Կարծիք

15.02.2014 13:18


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Սերժ Սարգսյանի տեղը լինեի աշխատանքից կազատեի բոլոր խորհրդականներին։ Բա՞ Արամ Ղարիբյանը, Վարդան Խաչատրյանը, Միքայել Հարությունյանը, Ալիկ Սարգսյանը, Ֆելիքս Փիրումյանը, Գագիկ Գևորգյանը Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ մարդ են։ Մեկը, գոնե մեկը չի գտնվում մեջներից, որ սրտացավ վերաբերմունք ցուցաբերի Սերժի նկատմամբ, գոնե մեկն ասի. «Ախր, պ–ն նախագահ, մեղք եք, պետական իշխանության բոլոր ռեսուրսները սպառել եք։ Հույսը դրել եք ուժի վրա, որ ի՞նչ անեք։ Դա էլ է մի օր սպառվելու, խեղճ Գասպարյանին էլ վատ դրության մեջ եք դում։ Մարդն այդքան ոստիկան որտեղի՞ց հավաքի, որ ժողովրդի արդար ցույցերի, բողոքի ակցիայի, թռուցիկներ բաժանող երիտասարդների հետևից ուղարկի։ Մեր կազմակերպած սութի ակտիվիստներ–ցուցարաների մասին էլ չեմ ասում։ Լավ, Վովաի մասին չես մտածում, գոնե քո մասին մտածի, քո անվտանգության մասին մտածի։ Ջիվան–ջահել մարդ ես, ուզում ես Մուբարաքի, Քադդաֆու պես ավարտես, էհհ, նահապետ...գարուն է մոտենում, բայց այստեղ կարծես աշուն լինի, նահապետ..»։ Ոչ մեկ չի մտածում երկրիս նախագահի մասին։ Գոնե Տեր Մեսրոպ քահանա Արամյանն աղոթի նրա հոգու փրկության համար, ֆիզիկական փրկությունն էլ երկար ու ձիգ վեց տարիների ընթացքում տառապած, արտագաղթած, օֆշորի, դոլլար–դրամ խաղերի ենթարկված բարեսիրտ ժողովուրդը կպարգևի։

Քաղաքագիտական տեսանկյունից իշխանության իրականացման լավագույն մոդելն այն է, որն ապահովում է այն կրողի անվտանգությունը։ Այդ մոդելը հիմնված է օրինականության ու լեգիտիմության վրա։

Ելնելով վերը նշվածից և պրոեկտելով հայաստանյան իրականության վրա, կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի իշխաությունը չի ապահովում իր անվտանգությունը, քանզի այն հիմնված չէ օրինականության (նախագահական ընտրությունները իրականացվել են «տոկոս խփելու» միջոցով) ու լեգիտիմության վրա։ Իշխանությունն ինքնին «բեռ» դառնալու հատկություն էլ ունի։ Սարգսյանի համար այն հիմա բեռ է, որից պետք է արագ ձերբազատվի սեփական անվտանգությունն ապահովելու համար, քանի դեռ քաղաքական դաշտի այլ ուժեր ու ժողովուրդը միտված են անվտանգության երաշխիքներ տալու ու անվտանգ իշխանափոխության երաշխավոր կանգնել։ Մի բան, որի մասին կերազեին մի շարք երկրներ։
Հ.Գ. Իշխանությունից ընդհանրապես վախենում են նրանք, ովքեր չունեն տարրական պատկերացումներ այդ ֆենոմենի վերաբերյալ և, առավելևս, այն կիրառելու ու իրականացնելու տարրական գիտելիքններ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը