Մեկնաբանություն

15.02.2014 00:25


Գաղջ ու ցեխոտ իրականության հեղինակը իշխանությունն է

Գաղջ ու ցեխոտ իրականության հեղինակը իշխանությունն է

Սերժ Սարգսյանը մի կողմից շատ ուրախ է եւ «լուրջ ձեռքբերում» է համարում այն, որ մամուլի ազատության ցուցիչով Հայաստանը առաջատար է տարածաշրջանում (ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությնան զեկույցի), իսկ մյուս կողմից էլ դժգոհում է, որ առանձին լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր եւ գործիչներ առավոտից մինչեւ կեսգիշեր «ցեխ են շպրտում» ու «սեւացնում» են իշխանության կատարած աշխատանքը:

Այս մասին նա հայտարարել է Քաղաքաշինության նախարարություն կատարած այցի ժամանակ:

Ինչ-խոսք, Սերժ Սարգսյանի խոսքում հակասությունն ակնհայտ է: Եթե Հայաստանն իսկապես մամուլի ազատության տեսանկյունից առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում, ապա «ցեխ շպրտելու» եւ «սեւացնելու» դեմ բողոքելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Իսկ եթե բողոքում ու դժգոհում ես, ուրեմն՝ մամուլի ազատության մասին խոսք լինել չի կարող:

Ի դեպ, ըստ նշված կազմակերպության, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշներով առաջ է Մոզամբիկից. Հայաստանը գրավում է 78-րդ հորիզոնականը, իսկ Մոզամբիկը՝ 79-րդը:

Բայց այս մասին չէ խոսքը: Կարեւոր է նկատել, թե որքանո՞վ է իրականում ազատ մամուլը Հայաստանում: Եթե լրատվական դաշտի 95 տոկոսը գործում է Բաղրամյան 26-ի եւ կառավարության հոգատար «թաթի» տակ, դրա մի մասը ներկայանում է իբրեւ «ազատ» եւ «ընդդիմադիր» լրատվամիջոց, սակայն իշխանական մամուլից ավելի սրբորեն է կատարում տերերի հրահանգները՝ նշանակում է Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով կարող է «ռեկորդակի՞ր» համարվել:

Դա ընդամենը պատրանք է, ինչն էլ իբրեւ իրականություն արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ թույլ տալով Սերժ Սարգսյանին իրեն վերագրել այդ «լուրջ ձեռքբերումը»:

Այո՛, կարող ենք Սերժ եւ Տիգրան Սարգսյանների համար լուրջ ձեռքբերում համարել այն, որ վճարում եւ վերահսկում են լրատվական դաշտի մեծ հատվածը՝ վերջինիս հանձնարարելով գրել, թե երբ եւ ում դեմ ինչ կարելի է գրել, ինչպես պետք է ներկայացնել այս կամ այն խնդիրը, քաղաքական գործընթացը, իրադարձությունները, իշխանական թեւրից որին պետք է հանել մյուսի դեմ եւ այլն: Իսկ սեփական որոշումների ծանր հետեւանքներն էլ բարդել ոչիշխանական ուժերի վրա:

«Ստամբուլում ֆայտոն շուռ գա, դրա մեղավորները ոչ իշխանական ուժերն են» մոտիվներով էլ շարունակում են գրել «ազատ» լրատվամիջոցները:

Ինչեւէ, մամուլի ազատության առաջատարության վրա ուրախանալուց հետո Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»:

Իսկ հետաքրքիր է, ի՞նչ աշխատանք է կատարել իշխանությունը, ի՞նչ է արել կառավարությունը անցած վեց տարիներին, որոնց վրա ցեխ են շպրտում կամ որոնք սեւացնում են «մասամբ նեղացածները»:

Երբ ասվում եւ գրվում է տնտեսության անկման, արտագաղթի վտանգավոր ծավալների կամ, աղքատության աճի մասին, ինչը իրականություն է, դա նշանակում է «ցեխ շպրտե՞լ»:

Շատ լավ է, որ Սերժ Սարգսյանը պատկան մարմիններին հրահանգել է ակտիվորեն արձագանքել «ապատեղեկատվություն» տարածողներին:

Դե հիմա անհամբեր սպասում ենք Տիգրան Սարգսյանի արձագանքին, ով գուցե վերջապես բացատրի եւ հիմնավորի իր կապը օֆշորային սկանդալի հետ: Նույնքան ակտիվորեն թող պարզաբանի, թե ինչու է 17 միլիոն դոլար վատնել գյուղական թեմայով «մաստեր-կլասների» վրա (գուցե կովերը կանաչ դոլարները շփոթել են կանաչ խոտի հետ ու կերե՞լ են): Թող բացատրի, թե ինչպես է աղքատության նման բարձր ցուցանիշների պայմաններում թանկարժեք չվերթներից օգտվում՝ դրանց վրա վատնելով հարյուր հազարավոր դոլարներ: Թող ասեն, թե ովքեր են Որոտանի կասկադի իրական գնորդներն ու ինչպիսի կապ ունեն նրանք Սերժ Սարգսյանի հետ։

Շատ բան կա պարզաբանելու եւ բացատրելու: Խնդրեմ, թող արձագանքեն՝ այդպիսով գուցե իշխանությանը հաջողվի «հասարակական աջակցություն» ձեռք բերել, ինչը երբեք չեն ունեցել: Եվ չեն ունեցել ոչ թե «ցեխ շպրտողների» մեղքով, այլ հենց կառավարության անգործության պատճառով:

Եթե մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը ոչ ոք չգիտեր «արեւմտամետ» Սերժ Սարգսյանի իրական ծրագրերի մասին, ով մեկ օրում երես թեքեց 3 տարի բանակցած ԵՄ Ասոցացման համաձայնագրից եւ Հայաստանը տարավ Մաքսային միության ուղղությամբ, ապա այդ ամենի մասին գրելն ու խոսելը «ցեխ շպրտել» ու «սեւացնե՞լ» է նշանակում:

Ի դեպ, իր այս քայլն էլ մինչ օրս Սերժ Սարգսյանը չի բացատրել, հրապարակավ որեւէ հիմնավորմամբ հանդես չի եկել: Գուցե առաջին հերթին հենց ի՞նքը հանրությանը ներկայացնի սեփական որոշումների ու քայլերի տրամաբանությունը եւ փորձի հիմնավորել դրանք, ինչը չի արել երբեք: Ամեն ինչ արել է գաղտնի եւ հարկ չի համարել գոնե հետագայում պարզաբանել, թե իր այս կամ այն որոշումը որքանով է ճիշտ կամ հնարավոր է հետագայում «կոչենք պատմական»:

Եթե հաշվետու չես, ավելին՝ արհամարհում ես հանրությանը, ապա նրանից աջակցություն ակնկալել հնարավոր չէ: Անգամ «ցեխ շպրտողներից» ու «սեւացնողներից» պաշտպանվելու ճանապարհով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը