՝ «Կինո է, կանցնի»:

Չի՛ անցնում, թարսի պես…Շարունակվում է…Ելույթներ, ծափեր, ուժգին ծափողջույններ՝ կանգնած ու նստած: Այդ պահին հիշում ես նախահամագումարյան հեռուստառեպորտաժը, որում ԵԿՄ երկրորդ հավերժ նախագահը (մնաց 30 տարի) ենթականերին ցուցում էր տալիս. «Սաղ, տոչնի ա, չէ՞...որ էդ օրը ասեմ՝ էսինչը որդեյա նստած, ասես՝ ըստե՛»:

«Էսինչը» դահլիճ մտավ խորհրդային լճացման շրջանի համագումարյան կիսավախվորած-կիսացնծագին ծափողջույնների ներքո ու նստեց իրեն հատկացված պատվավոր տեղը:

«Ապրես դու, որ կաս, վերջի բոլշեւիկ»,- համագումարի ավարտին պետք է գոռար երկրորդ հավերժ (մնաց 30 տարի) նախագահը: Եվ, ի դեպ, պետք չէ, խմբագրել նրա խոսքը, նա հստակ հայտարարեց՝ «վերջի» եւ ոչ թե «վերջին»:

Կեղծ հայրենասիրության, ազգային սնապարծության աննախադեպ թամաշան սկսվեց, որի ընթացքում «վերջի բոլշեւիկը» խնամքով պատրաստված իր ելույթն արտասանեց՝ ռաբիսական ոճով պարբերաբար դիմելով դահլիճին՝ «տղերք…տղերք»:

Ով, հետո նաեւ պետք է պատասխաներ «տղերքի» նախապես ստուգված եւ հնչեցրած հարցերին:

«Վերջի բոլշեւիկը» անակնկալ հարցերից սարսափում է, քանզի նման դեպքերում «խիյարը թարս ա բուսնում»: Իսկ երբ հարցերի ու պատասխանների հեղինակը ինքն է, հանգիստ կարող է հայտարարել, որ տնտեսության վիճակը անհուսալի չէ, արտագաղթի խնդիրն էլ հաղթահարելի է, «Հայռուսգազարդի» 20 տոկոսի վաճառքնով էլ կարելի է միայն հպարտանալ:

Ինչեւէ, «վերջի բոլշեւիկի» ելույթին հաջորդում են էլի շատ ու շատ մեծական ու մանկապատանեկան կատարմամբ ելույթներ ու ճառեր: «Ռազմահայրենասիրական լուծ են ընկել», անհնար է արագ դեմն առնելը, մանավանդ, երբ ոչ մի դեղամիջոց չկա: Մանավանդ, երբ ցուցքի նպատակը մեկն է՝ «մենք քո մեջքին ենք, Ազատիչ ջան»: Բայց մատուցվում է որպես «ժողովրդի ոգին բարձրացնելուն» միտված մի թատերականացված բեմադրություն՝ արված կոմսոմոլական ջանքով: Բեմում միայն պակասում էին ֆոլգայով պատրաստված թրերն ու զրահները: Բայց դե վեց տարի ամբիոններից ժողովրդին հայրենասիրություն կերակրելով՝ նրան չես կշտացնի, երբ մանավանդ, հայրանասիրություն են քարոզում կուշտ ու կուռ ստահակներն ու խաչագողերը, որոնց «էլիտար» զկռտոցից գարշահոտություն է տարածվում երկրում:

Իսկ համագումարից հետո տեղի ունեցած «համառոտ» ասուլիսում ոչ մի լրագրող չի հետաքրքրվում՝ ի՛նչ գործ ունի, ասենք, իրենց լրագրող գործընկերոջ սպանության պատվիրատուն կամ շաքարավազի ներկրման ճակատում կռիվ տվածը, կամ զինվորականին իր տան բակում սպանածը ԵԿՄ վարչության կազմում: Լրագրողի սպանության պատվիրատուն մինչ այդ բեմում էր եւ յուղոտ ու նողկալի դեմքին ժպիտը երկար պահած ծափահարում էր «Արցախի հերոս» հռչակվածներին, առաջին հերթին՝ «վերջի բոլշեւիկին»:

Մի խոսքով…ավելի ուշ «Բրաբուսները» արշավեցին դեպի չգիտեմ ում օբյեկտը՝ քեֆ անելու եւ խմելու «միասնականության ու հայրենիքի» կենացը:

Կինո չէ, չի անցնում…

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը