Կարծիք

15.02.2014 13:41


Անհեթեթ գրառումով հերթական անգամ հանդես է եկել Կարեն Ավագյանը

Անհեթեթ գրառումով հերթական անգամ հանդես է եկել Կարեն Ավագյանը

Վերջերս հանրապետականների գործունեությունը կարելի է բնութագրել այսպես՝ «хотели как лучше, а получилось как всегда»։ Մարդիկ ինչ-որ հայտարարություններ են անում, որոնք իրական փաստերի հետ ոչ մի կապ չունեն, և դրանով իսկ հայտնվում են բավականին խնդալու իրավիճակում: Այդպես է եղել, օրինակ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի մասին հայտարարության պարագայում:
Երեկ էլ անհեթեթ գրառումով հերթական անգամ հանդես է եկել Կարեն Ավագյանը: Ճիշտն ասած, նման գործիչների հայտարարություններին անդրադառնալը, իմ կարծիքով, սխալ է, քանի որ բոլորն էլ գիտեն այդ մարդկանց էությունը և անցած ճանապարհը, սակայն ցանկացած նորմալ մարդ չի կարող լռել, երբ գործ ունի ակնհայտ ստի և զրպարտության հետ, քանի որ Կարեն Ավագյանի՝ Վարդան Օսկանյանին ուղղված գրառումը ոչ մի քննադատության չի դիմանում:
Իսկ հիմա ընդամենը մի քանի փաստ բերեմ:
1998-2008թթ. վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանին հաջողվել էր բավականին արդյունավետ համագործակցություն ծավալել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի և Իրանի հետ, ինչը դրսևորվում էր նրանում, որ.
1. «Գազպրոմ»-ի հետ բավականին արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանում լայնածավալ գազաֆիկացում էր իրականացվում, կառուցվել է ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ինչպես նաև Իրան-Հայաստան գազատարը: Եվ, ի դեպ, «Հայռուսգազարդ»-ի տնօրենին նշանակում էր հայկական կողմը, թեև որոշակի հանգամանքների արդյունքում բաժնետոմսերի «45-45-10» ձևաչափից վերածվել են «20-80» ձևաչափին, սակայն կառավարման ձևաչափն էապես չի փոխվել:
2. 1999թ. Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև վերաստորագրվել է Կոլեկտիվ անվտանգության մասին համաձայնագիրը, որն արդեն 2002-ին վերածվել է ՀԱՊԿ-ը ստեղծելու համաձայնագրին, որին անդամակցել է նաև Հայաստանը, ինչը ոչ միայն անվտանգության երաշխիքներ էր ստեղծում Հայաստանի համար, այլ նաև բավականաչափ խոշոր ֆինանսական ներդրումներ բերեց մեր տնտեսություն։ Հայաստանի և ՌԴ-ի միջև ստեղծվել էին բավականին վստահելի հարաբերություններ, ինչն իր դրսևորումը գտավ ոչ միայն ֆինանսական ներդրումների հարցում, այլ նաև այն նրանում, որ Ռուսաստանը հարձակողական նշանակության զենք չէր վաճառում Ադրբեջանին:
3. 1999–ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ենթադրում էր ԵՄ-ի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցություն օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում: 2005թ. ստեղծվել է Հայաստանի առևտրական ներկայացուցչությունը Բրյուսելում, 2006-ին ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրվել է «Համատեղ գործողությունների ծրագիրը»: Իսկ 2007-ին Հայաստանը ողջունեց ԵՄ-ի կողմից ներկայացված «Արևելյան համագործակցություն» ծրագիրը, ինչը, ի դեպ, ոչ մի լուրջ, նեգատիվ ազդեցություն չի թողել հայ-ռուսական հարաբերությունների վրա, քանի որ կոմպլեմենտարիզմի կուրսը բավականին ճկուն էր և, միաժամանակ, հստակ: Եվ այս` բավականին արդյունավետ համագործակցության իներցիան տևեց գրեթե մինչև 2010թ.–ն:
4. Այս տարիներին մենք ակտիվ համագործակցում էին նաև ՆԱՏՕ-ի հետ:
5. Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև բավականաչափ դրական հարաբերություններ էին ստեղծվել, ինչը դրսևորվում էր նաև ֆինանսական ներդրումների դաշտում:

Իսկ ահա՝ ինչ ունենք մենք այսօր`

1. «Հայռուսգազարդ»-ի բաժնեմասի վերջին 20 տոկոսի վաճառքը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները, ինչի մասին նախորդ իշխանությունների ժամանակ խոսք անգամ գնալ չէր կարող, ինչպես նաև Որոտանի վաճառքը: Այս ամենի արդյունքում Հայաստանն էներգետիկ ոլորտում կորցրել է իր ազդեցությունը սեփական երկրում և դարձել ընդամենը պասիվ դիտորդ: Էլ չեմ խոսում գազի գնի մասին:
2. Տեղի է ունեցել ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացում, քանի որ Սերժ Սարգսյանի անսկզբունքային «և, և»-ի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանն անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց միջազգային ասպարեզում, իսկ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը՝ ՄՄ-ին միանալու մասին, վերջնականապես ամրապնդեց այդ մեր ձեռք բերած ստատուսը: Այս ամենի մասին կարելի է դատել ոչ միայն ԵՄ-ի տարբեր ներկայացուցիչների կտրուկ հայտարարություններից, այլ նաև ֆինանսական ներհոսքերի կրճատումից (օրինակ՝ 2013թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները նվազել են 64.2 տոկոսով. 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ֆրանսիայի ներդրումները պակասել են 81.6 տոկոսով):
3. Ֆինանսական ներդրումների նվազումը նկատվում է նաև այլ երկրների կողմից, օրինակ` 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալների համաձայն՝ ներդրումները նվազեցրել է ռազմավարական գործընկեր ՌԴ-ն՝ 20.7 տոկոսով, ԱՄՆ-ը՝ 37.2 տոկոսով և այլն, ինչը նույնպես դրական չի նկարագրում այսօրվա իշխանական թիմի արտաքին քաղաքական կուրսը:
4. Նշեմ նաև խայտառակ պատմությունը՝ կապված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և համաներում շնորհելու հետ, ինչը, իմ խորին համոզմամբ, ուղղակի ապտակ էր Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը: Ավելորդ չէ հիշել նաև Հրաչյա Հարությունյանի հետ կապված պամությունը:
5. Հիշեցնեմ նաև խայտառակ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները, երբ Սերժ Սարգսյանը, համաձայնվելով պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարին, փաստացի ուրացավ Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մեր երկրի հարաբերությունները սփյուռքի հետ սարսափելի անկում ապրեցին, որը դրսևորվեց Սերժ Սարգսյանի դեմ բազմաթիվ բողոքի ակցիաներում:
6. Ի դեպ, նշեմ նաև վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած խայտառակ հանդիպումը, երբ ԵՄ-ի պատվիրակությունը ոչ միայն չի ներկայացել ամբողջ անձնակազմով, ինչպես նախատեսվում էր, այլ նաև հանդիպման ժամանակ պատվիրակության անդամը ցուցադրաբար լքել էր դահլիճը:
7. Հարկ է նկատել նաև ԼՂ-ի կարգավորման հարցի շուրջ վերջերս ակտիվ ծավալվող այն խոսակցությունները, որ Թուրքիան պետք է ակտիվ ներգրավվի այդ հարցի կարգավորման գործընթացում: Հիշենք գոնե վերջերս արված Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը և այլն:

Մի խոսքով, այս գաղջ ցուցակը կարելի է շարունակել, սակայն, կարծում եմ, այս ամենն էլ է բավարար, որպեսզի հասկանանք, որ Կարեն Ավագյանի խոսքերն ընդամենը «մեթանով լցված փուչիկներ են», իսկ այդ գործում, ինչպես փորձը ցույց է տվել, Ավագյանը մեծ մասնագետ է:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը